Իրավունք

Բանտերում գտնվողներին էլ զրկեցին հոգեւոր-կրոնական աջակցությունից

Բանտերում գտնվողներին էլ զրկեցին հոգեւոր-կրոնական աջակցությունից

«Հրապարակը» ապրիլի 2-ին գրեց. «Հերթը հասավ ՔԿՀ-ի հոգեւորականներին», որ Հայ Առաքելական եկեղեցու Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին արգելել են այցելել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` այն դեպքում, երբ վերջինս 15 տարի շարունակ այցելել է քրեակատարողական հիմնարկներ, մատուցել հոգեւոր-կրոնական ծառայություններ ազատազրկման եւ կալանքի վայրերում գտնվող անձանց համար։

Անդրադառնանք, թե միջազգային իրավունքի տեսակետից որքանով է իրավաչափ ազատազրկման վայրերում գտնվողներին՝ կալանավորվածներին եւ դատապարտյալներին իրենց հոգեւոր-կրոնական պահանջմունքների բավարարումից զրկելը։ Նշենք, որ խոսքի, խղճի, կրոնի ազատությունը մարդու հիմնարար, բնական ու անօտարելի իրավունքներից մեկն է` ճանաչված միջազգային իրավունքի կողմից եւ այն գործում է նաեւ ազատազրկման պարագայում։ Այսինքն՝ այն անձինք, ովքեր գտնվում են ազատազրկման վայրերում պահպանում են բազային բոլոր իրավունքները, որոնք հատուկ են մարդուն եւ դա ներառում է նաեւ կրոնական-հոգեւոր պահանջմունքների բավարարման իրավունքը։ Միջազգային իրավական համակարգը եւ ՄԻԵԴ պրակտիկան ձեւավորում է այն երաշխիքների համակարգը, որն ուղղված է այդ իրավունքի ապահովմանը։

Ըստ այդմ՝ 1948 թվականին ընդունված ՄԱԿ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 18-րդ հոդվածը երաշխավորում է, որ յուրաքանչյուր մարդ ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք, ներառյալ նաեւ՝ իր կրոնը անհատապես կամ խմբային եղանակով դավանելու, արտահայտելու իրավունքը։ Սա բնական ու անօտարելի իրավունք է եւ ենթակա չէ սահմանափակման։ 1966 թվականին ընդունված Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի (ICCPR) 18-րդ հոդվածն էլ երաշխավորում է յուրաքանչյուրի մտքի, խղճի եւ կրոնի ազատության, ներառյալ նաեւ՝ իր կրոնը դավանելու ազատության իրավունքը: ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեն էլ ընդգծել է, որ այդ իրավունքը տարածվում է նաեւ ազատազրկման վայրերում գտնվող անձանց վրա։ Ավելին, Դաշնագրի 10-րդ հոդվածը սահմանում է, որ ազատազրկման վայրերում գտնվող անձանց նկատմամբ պետք է կիրառվի հումանիզմ։ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի ECHR-ի 9-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի կրոնի և համոզմունքների ազատություն, եւ այդ իրավունքը ներառում է կրոնը դավանելու, ուսուցանելու, ծիսակատարությունների մասնակցելու իրավունքը։ Կոնվենցիայի մեկնաբանության մեջ նշված է, որ ազատազրկման վայրերում գտնվող անձինք շարունակում են օգտվել իրենց բոլոր հիմնարար իրավունքներից, բացառությամբ ազատության իրավունքը, որը օրինականորեն սահմանափակված է։

Ի՞նչ է սա նշանակում։ Այն, որ պետությունը ոչ միայն պարտավոր է չխոչընդոտել ազատազրկման վայրերում գտնվողների կրոնական կյանքին, այլ հակառակը՝ պարտավոր է ապահվել պայմաններ կրոնական կյանքի կազմակերպման եւ իրականացման համար։ ՄԱԿ-ի՝ Ազատազրկման վայրերում գտնվողների նկատմամբ վերաբերմունքի նվազագույն չափանիշների կամ Նելսոն Մանդելայի կանոնները (UN Standard Minimum Rules for the Treatment of Prisoners) սահմանում են, որ ազատազրկման վայրում գտնվողները պետք է իրավունք ունենան դավանելու իրենց կրոնը, նրանց համար իրենց կրոնի սպասավորների հասանելիությունը պետք է ապահովված լինի, պետք է հնարավորություն ունենան մասնակցելու կրոնական ծիսակատարություններին, նաեւ կրոնական գրականություն ստանան։ Եվրոպայի խորհրդի բանտային կանոնները (European Prison Rules) սահմանում են, որ ազատազրկման վայրում գտնվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի բավարարելու իր կրոնական պահանջները եւ պետք է ապահովվի կրոնական գրականությամբ և հոգևոր-կրոնական աջակցությամբ: Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի կրոնի ազատության իրավունք եւ դա ներառում է կրոնի դավանումը, ուսուցանումը եւ ծիսակատարությունների կատարումը։ Սահմանափակում թույլատրելի է միայն այն դեպքում, երբ օրենքով է նախատեսված եւ անհրաժեշտ է դեմոկրատական հանրության համար։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ-ը, բազմիս ընդգծել է, որ եթե անձը գտնվում է ազատազրկման վայրում, դա չի նշանակում, որ նա կորցնում է իր կրոնական ազատությունը։ Ազատազրկման վայրում գտնվողների նկատմամբ կարող են կիրառվել միայն այն սահմանափակումները, որոնք անհրաժեշտ են ազատազրկման վայրի կարգուկանոնի եւ անվտանգության ապահովման համար։ Իր կայացրած նախադեպային որոշումներով՝ ՄԻԵԴ-ը մշակել է ընդհանուր մոտեցումներ, որոնց համաձայն, ազատազրկման վայրերում գտնվողները պահպանում են բոլոր իրավունքները, ներառյալ կրոնական ազատության իրավունքը, բացառությամբ այն իրավունքների, որոնք անխուսափելիորեն սահմանափակվում են ազատազրկման իրողությամբ, պետությունները պարտավոր են ապահովել հավասարակշռություն ազատազրկման վայրում գտնվողների իրավունքների եւ ազատազրկման վայրի ռեժիմի եւ կարգապահության միջեւ։ Ցանկացած սահմանափակում պետք է լինի համաչափ։

«Պոլտորոցկին ընդդեմ Ուկրաինայի»՝ 2003 -ին քննված գործում, ՄԻԵԴ-ը գտել է, որ խախտվել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը, երբ ազատազրկման վայրում գտնվողին մերժել են ապահովել իր կրոնի սպասավորի այցելությունը։ Դատարանը սահմանել է, որ պետությունը պարտավոր է ապահովել իրական հնարավորություն՝ կրոնի ազատության իրավունքի իրացման համար։ Այս մեջբերումները բավարար են, որպեսզի պարզ լինի, թե տեղի ունեցածը որքանով է «իրավաչափ» ու համապատասխան միջազգային օրենքներին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image