Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա նիստում դարձյալ դժգոհեց իր «կիրթ եւ կառուցողական» ընկերոջից, որ նա նորից լարել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ու սադրանքներ է հրահրում։ Հետո էլ բողոքեց, թե Ադրբեջանը սադրում է՝ մեր վրա գցում։ Ուստի, որպեսզի այլեւս իրար չմեղադրեն իրադրությունը սադրելու մեջ, ու միջազգային հանրությունն այդպես էլ չիմանա՝ ով էր մեղավոր, ով առաջինը սադրեց, Ալիեւի ոչ պակաս «կիրթ ու կառուցողական» ընկերը երեկ հուսահատ մի լուծում առաջարկեց։
Լուծումը հետեւյալն է․ պատերազմից հետո իր թեթեւ ձեռքով մի քանի հարյուր կմ-ով երկարած հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով ռուս սահմանապահներ, ինչպես նաեւ ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելություն տեղակայել։ Այսինքն՝ Հայաստանի սահմանների պաշտպանությունն ամբողջությամբ հանձնել Ռուսաստանին, վերահսկողությունն էլ՝ ՀԱՊԿ անդամ երկրներին։ «Ադրբեջանի եւ մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով: ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելության իրականացման անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ` ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը»,- հայտարարեց Փաշինյանը, ապա ավելացրեց․ «Առկա իրավիճակը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի։ Այս թեման պատրաստվում ենք քննարկել մեր ռուսաստանցի գործընկերների հետ»։
Նախ, հարց է առաջանում՝ արդյոք նա այս հարցը քննարկե՞լ է իր ռուս գործընկերների հետ, թե՞ ինքնագլուխ է որոշել Հայաստանի սահմանների պաշտպանությունն ամբողջությամբ հանձնել Ռուսաստանին։ Եվ արդյոք Ռուսաստանը պատրա՞ստ է նման առաքելություն ստանձնել։ Պարզվեց՝ ռուսների համար սա անակնկալ է եղել, առնվազն այս պահին դրական պատասխան չեն կարող տալ։ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն այս թեմայով «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է․ «Նման հարցերը, որպես կանոն, լուծվում են առանց աղմուկի: Մամուլի ներկայությամբ բաց հարթակներում հայտարարություններն արվում են այն ժամանակ, երբ անհրաժեշտ է որոշակի քաղաքական միավորներ վաստակել»։
Իսկ ՏԱՍՍ գործակալությանը տված մեկնաբանության մեջ էլ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նրբորեն շրջանցել է եւ ուղիղ չի մեկնաբանել Փաշինյանի այս հայտարարությունը՝ նշելով․ «Երեկ սրացում էր տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, դուք գիտեք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները մեծ ջանքեր էին գործադրել հրադադարի ռեժիմը վերականգնելու համար: Աշխատանքը շարունակվում է, Ռուսաստանը շարունակում է շփումները Երեւանի եւ Բաքվի հետ՝ եռակողմ համաձայնագրերի լիարժեք իրականացումն ապահովելու համար»։
Ամենահետաքրքիրը, սակայն, ՀԱՊԿ-ին ուղղված տեքստն է։ ՀԱՊԿ-ն կոլեգիալ մարմին է՝ բաղկացած հինգ երկրներից (Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան եւ Տաջիկստան)։ Եվ նման որոշումները պետք է կայացվեն հինգ երկրների համաձայնությամբ՝ կոնսենսուսով։ Նրանցից որեւէ մեկի վետոյի պարագայում որոշումը չի ընդունվում։ Հայտնի է, որ այս հինգ երկրներից ոչ բոլորն են, մեղմ ասած, մեր սրտանց բարեկամը։ Ավելին, նրանցից ոմանք ավելի շատ Ադրբեջանին են բարեկամ եւ եղբայր համարում, քան Հայաստանին։ Ուստի, ամենայն հավանականությամբ, նրանք կմերժեն Հայաստանի այս առաջարկը՝ ավելորդ ռեսուրս ծախսել եւ մոնիտորինգային ուժեր տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը նման բան հայտարարելուց առաջ պետք է նախ ստացած լիներ գոնե Ռուսաստանի, մեծ հաշվով՝ նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների բանավոր համաձայնությունը, որպեսզի գործընթաց սկսվեր։ Բայց նա դա չի արել։ Ու, վստահաբար, նաեւ քաջ գիտակցում է, որ ՀԱՊԿ-ում իր առաջարկին կողմ չեն լինի՝ կմերժեն։ Հետեւաբար, ո՞րն է նման առաջարկությամբ հանդես գալու նպատակը, եթե մեծ է հավանականությունը, որ այն կմերժվի եւ նախապես համաձայնեցված չէ գործընկերների հետ։
Փորձագետները կարծում են, որ Փաշինյանն այս հայտարարությունը հատուկ է արել, որպեսզի ՀԱՊԿ-ի կողմից մերժվելու դեպքում նախ դիմի Մինսկի խմբի անդամ երկրներին, ապա հայտարարի ՀԱՊԿ-ի՝ մեզ համար ոչ օգտակար եւ ոչ արդյունավետ կառույց լինելու մասին ու լեգիտիմ հիմք ստեղծի՝ դադարեցնելու Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Սրան, բնականաբար, չի հետեւելու անմիջապես ՆԱՏՕ-ին անդամակցումը, եւ անգամ ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրներից դժվար թե խաղաղապահներ գան, կամ ԱՄՆ-ն ու Եվրոպայի անվտանգության կառույցները մեզ տիրություն անեն։ Բայց Ռուսաստանից պոկվելու եւ դեպի Արեւմուտք ու Թուրքիա գնալու պրոցեսը կարագանա։ Նաեւ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնություն կնքելու, նրա տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցն ավելի լուծելի կդառնա եւ հայ հասարակության կողմից ավելի մարսելի։
Եթե մեկ բառով ձեւակերպենք, ապա Փաշինյանը երեկվա իր հայտարարությամբ փաստացի սադրում էր ՀԱՊԿ-ին, որ հետո հիմք ստեղծի այդ կառույցից դուրս գալու համար։