Քաղաքականություն

Ժողովրդին ասելիք չունեն

Ժողովրդին ասելիք չունեն

«Հրապարակ»-ը դեռ հունիսի 26-ին փոխվարչապետ, սահմանազատման եւ սահմանագծման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակ հարցում էր ուղարկել՝ խնդրելով նշել, թե ինչ փուլում են գտնվում սահմանազատման գործընթացն իրականացնելու կանոնակարգի մշակման աշխատանքները, երբ է այն ներկայացվելու ներպետական վավերացման։ Արդյո՞ք հաջողվել է Ադրբեջանի հետ համաձայնության հասնել կանոնակարգի մշակման հարցում։ Մհեր Գրիգորյանին նաեւ հարցրել էինք՝ ի՞նչ սկզբունքներ են դրված կանոնակարգի հիմքում, ո՞ր հատվածներում է նախատեսվում շարունակել սահմանազատման և սահմանագծում գործընթացը, ՀՀ ո՞ր մարզի տարածքում և ի՞նչ ժամկետներում։ 

Փոխվարչապետի գրասենյակը հարցմանը պատասխանել է այսօր՝ բառացի կրկնելով այն տեքստը, որը հաղորդագրության տեսքով հրապարակել էր հուլիսի 1-ին՝ կանոնակարգի մշակման համար Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության մեջ ֆիքսված վերջնաժամկետի օրը։ 

«Ի պատասխան Ձեր հարցման, հայտնում ենք, որ ինչպես նշվել է ս.թ. հուլիսի 1-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության մեջ, համապատասխան պայմանավորվածությունների համաձայն՝ Հանձնաժողովներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքներ: 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը եւ անցկացրել են մի շարք քննարկումներ: Բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով։ Նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը: Մնացած հարցերը կպարզաբանվեն առաջիկայում»:

Հաստատ 5 օր պետք չէր ձգել, կիսատ ու բովանդակային առումով ոչինչ չասող պատասխանն ուղարկելու համար։

«Հրապարակ»-ի մյուս հարցերին, որոնք վերաբերում են գործընթացի հաջորդ փուլերին, ուղիղ պատասխան չի տրվել։ Նշել են, թե մնացած հարցերը կպարզաբանվեն առաջիկայում։

Ակնհայտ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ գործընթացները գաղտնիության շղարշի ներքո են՝ ժողովրդից թաքուն։ Ակնհայտ է նաեւ, որ Ադրբեջանի՝ նորանոր պահանջների ու վերջնագրերի ներքո հայկական կողմը ուղղակի չի տիրապետում իրավիճակին եւ իր հանրությանը, պարզապես,  ասելիք չունի։ Փաստացի, իրենց իսկ ֆիքսած ժամկետը լրացել է ու կանոնակարգը չկա եւ հայտնի էլ չէ, թե երբ կլինի կամ առհասարակ կլինի, թե ոչ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image