Քաղաքականություն

Արդյո՞ք ԱՄՆ փոխնախագահը Հայաստան է ժամանում ընտանյոք

Արդյո՞ք ԱՄՆ փոխնախագահը Հայաստան է ժամանում ընտանյոք

Քիչ առաջ ՀՀ կառավարությունից վերջապես հայտարարություն տարածեցին այն մասին, որ այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս  Դեյվիդ Վենսը՝ տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ։ Ենթադրելի է, որ Հայաստան են ժամանում ոչ միայն ԱՄՆ փոխնախագահը եւ երկրորդ տիկինը, այլեւ իրենց երեխաները՝ Էվանը, Վիվեկը եւ դուստրը՝ Միրաբելը։ Ենթադրության հիմքն այն է, որ Վենսը Հայաստան է ժամանում Իտալիայից, որտեղ ԱՄՆ փոխնախագահի ընտանիքը փետրվարի 6-ից մասնակցում էր Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, այնուհետ ընտանյոք հետեւում էին խաղերին, հանդիպում էին ամերիկյան մարզիկներին եւ այլն։

Ի դեպ, փոխնախագահի պաշտոնում Հայաստանը երեւի 3-րդ կամ 4-րդ երկիրն է, որ Ջեյ Դի Վենսը պաշտոնապես այցելում է։ Նա երեք անգամ եղել է Իտալիայում՝ անցյալ գարնանը, երբ Ֆրանցիսկոս Պապը երկարատեւ բուժումից հետո դուրս էր գրվել հիվանդանոցից, կյանքի վերջին օրերին  Վենսը Վատիկանում Պապին հանդիպեց։ Երկրորդ անգամ Ջեյ Դի Վենսը Իտալիայում էր՝ դարձյալ Վատիկան այցի առթիվ՝ արդեն Լեւոն XIV պապի գահակալման արարողությանը մասնակցելու։ Այժմ երրորդ անգամ Իտալիայում էր Օլիմպիական խաղերի կապակցությամբ՝ ընտանյոք հանդերձ, որտեղից էլ ժամանում է Հայաստան։

Իտալիայից բացի պաշտոնական այցով ԱՄՆ երկրորդ ընտանիքը եղել է անցյալ ամռանը Հնդկաստանում, որտեղ երեխաներն ուղեկցել են ծնողներին։ Վենսի վերջին օտարերկրյա այցը եղել է 2025-ի աշնանը, նա այցելել է Սուրբ երկիր, եղել է Երուսաղեմում։ Վենսը գնացել է քրիստոնեության սրբության սրբոցը՝ Սուրբ Հարության տաճարը Հին Երուսաղեմում, որի 1/3-ի իրավատերը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին է ի դեմս Երուսաղեմի Հայոց Պատրիարքության։

Սուրբ Հարության տաճարից հետո այժմ Ջեյ․ Դի․ Վենսը ժամանում է քրիստոնեության գլխավոր սրբավայր երկրիը՝ Հայաստան, որտեղ ոչ միայն քրիստոնեությունն առաջինն է պետական կրոն հռչակվել, այլեւ Հիսուսի թելադրած միակ նամակն իր կյանքում հայոց Աբգար արքային է ուղղված եղել եւ երկրային կյանքի ընթացքում իր դեմքից վերցված միակ պատկերը կտավի վրա Հիսուսը դարձյալ Հայաստան է ուղարկել՝ Եդեսիա։ Ոչ մի այլ երկիր աշխարհում այնքան խոր կապեր չունի Հիսուսի եւ նրա ուսմունքի հետ որքան Հայկական բարձրավանդակը եւ Մեծ Հայքը։ Այդքանով էլ այցը Հայաստան, որը Մեծ Հայքի մի հատվածն է միայն զբաղեցնում այսօր, սակայն կարեւորագույն հատվածը՝ իր 6- հազարամյա Էրեբու-Էրեբունի-Երեւան մայրաքաղաքով, չի կարող մեծագույն պատիվ եւ կյանքի իրադարձություն չլինել հնդեվրոպական քաղաքակրթության ակունքներին հաղորդակից եւ քրիստոնեական ինքնագիտակցություն ունեցող ցանկացած անհատի համար։

Հնդեվրոպական քաղաքակրթության եւ քրիստոնեության օրրան Հայաստանն այն սրբավայր-երկիրն է, որտեղ այցն անկասկած նշանակալի իրադարձություն է լինելու եվրոպական եւ քրիստոնեական ավանդական արժեքների ջատագով եւ մարտիկ Ջեյ Դի Վենսի համար՝ անկախ Նիկոլ Փաշինյանի անձից եւ նրա նկատմամբ վերաբերմունքից։ 

Հ․ Գ․ ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում՝ ավելի ցածր մակարդակի այցերով Ջեյ Դի Վենսը Գերմանիայում մասնակցել է Մյունխենի 2025թ-ի Անվտանգության համաժողովին՝ կանգ առնելով նաեւ Ֆրանսիայում, մասնավոր այցով եղել է Միացյալ Թագավորությունում եւ այցելել է Գրենլանդիայում ԱՄՆ ռազմաբազա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image