Հասարակություն

Աբովյանի ավագ դպրոցից մոտ 100 աշակերտ հեռացել է․ ճգնաժամ է

Աբովյանի ավագ դպրոցից մոտ 100 աշակերտ հեռացել է․ ճգնաժամ է

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցը հայտնվել է խորը ճգնաժամում։ Դպրոցի ուսուցիչների և աշակերտների կողմից մերժված Քարմիլե Առաքելյանի՝ տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո մեծ թվով աշակերտներ են հեռացել դպրոցից։

Բացի այդ, Առաքելյանն աշխատանքից ազատել է դպրոցի փոխտնօրեններին, ուսուցիչների մի մասին, որոշ ուսուցիչներ և աշխատակիցներ, իրավիճակից ելնելով, ազատման դիմում են գրել ու հեռացել։

Աշխատանքից ազատված ուսուցիչ Հայկ Փայտյանը («Պատմություն» առարկայի ուսուցիչ, պատմաբան) «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ նրանց թվում են՝ Մասնագիտացված կրթական աջակցությունների գծով փոխտնօրեն Մարիա Հանիսյանը («Հասարակագիտություն»), տնօրենի ուսումնական աշխատանքի գծով փոխտնօրեն Արմեն Ավագյանը (Որպես «Պատմության» ուսուցիչ դեռ մնում է), Մետաքսյա Բաբայանը («Պատմության», դպրոցի նախկին տնօրեն, ով նաև տնօրենի ընտրություններում Առաքելյանի մրցակիցն էր), Էդգար Գրիգորյանը («Ռազմագիտություն»), Կարինե Գրիգորյանը («Հայոց լեզու և գրականություն»), Արա Արսենյանը («Ֆիզկուլտուրա»), Անահիտ Սողոմոնյանը («Մաթեմատիկա»), դպրոցի տնտեսվար Նունե Քամալյանը, դպրոցի վարպետ Մհերը։

«Պատմություն» առարկայի ուսուցիչ Հայկ Փայտյանը, ով նույնպես ազատման ծանուցում է ստացել մոտ 10 օր առաջ, «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ազատված ուսուցիչներով դատարան են դիմել Առաքելյանի դեմ։

«Այսօր էլի մի քանի հոգի ծանուցում են ստացել։ Այդ ամեն ինչի մասին մենք պատրաստվում ենք մեկ-երկու օրից մամուլի ասուլիս տալ։ Ասելու ենք, թե ինչ արեց նախարարությունը, ինչ է անում ընդհանրապես կառավարությունը դպրոցների մասով, կոնկրետ մեր դպրոցի հարցով», - նշեց Փայտյանը։

Ինչ վերաբերում է դպրոցում գործադուլին ու դասադուլին, ապա ուսուցիչն ասաց, որ մոտ 100 աշակերտ տեղափոխվել է դպրոցից։ «Իմ վերջին տեղեկություններով՝ ամեն մի դասարանից մինչև 6-7 հոգի աշակերտ է գալիս դպրոց։ Դպրոցն արդեն կոմպլեկտավորման խնդրի առջև է կանգնել, որովհետև դասարաններն արդեն քչացել են, 1/3-ը դուրս է եկել։ Մոտ 50 աշակերտ էլ Աբովյանում գնալու տեղ չունի, 6-րդ դպրոցում, 11-րդ դպրոցում տեղ չկա։ Երեխաները սպասում են լիցենզավորման, որ գնան։ Իմ երեկվա տեղեկություններով՝ այդպես է։ Մոտ 250 աշակերտ գնում է դասի, բայց խառը՝ 5, 10 հոգով, խառը դասարաններով»։

Դպրոցում նաև դասավանդվող առարկաների ուսուցիչների պակաս է առաջացել, իսկ մի մասի փոխարեն Առաքելյանն արդեն այլ ուսուցիչների է ընդունել աշխատանքի։  «Դեռևս նրանց, ում պետք է նոր հեռացնի կամ երեկ է հեռացրել, փոխարինող չի գտել։ Օրինակ՝ «Քիմիայի» ուսուցչուհին գործադուլի մեջ է, նրան չի հեռացնում, որովհետև «Քիմիայի» մասնագետ չի գտել։ Դպրոցի ուսուցիչների 60 տոկոսը նոր է։ Փոխտնօրենները, «Պատմության» ուսուցիչները, «Գրականության» ուսուցչուհի պետք է ընդունի, «Քիմիայի», «Ֆիզկուլտուրայի», «Հասարակագիտության», «Մաթեմատիկայի»», - ընդգծեց Հայկ Փայտյանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը վերջերս այցելել էր դպրոց։ Հանդիպմանն ուսուցիչներն առաջարկել էին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել՝ մինչ իրավիճակի հանգուցալուցումը։ Փայտյանն ասաց, որ այս մասով նախարարությունը որևէ բան չի պատասխանել դեռևս։

 «Ոչ մի արձագանք։ Թքած ունեն։ Ավելին, նրա նոր օրենք [«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծ] ընդունեցին, ըստ որի՝ կառավարման խորհրդի 8 անդամը դարձավ 9-ը։ Ու իբր թե իրենք ասում են, որ «ավելացնենք ծնողների և ուսուցիչների մասնակցությունն ընտրություններին», լրիվ հակառակն են արել։ Այդ դեպքում արդեն 5 անդամը լինելու է մարզպետարանից ու նախարարությունից, այսինքն՝ 5/4-ի։ Բոլոր դպրոցները մեր դպրոցի ավելի բարդ իրավիճակում են լինելու։ Որովհետև 5 հոգի լինելու են իրենց մարդիկ, ում ուզեն, անցկացնելու են։ Չկա այլևս ուսուցիչների մասնակցություն, կամ աշակերտների կամ ծնողների մասնակցություն, որոշողն իրենք են լինելու։ ըստ էության, դպրոցի տնօրենը դառնում է ոչ թե ընտրովի, այլ՝ նշանակովի։ Ու նշանակում են իրենք», - շեշտեց նա։

Հարցին՝ այս օրենքի հետ կապված դիմե՞լ են Մարդու իրավունքների պաշտպանին կամ այլ կառույցների, պատասխանեց, որ ՄԻՊ դիմել են մի քանի անգամ, նաև՝ նախարարություն, կառավարություն։ «Էլ չգիտեմ՝ ինչ պետական մարմին կա, մենք գնանք, դրանց դիմենք»։

Մոտ 15 օր առաջ նաև որոշ ուսուցիիչներ դատախազություն են դիմել մի գործով։  «Դպրոցից ուսուցիչների անձնական ինֆորմացիայի դուրս բերում, արտահոսք է տեղի ունեցել։ Մի «Ռեգինա Պռազյան» ֆեյք կար, նույնիսկ անձնական նկար է դպրոցից դուրս եկել։ Հիմա դա են դատախազությունում փորձում հասկանալ։ Դատախազությունից դեռևս չեն պատասխանել։ Դրա համար եմ ասում, որ չկա մի մարմին, որ դիմած չլինենք։ Որևէ արձագանք չկա։ Հայաստանում էլ այդպիսի մարմին չենք իմանում, ուր կարելի է դիմել», - եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ հունվարի վերջին Աբովյանի ավագ դպրոցում ճգնաժամ է սկսվել այն բանից հետո, երբ ԿԳՄՍ նախարարի հրամանով դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակվել էր Քարմիլե Առաքելյանը, ով հավասար ձայներ էր հավաքել Մետաքսյա Բաբայանի հետ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image