Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկացա, որ Նաիրա Վլադիկի Մարտիրոսյանը դիմել է Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին՝ Դիլիջանի Մյասնիկյան փողոց, թիվ 37/4 հասցեի՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող 1200 քմ հողամասին կից (Շարամբեյան փողոց, թիվ 9/1 հասցեի) 230 քմ մակերեսով հողամասն ընդլայնման կարգով իրեն օտարել: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության եւ հողաշինության հարցերի հանձնաժողովը նշել է, որ այդ 230 քմ հողամասը չի համարվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում, եւ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ նշված հողամասն ուղղակի վաճառքի ձեւով, ընդլայնման կարգով, 2 միլիոն 418 հազար 174 ՀՀ դրամ արժեքով օտարել Նաիրա Մարտիրոսյանին:
Նոյեմբերի 7-ին համայնքի ավագանին համաձայնություն է տվել այդ առաջարկությանը: Ավագանու նիստում այդ հարցի քվեարկությանը մասնակցել է ավագանու 11 անդամ, որից 10-ը կողմ է եղել համայնքի ղեկավարի առաջարկությանը, իսկ «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արմենուհի Մաիլյանը ձեռնպահ է քվեարկել։
ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Շարամբեյանը մեծ աշխատանք է կատարել ժողովրդական արվեստի պահպանման եւ զարգացման ուղղությամբ։ Շարամբեյանն ավելի քան երեսուն տարի աշխատել է Դիլիջանի հին փողոցի վերականգնման վրա՝ մասնակցելով նախագծմանը, լուծելով կազմակերպչական հարցեր, ստեղծելով շենքերի մանրամասն էսքիզներ։ Հենց Հին Դիլիջանում է գտնվում Շարամբեյան փողոցը։ Մյասնիկյան փողոցը, որտեղ սեփականության իրավունքով 1200 քմ հողամաս ունի Նաիրա Մարտիրոսյանը, քաղաքի կենտրոնական փողոցն է։ Իսկ ո՞վ է Նաիրա Մարտիրոսյանը։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի ընտրողների ռեգիստրում որոնում տալով՝ տեղեկանում եմ, որ 1961թ․ ծնված Նաիրա Վլադիկի Մարտիրոսյանը Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Եզնիկ Կողբացի փողոցի բնակիչ է։ Երեւանի կենտրոնի բնակիչը, Դիլիջանի կենտրոնում իր ունեցած 1200 քմ հողամասից զատ, ընդամենը 2 միլիոն 418 հազար դրամով տուրիստական քաղաքի ամենակենտրոնում ձեռք է բերել 230 քմ հողամաս, որի շուկայական գինն առնվազն մի քանի անգամ գերազանցում է 2 միլիոն դրամը։ Դիլիջանի համայնքապետն ու ավագանին այդ հողամասն աճուրդով չեն վաճառել, այլ ուղղակի վաճառքով, ընդլայնման կարգով, կադաստրային գնով օտարել են Երեւանի բնակչին, ինչի հետեւանքով համայնքի բյուջե չեն մտել միլիոնավոր դրամներ։
Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ընդդիմադիր ժամանակ հայտարարում ՝ կոռուպցիան հո պոզով-պոչով կենդանի չէ՞, կոռուպցիան հենց սա է։ Համայնքի ղեկավար Դ․ Սարգսյանը կոռուպցիայից հեռու չէ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նրան ընդամենը մեկ տարի առաջ՝ 2024թ․ նոյեմբերին, տուգանել է 300 հազար դրամով՝ շահերի հնարավոր բախման մասին հանձնաժողովին գրավոր չտեղեկացնելու համար։ 2024 թ․ մայիսին նույն՝ Դիլիջանի համայնքապետարանը դեպի Իջեւան տանող ճանապարհին գտնվող հողակտորն օտարելու համար աճուրդ է հայտարարել, որին միայն ՔՊ-ական համայնքապետի եղբայրը՝ Սասուն Սարգսյանն է մասնակցել եւ հաղթել է մեկնարկային ամենացածր գնով: «Արու» համայնքապետը, փաստորեն, արուին վայել ախորժակ էլ ունի։