Հասարակություն

Իսրայելում հակաքրիստոնեական հարձակումներ հայերի դեմ. Զեկույց 

Իսրայելում հակաքրիստոնեական հարձակումներ հայերի դեմ. Զեկույց 

Կրոնական ազատության տվյալների կենտրոնը (RFDC) հրապարակել է իր եռամսյակային «Իսրայելում քրիստոնյաների դեմ միջադեպերը» զեկույցը: Զեկույցում նշվում է, որ Երուսաղեմի Հին քաղաքում ատելության հողի վրա կատարված հանցագործությունների 50%-ը տեղի է ունեցել Հայկական թաղամասում՝ թիրախավորելով ինչպես հայ հոգևորականներին, այնպես էլ քաղաքացիական անձանց։ Գրանցված միջադեպերի 64%-ը տեղի է ունեցել Հին քաղաքի պարիսպների ներսում, որոնց կեսը կենտրոնացած է եղել Հայկական պատրիարքարանի շուրջ, որն ամենահաճախ թիրախավորված քրիստոնեական վայրն է դարձել: 

Միջադեպերի ժամանակ հայ քրստոնյաների վրա թքել են, վիրավորանքներ ու հայհոյանքներ տվել, ներխուժել, սրբավայրեր պղծել, գրանցվել են նաև վանդալիզմի դեպքեր: Զոհերի թվում եղել են հայ, ֆրանցիսկյան, ուղղափառ և կաթոլիկ հոգևորականներ, ինչպես նաև քրիստոնյա քաղաքացիական անձինք: Շատ միջադեպեր գրանցվել են երթերի, արարողությունների կամ կրոնական հագուստով քայլելու ժամանակ: Մեկ դեպք վերաբերում է հայ հոգևորականներին հրկիզելու սպառնալիքներին, մի քանիսը՝ հայհոյանքներով ու բանավոր սպառնալիքներով հարձակումներ և արհամարհանքի ժեստեր են: 

2025 թվականի հունվարից ի վեր ոստիկանություն ներկայացված 22 գործից միայն երկուսն է հանգեցրել քրեական հետապնդման, 6 գործ փակել են, իսկ 14-ը` սառեցվել: Այս հարձակումների ֆոնին Քնեսեթի պատմության մեջ առաջին անգամ 2025 թվականի մայիսի 2-ին Քնեսեթի անդամ Գիլադ Քարիվի նախաձեռնությամբ նիստ է գումարվել, որին ներկա են եղել նաև լատինական, հայկական, ուղղափառ, ղպտիական և անգլիկան եկեղեցիների ներկայացուցիչները, որոնք նույնպես ելույթ են ունեցել։ Առաջիկա ամիսներին նախատեսվում են նիստեր, որոնց ներկա կլինեն նաև Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչները: 

Եվ այսպես, միջադեպերի գրեթե 90%-ը չէր հայտնվի հանրության կամ իշխանությունների ուշադրության կենտրոնում՝ առանց այս կազմակերպության Թեժ գծի ներգրավվածության, քանի որ զոհերը հիմնականում չեն դիմում ոստիկանություն՝ բողոք ներկայացնելու վախի, հարցաքննության ընթացքում երկար սպասելու մտահոգությունների, թարգմանության դժվարությունների, իշխանությունների նկատմամբ վստահության պակասի և գործընթացն անիմաստ համարելու պատճառով: Վերջին 6 ամիսների ընթացքում բացված գործերի մեծ մասը իրականություն են դարձել Թեժ գծի կամավորների շնորհիվ: 

Այս զեկույցում արձանագրված միջադեպերի մոտավորապես երկու երրորդը տեսագրվել է կամ անմիջականորեն դիտարկվել և նշվել է Թեժ գծի կամավորների կողմից: Իսրայելցի քաղաքական ակտիվիստ և վերլուծաբան Յարոն Վայսի կարծիքով, Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների աճը կարող է կապված լինել Հայկական թաղամասում «Կովերի այգու» նկատմամբ վերահսկողություն ունենալու շարունակական փորձերի հետ։ 

Հիշեցնենք, որ Religious Freedom Data Center (RFDC)-ը՝ Կրոնական ազատությունների տվյալների կենտրոնը գործում է արդեն 3 տարի և հիմնադրվել է ու գործում է բացառապես իսրայելցի կամավորների ու ակտիվիստների անմիջական ներգրավվածության շնորհիվ, այն ֆինանսավորվում է առանձին քաղաքացիների կողմից և կապված չէ որևէ պետական կամ քաղաքական կազմկաերպության կամ անհատի հետ: Բողոքները հավաքագրվել են գործող «թեժ գծի» միջոցով: Այս կազմակերպությունն ուսումնասիրում է ոստիկանություն ներկայացված դիմումները, հարձակման զոհերին իրավաբանական աջակցություն են ցուցաբերում և օգնում են իրավունքների պաշտպանության հարցերում: RFDC-ն հիմնադրվել է 2023 թվականի հունիսին իսրայելցի ակտիվիստ, գիտնական և քրիստոնեական պատմության և միջկրոնական հարաբերությունների փորձագետ Յիսկա Հարանիի կողմից: Կենտրոնը ստեղծվել է Երուսաղեմում՝ Հին քաղաքում, քրիստոնեական հալածանքների նկատելի աճին ի պատասխան: Կազմակերպության հիմնական առաքելությունն է փաստաթղթավորել, հաղորդել և օգնել Իսրայելում քրիստոնյա անհատների, հոգևորականների և հաստատությունների նկատմամբ ոտնձգությունների և բռնության դեպքերի դեմ պայքարին։ 


Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image