Ռոբերտ Քոչարյանի՝ ասուլիսում ընդդիմության մասին հայտարարությունները, որոշ տեղեկություններով, ծանր են տարել երրորդ նախագահի գլխավորած ՀՀԿ-ում։ Ռոբերտ Քոչարյանը, իհարկե, չհիշատակեց ՀՀԿ-ի մասին՝ ասելով, որ ընդդիմադիր ուժերից խորհրդարան անցնելու շանսեր ունեն միայն իր ղեկավարած «Հայաստան» դաշինքն ու անազատության մեջ գտնվող Սամվել Կարապետյանի ուժը։ Նա հավելեց նաեւ, թե այս երկու ընդդիմադիր ուժերը կարող են միասին ավելի շատ ձայն ստանալ, քան Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»․ «Չեմ ուզում տոկոսների, բանի, սենց ասեմ՝ բոլոր, համենայնդեպս, սոցիոլոգիայով, մի քիչ վերեւ` ներքեւ... այսօր երեւում են երկու միավոր, որոնք նորմալ մտնում են խորհրդարան, բավական, սենց ասեմ՝ շատ չեն զիջում ՔՊ-ին, բավական փոքր մարժայով է ՔՊ-ն դեռ առաջ, բայց միասին այդ երկու միավորն արդեն շեշտակի ավելի են, քան ... մեկը «Հայաստան» դաշինքն է, մյուսը՝ Սամվել Կարապետյանի ստեղծվող կուսակցությունը: Կլինի՞ երրորդը, ես շատ կուզենամ, որ լինի նաեւ երրորդը»։ Ըստ երկրորդ նախագահի, «իր տպավորությամբ եւ այն սոցիոլոգիայով, որն այսօր կա, Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ձգտում է զրոյի, եթե ընդդիմությունը սխալներ չգործի»։
Ինչո՞ւ Քոչարյանը չհիշատակեց Սերժ Սարգսյանին եւ նրա առաջնորդած ուժը, եւ արդյո՞ք ծանր են տարել այս փաստը ՀՀԿ-ում։ Կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց․ «Շատ թեթեւ ենք տարել, ավելի ճիշտ՝ հանգիստ», եւ պարզաբանեց․ «Յուրաքանչյուր մարդ ազատ է՝ իր կարծիքն արտահայտելու, իր տպավորություններով կիսվելու, այդ մարդու կարծիքն էլ դա է, մենք չենք պարտադրում»։ Շարմազանովին հարցրինք՝ համաձայն չէ՞ այն դիտարկումների հետ, որ դաշտում, մինչ այս պահը, իսկապես, երկու ազդեցիկ քաղաքական ուժ է ձեւավորվել։ Ի պատասխան՝ նա ցիտեց իրենց առաջնորդին․ «Ինչպես ասել է երրորդ նախագահը՝ հաջողություն ենք մաղթում ընդդիմադիր բոլոր այն ուժերին, որոնք արդեն հայտարարել են ընտրություններին մասնակցելու եւ հաջողություն գրանցելու մասին, ավելացնելու բան չունեմ»։
Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից ժամեր անց հայտարարեց՝ իրենք հիմա այլ գործով են զբաղված․ «Երբ որ դրա ժամանակը, մեր կարծիքով, գա, մենք որոշում կկայացնենք»:
Գործը, որով զբաղված է Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն, Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացն է։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն ավելի վաղ անիրատեսական էր համարել Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու գործընթացը՝ բավարար թվով պատգամավորների ձայներ չլինելու փաստարկով, երեկ վերահաստատեց՝ չի փոխել իր դիրքորոշումը, թեեւ նրա առաջնորդած «Հայաստան» դաշինքը հայտարարեց, որ միանում է գործընթացին, եւ ստորագրությունները տրամադրեց «Պատիվ ունեմ»-ին։ «Իմպիչմենտի հիմքերը կան, ուղղակի ձայները չկան, մինչեւ այսօր ես որեւէ ինֆորմացիա չունեմ, թե իմպիչմենտի համար անհրաժեշտ ձայները իմպիչմենտի նախաձեռնողներն այսօր ունեն, սպասում ենք»,- ասաց նա։
Սերժ Սարգսյանն էլ հեռակա պատասխանեց Ռոբերտ Քոչարյանին. «Նախաձեռնողները մենք չենք եղել, մենք եղել ենք պաշտպանողները։ Այս փուլը չեզոք պատգամավորներին համոզելն է, որպեսզի նրանք միանան իմպիչմենտի գործընթացին»։
«Պարզ չէ՞, թե ով է նախաձեռնել՝ «Արթուն ենք» շարժումը»,- ասաց Շարմազանովը` չհամաձայնելով դիտարկմանը, որ նախաձեռնության ղեկավարներ Նարեկ Մալյանին ու Էդգար Ղազարյանին համարում են Սերժ Սարգսյանի գաղափարակիցներ․ «Մեզ հետ կապված են նրանք, ովքեր ունեն հանրապետական տոմսեր, ՀՀԿ անդամ են։ Ո՛չ պարոն Մալյանը, ո՛չ Ղազարյանը ՀՀԿ ներկայացուցիչներ չեն։ «Արթուն ենք» շարժումը նախաձեռնել է, խոսել է ֆրակցիաների հետ, դիմել է մեր խմբակցությանը, մեր խմբակցությունն էլ պաշտպանել է, եթե մեր կողմից ուղղորդվեին, մենք դրա մասին կհայտարարեինք։ Մենք ուղղորդողների, ոչ էլ ուղղորդվողների կարիք չունենք»: Մինչ Սերժ Սարգսյանը կարեւորում էր գործընթացը եւ պարզաբանում, որ դրանով են զբաղված, Ռոբերտ Քոչարյանն այս գործընթացի կազմակերպման ողջամիտ ժամկետների հարցն էր բարձրացնում: Ըստ նրա՝ դա հնարավոր է սկսել մինչեւ տարեվերջ, իսկ, ասենք, փետրվարին իմպիչմենտի մասին խոսելը, ըստ նրա, լուրջ չի ընկալվի։
«Մեկի համար ողջամիտ ժամկետը կարող է լինել նոյեմբերը, մյուսի համար՝ տարեվերջը, հաջորդի համար՝ մայիսը, մյուսի համար՝ հունիսը նույնիսկ… ես չեմ ուզում բանավեճի մեջ մտնել երկրորդ նախագահի հետ, բայց նաեւ չեմ ուզում դոգմա համարել իր ասածները։ Պրոցեսները ցույց կտան, ես չեմ բացառում, որ ընտրությունների ժամանակ էլ կարելի է իմպիչմենտ նախաձեռնել, պառլամենտը նաեւ այդ ժամանակ է աշխատում, տեսականորեն չեմ բացառում»,- ասում է մեր զրուցակիցը։ Կա՞ր ակնարկ Սերժ Սարգսյանի խոսքում, որ դուք չեք հավատում, թե «Փաշինյանի վերարտադրության շանսը զրոյի է ձգտում», նաեւ` ընտրություններով իշխանափոխության հնարավորություն չեք տեսնում, ուստի առավել կարեւորում եք իմպիչմենտն ու դրանով եք զբաղված։ «Երկրորդ նախագահը սոցիոլոգիական տվյալներից էր խոսում, ես իր տվյալներին չեմ տիրապետում, ես կարող եմ ասել, որ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը սահմանադրական նորմ է, եւ մեծ շռայլություն կլինի ընդդիմադիր թեւի համար՝ չփորձել դա օգտագործել, ընտրությունները, այսպես թե այնպես, գալու են, մենք չենք մերժում ընտրությունները, մենք չենք էլ ասում՝ մասնակցելու ենք կամ չենք մասնակցելու, մենք ասում ենք` մասնակցության հարց չենք քննարկել, քանի որ այս փուլում կենտրոնացած ենք վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի վրա»։
ՀՀԿ-ն սոցհարցո՞ւմ է արել, եւ համաձայն չե՞ն, որ Փաշինյանը վարկանիշ չունի, ինչպես Քոչարյանն է կարծում։ «Ես հարցումներից տեղյակ չեմ, վերջին հարցումը «Գելափն» է արել, այլ հարցումներից տեղյակ չեմ»։ Սեպտեմբերին հրապարակված «Գելափի» հարցումներով` ՔՊ-ի օգտին կքվեարկի հարցված քաղաքացիների 17.3%-ը, 13.4%-ը կքվեարկի Սամվել Կարապետյանի ստեղծած կուսակցության/Նոր ուժի օգտին։ Երրորդ տեղում 6.4%-ով «Հայաստան» դաշինքն է, ապա 3.8%-ով՝ ԲՀԿ-ն, հաջորդ տեղում ՀՀԿ-ն է` 3,4 տոկոսով։