Քաղաքականություն

30 հազար հայ է մասնակցել Չինաստանի պաշտպանությանը

30 հազար հայ է մասնակցել Չինաստանի պաշտպանությանը

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում սեպտեմբերի 3-ին կայացավ Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի հանդիսավոր զորահանդեսը` նվիրված ճապոնական ագրեսիայի դեմ չինացի ժողովրդի դիմադրությանը Երկրորդ համաշխարհային պատերազմում եւ համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում հաղթանակի 80-ամյակին: Զորահանդեսին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Որքան էլ զարմանալի հնչի, պարզվում է՝ հայերը եւս մասնակցություն են ունեցել Չինաստանի այս հաղթանակում: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Ստեփանյանցը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ 30 հազար հայ է Սովետական Միության բանակի կազմում մասնակցել բուն Չինաստանի պաշտպանությանը: «30 հազար հայ է մասնակցել այդ պատերազմին: Բացի այդ, Միկոյանի կնոջ եղբայրը՝ Հայկ Թումանյանն է մասնակցել, եղել է վեցերորդ տանկային բանակի քաղվարչության պետը՝ կոչումով գեներալ-լեյտենանտ է եղել: Ոնց հասկանում եմ, Լոռիից են եղել»,- ասաց Ստեփանյանցը: 

Սովետական Միությունը, ընդհանուր առմամբ, գրեթե 1,5-2 միլիոնանոց բանակ է ուղարկել Չինաստան, որը մասնակցել է պատերազմին` երեք ռազմաճակատում, մարշալ Վասիլեւսկին է եղել բանակի գլխավոր հրամանատարը: «Ռազմաճակատներից մեկի ավիացիոն բանակի հրամանատարը եղել է մեր մարշալ Խանփերյանցը՝ Խուդյակովը, որին հետո՝ 1950 թվականին, գնդակահարեցին: Հայերն ակտիվ մասնակցություն են ունեցել պատերազմին: Ռազմաճակատներից մեկի հեռավորարեւելյան առաջին ռազմաճակատի հրետանու պետը եղել է Սովետական Միության հերոս, գեներալ-լեյտենանտ Պարսեղովը, ռուսերենում իր ազգանունը գրել է Պարսեղով, սակայն Բարսեղով է եղել»,- ասաց Ստեփանյանցը: Բացի այդ, Շանհայում ունեցել ենք հայկական համայնք, որը ղեկավարել է Ասողիկ վարդապետը, որը նշանակվել է Երուսաղեմի պատրիարքության կողմից, քանի որ այդ տարածքները ենթարկվում էին ոչ թե Էջմիածնին, այլ՝ Երուսաղեմի պատրիարքարանին, որն էլ իր հերթին՝ նոր Մայր Աթոռին: Շանհայի ու հարակից բնակավայրերի՝ Խարբինի հայությունը նույնպես միավորվել ու ակտիվ գործողությունների է մասնակցել: 
«Այնտեղի հայերը մասնակցել են հակաճապոնական գործողություններին, եւ հայերի զգալի մասին ճապոնացիները համակենտրոնացման ճամբարներ են ուղարկել: Որքան ես գիտեմ, այդ մարդկանց մեծ մասը չի մահացել, հետո հետ են վերադարձել համակենտրոնացման ճամբարներից, սակայն 1940-ականներին՝ 1946-ից սկսած, մեծամասնությունը, գրեթե ամբողջ համայնքը տեղափոխվել է Հայաստան: Եկել են այստեղ, այստեղ են ապրել, մի քանիսին էլ ես ճանաչում էի անձամբ»,- շեշտում է պատմական գիտությունների դոկտորը: 

Այն, որ հայերն իրենց զգալի ներդրումն են ունեցել նաեւ Չինաստանի պաշտպանության հարցում, հայտնի փաստ է, մնում է, որ Հայաստանի իշխանությունը, դիվանագիտական կորպուսը կարողանա դա ռեալիզացնել եւ հօգուտ հայ-չինական հարաբերությունների զարգացման օգտագործել: Այսօր Չինաստանը վերելքի վրա է, եւ նրա հետ բոլոր խոշոր պետություններն են ձգտում ակտիվ համագործակցություն ծավալել` ի շահ իրենց պետությունների: Իսկ Հայաստանը նման գործընկերների կարիք ավելի քան ունի:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image