Կառավարության որոշմամբ ստեղծված միասնական սոցիալական ծառայությունը ներառում է սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր 4 մարմինները՝ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գրասենյակների և մարզային ենթակայության սոցիալական աջակցության 38 գործակալություններն ու համայնքային ենթակայության սոցիալական աջակցության 17 բաժինները։
Այս ծառայության ստեղծումը ողջ հանրապետությունով մեկ ուղեկցվում է կադրային ջարդով։ Մենք գրել ենք այդ մասին։ Տեղեկություն ստացանք, որ կադրային ջարդ է սկսվել նաեւ Հրազդանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում: Կենտրոնի աշխատակիցներին հանձնարարվել է ազատման դիմումներ գրել: Նոր ղեկավարությունը որոշել է աշխատանքի ընդունել ոչ թե հին աշխատողներին, այլ իր ուզած մարդկանց.
«Ամսի 20-ին ազատման դիմում եմ գրել: Ասել են գնա, եթե քեզ զանգենք՝ կգաս աշխատանքի, եթե ոչ, ապա ազատված ես աշխատանքից»: Աշխատանքից ազատվել են 4 ծառայությունների պետերը եւ որոշ աշխատակիցներ: Հրազդանի սոցիալական ապահովության ծառայության արդեն նախկին պետ Սուսաննա Ասատրյանին հարցրեցինք՝ դուք Ձեր ցանկությամբ ե՞ք դիմում գրել եւ ազատվել աշխատանքից, թե՞ Ձեզ ստիպել են. «Ինչ կարեւոր է դա հիմա, տրամադրություն չունեմ, կներեք, եթե հարցեր ունեք՝ նոր պետ կա, իրեն զանգեք»:
Մենք տեղեկացանք, որ դիմում գրած աշխատակիցները եղել են Ազգային ժողովում, իրենց մտահոգությունն են հայտնել, որ մի քանի հարյուր աշխատողներ գործազուրկ են դառնում: ԱԺ-ից նրանց պատասխանել են, որ տեղյակ կպահեն նախարարությանը եւ հարցը կքննարկեն: Աշխատակիցներից ոմանց ասվել է՝ եթե զանգ ստանաք, ապա կշարունակեք աշխատել, հակառակ դեպքում կհամալրեք գործազուրկների շարքերը: Հրազդանում միասնական սոցիալական ծառայություն 4 բաժինների ընդանուր պետ է նշանակվել Լեւոն Պետրոսյանը, ով աշխատել է ՎՏԲ բանկի Հրազդանի մասնաճյուղում: