Ապրիլի 16-ը Հայաստանի Հանրապետությունում իրադարձությունների առումով բազմազան է:
Hraparak.am-ը առանձնացրել է այդ օրվա երեք կարևոր իրադարձությունները:
Ապրիլի 16-ին հայ առաքելական եկեղեցու տոմարով Ավագ չորեքշաբթին է, որը Հիսուս Քրիստոսի մատնության հիշատակի օրն է։ Խաչելությունից երկու օր առաջ Քրիստոսին մատնելու որոշում կայացրեց Նրա առաքյալներից Հուդա Իսկարիովտացին: Ավետարանում այս մասին հիշատակության մեջ կարդում ենք․ «Այն ժամանակ Տասներկուսից մեկը՝ Հուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետների մոտ ու ասաց. «Ի՞նչ կկամենաք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան» ։30 արծաթով մատնված կյանք ունեցող Աստվածորդին՝ Քրիստոս, լավ գիտեր, թե ինչ է իրեն սպասվում։ Նա խոնարհությամբ էր տանում մատնությունն ու անտրտունջ էր ընդունում իր մոտալուտ մահը՝ մարդկության փրկության համար։ Քրիստոս կամովին պետք է գնար զոհաբերության՝ հանուն մեր փրկության։ Սակայն այն, որ Նրա անգին կյանքը գնահատվեց ընդամենը 30 արծաթով, մարդկության և ոչ թե Քրիստոսի մասին էր խոսում:
Ապրիլի 16-ին Հայաստանում տոնում են Ոստիկանության օրը: 2001թ. հենց այդ օրն ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքը, և ապրիլի 16-ն օրացույցի մեջ մտել է որպես Ոստիկանության օր:Ժողովրդավարական հասարակության կյանքում ոստիկանը վստահության և անվտանգության զգացում պետք է ներշնչի: Ոստիկանի վարկանիշն անմիջականորեն կապված է հանցագործությունների և դրանց բացահայտման հետ:Ոստիկանը հաճախ նաև կյանքի գնով մեզ պաշտպանում է օրինախախտից, մեր տները՝ հանցավոր ոտնձգությունից՝ կատարելով իր ծառայողական ու մասնագիտական պարտքը:
Ապրիլի 16-ին ներքաղաքական առումով, թերևս, ամենակարևոր իրադարձությունն է սպասվում․ Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստն է, ընտրվելու է քաղաքապետ:
Հիշեցնենք, որ Գյումրի համայնքի մարտի 30-ի արտահերթ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 47 434 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 111 236 է։ 9 քաղաքական ուժից անցողիկ 6 տոկոսը հաղթահարել են 5-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 17 188 քվե- 14 մանդատ, Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 9 727 քվե- 8 մանդատ, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 904 քվե- 2 մանդատ, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 7 380 քվե- 6 մանդատ, «Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 3 739 քվե- 3 մանդատ։
Գյումրու ավագանին, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, կազմված է լինելու 33 անդամից: Քաղաքապետ ընտրվելու համար կուսակցություններին եւ դաշինքներին անհրաժեշտ է լինելու 50 տոկոսից ավելի ձայն: Տվյալ դեպքում դա 17 անդամի «կողմ» ձայնն է: Ավագանու անդրանիկ նիստին՝ ապրիլի 16-ին ընդդիմադիր 4 քաղաքական ուժերը հայտարարել են, որ իրենց միավորման արդյունքում քաղաքապետ են ընտրելու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Արդյոք ընդդիմադիր ուժերը հավատարիմ կմնան իրենց պայմանավորվածությանը, թե նոր ինտրիգներ են սպասվում, կհասկանանք հենց այդ օրը: