Փորձենք մոդելավորել, թե ով է ՔՊ իշխանությանը համակրող եւ 2026-ին նրան իր քվեն տալ պատրաստվող ՀՀ քաղաքացին: Նա անպայման Արցախն ու արցախցիներին ատում է եւ կարծում է. «Լավ եղավ, որ այդ բեռից ազատվեցինք»:
Բայց առանձնապես չի էլ սիրում Հայաստանի սահմանամերձ մարզերի բնակիչներին, եւ եթե անգամ Սյունիքից, Տավուշից, Գեղարքունիքից ու Լոռուց ինչ-որ կտորներ Հայաստանը կորցնի, առանձնապես շատ չի մտահոգվի: Նա այն կարծիքին է, որ ամեն մարզ ինքն իրեն պիտի պաշտպանի: Անպայման վախկոտ է` սարսափում է պատերազմից ու կարծում է, որ ճիշտ է անում Նիկոլ Փաշինյանը, որ Ալիեւի բոլոր բարձրաձայնած եւ անգամ չբարձրաձայնած ցանկությունները կատարում է:
Նա արդարացնում է ցանկացած քայլ, միայն թե պատերազմ չլինի: Անպայման ատում է նախկին իշխանություններին եւ մինչեւ 2018-ը ունեցած հիշողությամբ, ասենք` պետական որեւէ մարմնի հետ մի տհաճ միջադեպի միակ մեղավոր համարում է այդ օրվա նախագահին եւ ատում է նրան, նրա ողջ ազգուտակին, մերձավորներին, կառավարության բոլոր անդամներին: Այնքան է ատում, որ եթե վաղը Նիկոլ Փաշինյանն անգամ Հայաստանի անունը փոխի եւ Սյունիքը հանձնի թուրքին, նախկինների հանդեպ վրեժի ու ատելության զգացումից դրդված` ՔՊ է ընտրելու:
Նա անպայման անհավատ է եւ ատում է բոլոր հոգեւորականներին ու կաթողիկոսին, չնայած չի կարող բացատրել, թե ինչու, իսկ Հայ առաքելական եկեղեցին նրա համար ոչ մի արժեք չունի: Նա ոչ միայն անհավատ է, այլեւ Աստծո պատվիրաններն էլ են նրան խորթ եւ հատկապես` մի ստիր պատվիրանը, որովհետեւ նա ստելու մեծ վարպետ է եւ սիրում է ստախոսներին ու իրենց խոստումը դրժողներին, որովհետեւ նմանը զնմանին կսիրե: Նրա հայրենիքը Հայաստանը չէ, այլ իր տունը, ազգուտակը, բաժակի ընկերները, կինն ու երեխաները: