Մշակույթ

Այդ օրերին Բաքվում թերթ լույս տեսավ, որտեղ Հայաստանի զինանշանն էր՝ առանց Արարատի

Այդ օրերին Բաքվում թերթ լույս տեսավ, որտեղ Հայաստանի զինանշանն էր՝ առանց Արարատի

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 14 կետից բաղկացած «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը»՝ արձանագրելով, որ «Իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է, միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով»:

Արձակագիր Սպարտակ Ղարաբաղցյանն ասում է՝ մեր դժբախտությունն այն է, որ 37 տարի առաջ հենց այս օրերին՝ 88-ի փետրվարին, այլ գաղափարախոսություն էր մեզ առաջ տանում։ «Հիմա մենք լրիվ ուրիշ մոլորակում ենք ապրում, ու երբ կարդացի այդ ուղերձ-գաղափարախոսությունը, ոչ թե ծիծաղ, այլ ներքին վիրավորանք ապրեցի…, ոչ, ես իրենից չեմ վիրավորվում, այլ՝ ինքս ինձնից, որ մինչեւ հիմա հանդուրժել ենք ու հասել ենք այս օրվան, երբ նա «գաղափարախոսական ուղերձով» է դիմում ժողովրդին ու դա այն օրերին է անում, որ աշխարհն ամեն օր փոխվում է եւ լրիվ ուրիշ տեղ է գնում: Իսկ այսօրվա աշխարհում դու ոչ մեկի պետքը չես, ավելին՝ դու արդեն ինքդ քեզ պետք չես։ Ու այս ուղերձ կոչվածը մի տեսակ ժամանակ շահելու պես մի բան է, որ մի հատ էլ խաբեմ էս ժողովրդին, մի հատ էլ գլուխը լվամ ու տեսնեմ՝ ոնց եմ ճողոպրելու․․․, թող իր կաթնեղբորը նայի, որն Ուկրաինայի նման հրաշք երկիրը քանդեց..., հիմա մենք էլ հայտնվել ենք լուսանցքում ու մի մանրադրամի գին էլ չունենք արդեն․․․»,- ցավով արձանագրում է արձակագիրը:  

Փաշինյանն իր ուղերձում նաեւ համեմատականներ է անցկացնում «ազգ-ժողովուրդ» հասկացություններում` զուգահեռներ տանելով «հոգի-մարմին» պատկերացումների հետ։ «Նա խոսում է, թե «ինչպես է հոգին մարմնով դառնում մարդ», ու դա ասում է մի մարդ, որը հոգին ու մարմինն անջատել է իրարից․ Արցախը հայ ժողովրդի եւ հայկական պետականության հոգին էր, Հայաստանը` մարմինը, դրանք անջատել է իրարից ու խոսում է դրա միասնության մասին։ Որտեղի՞ց է քրքրել այդ տողերը՝ չգիտեմ․․․, հետո նաեւ խոսում է ազգայինից, երբ ազգային ամեն ինչը խորթ է իրեն, ինքը սատանայի անոթն է՝ մեջը նախշուն բաներ լցրած, ու ժողովուրդը նոր է հասկանում, թե ինքն ում բերեց, ինչ կորցրեց ու հետո ինչ է կորցնելու, եթե այսպես շարունակվի»։  

Ս. Ղարաբաղցյանը պատահական չի համարում, որ Փաշինյանն այս ուղերձը հղեց ՀՀ 2-րդ նախագահ Ռ․ Քոչարյանի ասուլիսից հետո․ «Ես սրա մեջ պատահականություն չեմ տեսնում ու մեկ էլ հիշում եմ իր հիստերիան, երբ նախագահին բանտից ազատել էին, ընկավ հիստերիայի մեջ, դատարանները փակել տվեց, թուրն աջ ու ձախ կտրում էր: Հիմա չի կարում այդ բաներն անի, բայց ավելի վտանգավոր բաների է գնում, որովհետեւ գիտի՝ ժողովուրդն այլեւս դուրս չի գալու եւ չի գնալու դատարանների վրա, չի լցվելու հրապարակները, ժողովուրդը հոգնել է եւ այլեւս առաջվանը չէ։ Նորից եմ ասում` 2-րդ նախագահի անուն-ազգանունը իր եւ Ալիեւի համար մահ է, անկախ այն բանից՝ նա կգա, թե չի գա իշխանության, բայց այդ սարսափն իրենց համար մահ է։ Հիշում եմ․ մի առիթով, երբ խորհրդային տարիներին Արցախից գնացել էի Բաքու՝ գործուղման, ժուռնալիստների ինչ-որ հավաք էր, Բաքվի կեսը ռուսերեն էր խոսում, մյուս մասն էլ հայերեն էր խոսում, ու հետաքրքիր էր, որ այդ օրերին իրենք թերթ էին տպագրել, որտեղ Հայաստանի զինանշանն էր՝ առանց Արարատների, այսինքն՝ դա սկսվել է դեռ այդ ժամանակներից...., հետո Վահագն Դավթյանը մեծ հոդված գրեց, որ այս ինչ եք անում, որովհետեւ Արարատների վրա կիսալուսինն էր՝ մուրճ ու մանգաղի տեղը․․․ սա 86-ի բան եմ ասում, ու տեսեք, թե քանի տարի առաջ է սկսվել սա»։ 

Փաշինյանի հրապարակած «Իրական Հայաստանի գաղափարախոսության» հիմքում, ըստ Ղարաբաղցյանի, չկա ամենակարեւորը՝ հիշողությունը։ «Հիմա մի քանի ամիս հետո ցեղասպանության 110-ամյակն է, բայց դրա մասին ոչ մի խոսք... փոխանակ հարցեր բարձրացվեն։ Միայն կեր, խմի, քեֆ արա, աշխարհն էլ խալի է ոտքիդ տակ փռած. սա ինքն է` իր կերպարով... ու «օջախապետ» բառն ափսոս է, որ այստեղ օգտագործենք, նրանց համար գոմն էլ է շատ, որովհետեւ սա չտեսների մի խումբ է: Հիմա ես մտածում եմ, թե մեզնից հետո եկող սերունդը մեզ ոնց է վերաբերվելու, ու զարմանալու են մեր անզորության վրա, որ մի՞թե հնարավոր չէր մի բան անել՝ այդ ոչնչությունից ազատվելու համար։ Զարմանալու են ու չեն հասկանալու, որ կարծես թուղթ ու գիր արված լինի այս ժողովրդի վրա...: Ամեն դեպքում, շատ քիչ է մնացել այս փորձանքից ազատվելու համար, սա իր ու իր թիմի վերջին ճիգերն են»,- եզրափակում է արձակագիրը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image