Հոկտեմբերի 15-ին խորհրդարանում պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումների ժամանակ տեղի ունեցած միջադեպը` ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի եւ Հովիկ Աղազարյանի միջեւ, ինչպես եւ սպասվում էր, շարունակություն ունեցավ։ Այդ օրը ՔԿ նախագահը՝ հովանավորչության եւ ենթադրյալ կոռուպցիոն տարրեր պարունակող հայտարարություն արեց, նշելով, որ Հովիկ Աղազարյանի որդու քրեական գործով իրեն դիմել են՝ «մեքենաները վերադարձնելու համար», սակայն անուն չնշեց, թե` ով։
«Հրապարակը» Արգիշտի Քյարամյանին ուղղված գրավոր հարցում էր արել ՀՀ Քննչական կոմիտե` հետաքրքրվելով, թե արդյոք այս դեպքից հետո հանդիպել է ՔԿ նախագահը Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ական պատգամավորների հետ։ Պատրաստվու՞մ է ներողություն խնդրել Հովիկ Աղազարյանից` նրան «ոտից գլուխ արա ես» արտահայտության համար։
Հոկտեմբերի 21-ի մեր հարցմանը պատասխանել է ոչ թե Քյարամյանը, այլ, չգիտես ինչու` ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Կ․ Շառոյանը։
«Ձեր հարցումը Քննարկվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում, ինչի կապակցությամբ տեղեկացնում եմ, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը բնականոն իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները, իսկ պաշտոնական և աշխատանքային բոլոր հանդիպումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն պատշաճ իրազեկում է հանրությանը»,-ասված է ոչինչ չասող պատասխանում:
Փաստորեն Կ․ Շառոյանը կա՛մ մեր հարցերի իմաստը չի հասկացել, կա՛մ էլ Արգիշի Քյարամյանի հետ խորհրդակցելուց հետո որոշել են մի լղոզված պատասխան տալ, որ պարզ չդառնա՝ Քյարամյանը զղջո՞ւմ է իր ասածի համար եւ ներողություն խնդրելո՞ւ է պատգամավորից, թե ոչ: Չեն պատասխանել նաեւ ՔԿ նախագահը հանդիպում- քննարկում ունեցե՞լ է Փաշինյանի եւ ՔՊ-ականների հետ։
Հիշեցնեենք նաեւ, որ ՀՀ գլխավոր դատախազությունից «Հրապարակ»-ին հայտնել էին, որ ՔԿ նախագահի հովանավորչության եւ առերեւույթ կոռուպցիայի վերաբերյալ հայտարարությունից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել։ «Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ)», - հայտնել էին դատախազությունից։