Այսօր Քննչական կոմիտե են հրավիրել Վեդիի նախկին քաղաքապետ, շուրջ 21 տարի այդ պաշտոնը զբաղեցրած Վարուժան Բարսեղյանին եւ մեղադրանք է առաջադրել։ Ապա անմիջապես հետո հաղորդագրություն են տարածել, որ «1999-2021թթ. ընթացքում Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» հետ կապված քրեական գործ ա հարուցվել, մեղադրանք առաջադրվել եւ նախաքննություն է ընթանում։
Ըստ ՔԿ-ի․ «Վեդի համայնքի ղեկավարը, խախտելով ՀՀ կառավարության 29.12.2011 թիվ 1920-Ն որոշման պահանջները, իր մտերիմ անձին կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Արարատի մարզի Վեդի քաղաքի՝ անմիջականորեն հանրապետական նշանակության ճանապարհի վրա գտնվող և ըստ համայնքի գլխավոր հատակագծի «փողոց-հրապարակ» հանդիսացող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված չմասնավորեցվող հողամասերի ցանկում ներառված Արարատյան փողոցում գտնվող, համապատասխանաբար 18քմ և 20քմ, 20քմ և 20քմ չափերով հողամասերը բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակությունից, առանց լիազոր մարմնի համաձայնության, փոփոխել է հասարակական կառուցապատման գործառնական նշանակության և կառուցապատման իրավունքով, 99 տարի ժամկետով, տվել է վերջինիս: Այնուհետև Վեդի համայնքի ղեկավարը, խախտելով ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումների մասին» N 2404-Ն որոշման 8-րդ կետով սահմանված պահանջները, առանց լիազոր մարմինների հետ համաձայնեցման, 2019 թվականի հուլիսի 29-ի` իր որոշմամբ կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի վերաբերյալ տվել է առևտրի սրահ կառուցելու ճարտարապետահատակագծային առաջադրանք, իսկ ավելի ուշ 2020 թվականի հունվարի 21-ին և 2020թվականի դեկտեմբերի 23-ին` շինարարության թույլտվություն: Վերը նկարագրված արարքի համար Վեդի համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը»:
Եթե մարդկային լեզվով թարգմանենք այս մեղադրանքը, ապա աննշան խախտումների մասին է խոսքը՝ հողերի օգտագործման նախնական նշանակությունը փոխելու եւ առանց վերադասի թույլտվության կառուցապատում անելու իրավունք տալու վերաբերյալ, որը պարզ ասած՝ կարմիր լույսի տակով փողոցը հատելուն համարժեք խախտումներ են, ինչը խոսում է այն մասին, որ իշխանությունը շատ մեծ ջանքեր է գործադրել այս տարիներին եւ կարողացել է միայն նման անհամոզիչ մեղքեր հայթայթել։
Իսկ իրական պատճառն այն է, որ կիրակի օրը Վեդիում խոշորացված համայնքի ընտրություններ են կայանալու եւ ամեն ինչ անում են Սպարտակ Թարթիկյանի հաղթանակին խանգարելու եւ ՔՊ-ական Գարիկ Սարգսյանի պարտությունը կանխելու համար։ Պարզ ասած՝ քաղաքական հետապնդումների ալիքը հասել է Վեդի։ Երեկ անգամ Ավշարի Գրիգորյանների եղբոր տուն են ներխուժել ոստիկանները՝ Ավշարի նախկին համայնքապետ Սուրիկ Գրիգորյանի նկատմամբ եւս ճնշումներ գործադրելու։ Բանն այն է, որ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ Թարթիկյանի ղեկավարությամբ բոլոր շանսերն ունի Վեդիում հաղթելու եւ նախկին համայնքապետերը ակտիվ աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ։
Մենք կապվեցինք Վեդի եւ տեղեկացանք, որ Վեդիի նախկին համայնքապետին մեղադրանք առաջադրելու ուղղությամբ իրավապահները վաղուցվանից են աշխատում եւ համայնքապետարանի աշխատողներին են տեւական ժամանակ տարել-բերել, ստիպել, որ ցուցմունքներ տան Բարսեղյանի դեմ։ Իրեն՝ նախկին քաղաքապետին միայն մեկ անգամ են հրավիրել՝ երեկ եւ միանգամից մեղադրանք են առաջադրել՝ առանց նրա բացատրությունները հաշվի առնելու։
Մեզ հետ զրույցում Վարուժան Բարսեղյանը հրաժարվեց մեկնաբանություններ տալ բուն գործի մասին, միայն ասաց, որ ինքը գործել է օրենքի սահմաններում եւ անդրադարձավ՝ «առանց լիազոր մարմնի համաձայնության» կատարած գործողություններին առնչվող մեղադրանքին։ Ասաց․ «Ինձ մեղադրում են առանց լիազոր մարմնի համաձայնության որոշումներ կայացնելու մեջ, մինչդեռ ես բոլոր այդ որոշումները, ինչպես պահանջում է օրենքը, 7-օրյա ժամկետում ուղարկել եմ մարզպետարան՝ լիազոր մարմնին, եւ եթե ես ինչ որ հարցերում սխալ եմ եղել, այնտեղից պետք է ստանայի այդ սխալները շտկելու առաջարկ-պատասխաններ, սակայն ես ոչ մի պատասխան չեմ ստացել, ինչը նշանակում է, որ մարզպետն ընդունել է, որ համայնքապետի որոշումները ճիշտ են՝ շտկելու ոչինչ չկա»։ Մենք տեղեկացանք, որ համայնքապետի այդ բոլոր որոշումները եւ որոշումների մասին գրություններն՝ ուղղված մարզպետարանին, փաստաթղթավորված են եւ հիմքերը Քննչական կոմիտեն կարող էր ձեռք բերել։
Ուշագրավ է, որ ՔԿ-ն իր հաղորդագրությունն ավարտել է մի սպառնալիք-նախադասությամբ․ «Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Վեդի համայնքի նախկին ղեկավարի պաշտոնավարման ժամանակահատվածում մի շարք համայնքային գույքերի, այդ թվում իր մերձավորների անվամբ օտարված շուրջ 40-ից ավելի գույքերի, իր և որդու անվամբ Ծաղկաձոր և Դիլիջան համայնքներում ձեռք բերված անշարժ գույքերի իրավաչափության հանգամանքները պարզելու ուղղությամբ»:
«Մերձավորների անվամբ ձեռք բերված» գույք արտահայտությունը նոր հասկացություն է իրավաբանության մեջ։ Պարզվում է՝ ապօրինի գույքի հետ կապված բոլոր գործերով իրավապահներն անօրինական են համարում իրենց թիրախում հայտնված անձի ամբողջ ազգուտակի՝ ծնողներ, քեռի, մորաքույր, բաջանաղ, հորեղբայր, զոքանչ, եղբայր, քավոր, սանիկ, անգամ՝ վարորդի ու վերջինիս ազգուտակի, օգնականների եւ նրանց մերձավորների ունեցած ողջ գույքը։ Իսկ Վարուժան Բարսեղյանը ոչ միայն մեծ ազգուտակ ունի, այլեւ երեք չափահաս որդիներ, որոնք այգի եւ հող են մշակում, ողջ կյանքում աշխատում են եւ կարող էին Ծաղկաձորում եւ Դիլիջանում անշարժ գույք ունենալ։
Առհասարակ՝ այս իշխանությունների եւ նրա կամակատար իրավապահների նպատակը ո՞րն է՝ որ ոչ ոք բիզնես չանի, հող չմշակի, արտահանմամբ ու արտադրությամբ չզբաղվի՞։