Մի ժամանակ, ինչպես հայտնի է, Փաշինյան Նիկոլն ընդդիմություն էր: Ու այդ կարգավիճակում ինչ-որ երևույթի վերաբերյալ արտահայտվելիս շատ էր սիրում օգտագործել «ըստ օդում կախված լուրերի» արտահայտությունը: Ենթադրում եմ, որ դա արվում էր իրեն ապահովագրելու համար՝ եթե պահանջեին հիմնավորել ներկայացվածը: Կարծում եմ, որ ավելի ուշ դա դարձավ նյութի մատուցման ձև՝ այն գրավիչ դարձնելու համար:
Իսկ քանի որ հոգով դեպի Եվրոպա ձգտող ՀՀ երրորդ նախագահ Սարգսյանը թույլատրում էր այդ մոտեցումը՝ ընդդիմադիր Փաշինյանից այդ առումով բացահայտումներ չէին պահանջվում: Ու ինքն էլ լիովին օգտվում էր այդ հանգամանքից:
Միամիտ ժողովրդի ուսերի վրայով 2018-ին իշխանության գալով՝ ինքը շատ արագ հասկացավ, որ անհրաժեշտ է արգելափակել նույն միջոցից օգտվելու ուրիշների հնարավորությունը: Գործը հասավ նույնիսկ վիրավորանքի կամ զրպարտության հիմքով քրեական գործեր կարելուն: Ճիշտ է, դա երկար չտևեց, քանի որ իր մեջքին կանգնած գլոբալիստական Արևմուտքի համար դա, այնուամենայնիվ, ընդունելի չհամարվեց: Ու տեղի ունեցավ անհավանական աննորմալը. ՀՀ վարչապետ կարգվելով՝ Փաշինյան Նիկոլը մնաց մտածողությամբ ընդդիմադիր, ու այն էլ՝ լրագրող:
Եվ, բնականաբար, ինչ-որ փոփոխություն պետք է կատարվեր: Լուրերն այլևս չպետք է լինեին օդից կախված, բայց դրանք մոգոնելը չէր արգելվում՝ եթե, իհարկե, արվում էր սեփական թիմի անդամների կողմից:
Մեկ հոդվածի մասշտաբով ոչ այնքան կարճ այս նախաբանի առիթն իր ակտիվությամբ աչքի ընկնող ՔՊ-ական ու միաժամանակ սորոսական տիկիններից Կարապետյան Մարիայի երկնած միտքն էր: ԱԺ պատագամավոր այդ տիկինը չգիտես որտեղից պեղել էր մի արտահայտություն, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը կյանքի կոչելու դեպքում «Իրանն ու Ռուսաստանը ռումբերով պատերազմ կհայտարարեն Հայաստանին»: Եվ մեղադրել էր ընդդիմությանը, որ այդ ստով վախեցնում է ժողովրդին, ու հպարտորեն հայտարարել էր, որ տեսա՞ք, վաշինգտոնյան հանդիպման արդյունքում ոչ մի նման բան տեղի չունեցավ:
Ինչևէ, վստահ չեմ, որ ընդդիմադիր որևէ գործիչ հենց այդ ձևակերպումով նման միտք է հայտնել: Բայց չեմ կարող չընդգծել, որ տվյալ դեպքի՝ միջանցք հանձնելու առումով նման հայտարարություն կարող էր արվել թշնամի երկրից և ոչ թե Հայաստանի իշխանության ներկայացուցչի կողմից: Չնայած վաղուց արդեն դրանց միջև տարբերություն չկա:
Սակայն եթե նույնիսկ հավատանք անհավատալիին, ՔՊ-ական տիկնոջը պետք է հայտնենք, որ, նախ, ընդդիմությանը մեղսագրվող այդ արտահայտությունն անհթեթեություն էր: Որովհետև ի՞նչ է նշանակում ռումբերով պատերազմ հայտարարելը: Հատկապես Ռուսաստանի դեպքում, որը ո՛չ ունի դրա հնարավորությունը և ո՛չ էլ կարիքը: Հնարավորություն չունի, քանի որ չունի սահման Հայաստանի հետ, որպեսզի ռազմական ինքնաթիռները ստիպված չլինեն հատել այլ երկրների օդային տարածքները, ինչի իրավունքը չեն կարող ստանալ:
Կարիքն էլ չունի, քանի որ իր զինանոցում առկա են ավելի հզոր՝ տնտեսական ազդեցության միջոցներ: Ինչ մնում է մեր հարևան Իրանին, ապա իսրայելական ագրեսիայից հետո այդ պետությունն արդեն չունի դրան ընդդիմանալու ո՛չ ներուժը և ո՛չ էլ հեղինակությունը: Իսկ մինչ այդ ագրեսիան շատերս էինք համոզված, որ Իրանը թույլ չի տա միջանցքի հանձնումը, քանի որ դա անվտանգային խնդիրներ է ստեղծելու իր համար:
Ներկայացվածի համատեքստում չեմ կարող չանդրադառնալ մեկ այլ ՔՊ-ական ակտիվիստ Ալեքսանյանին: Գովերգելով Սպիտակ տանը ստորագրված երկկողմ (ԱՄՆ նախագահը եղել է ոչ թե երրորդ կողմը, այլ ընդամենը վկա կամ, ավելի ճիշտ, ընթերակա) համաձայնագիրը՝ վերջինս փորձում է Նիկոլին ներկայացնել որպես հերոսի: Մարդու, ով կրակի ու ջրի միջով անցնելով՝ կարողացավ նախաստորագրել խաղաղության համաձայնագիրը, իսկ նախկինները չուզեցին, չկարողացան և այլն: Դրան ուզում ես ասես՝ երիտասարդ, ինչ-որ միտք արտահատելուց առաջ քո երկրի վերջին տարիների պատմությունն ուսումնասիրիր:
Եթե դա անեիր, ապա կիմանայիր, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի նախագծման ժամանակ հայր Ալիևը փորձել է ՀՀ 2-րդ նախագահ Քոչարյանին համոզել, որպես վերջինս հրաժարվեր Լեռնային Ղարաբաղից, ու այդ պարագայում նավթատարը կանցներ Հայաստանով՝ հսկայական տնտեսական օգուտներ տալով մեր երկրին: Եվ ոչ թե այն խղճուկ մնացորդը, որ բաժին է ընկնելու իր առաջնորդի «հերոսական» արարքի շնորհիվ՝ այն էլ միջանցքից հրաժարվելու պարագայով պայմանավորված:
Ռոբերտ Քոչարյանն, իհարկե, մերժել է առաջարկը, նավթատարն էլ նախագծվել է Վրաստանի տարածքով, ինչը, բնականաբար, որոշակիորեն թանկացրել է թե՛ ծրագրի իրագործման և թե՛ շահագործման արժեքը: Դա նշանակում է, որ եթե Քոչարյանը լիներ անհայրենիք մեկը՝ ինչպես այսօրվա իր մեծարգո վարչապետն է, ապա վաղուց կնքված կլիներ իրական խաղաղության պայմանագիրը:
Ու Հայաստան-Ադրբեջան ու նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կլինեին այնպիսին, ինչպիսին այսօր առկա է Վրաստանի հետ: Ու Նիկոլն էլ ստիպված չէր լինի «հերոսություն» դրսևորել ու Հայաստանն էլ տանել պարտության: Պարտության բոլոր առումներով՝ պատերազմական, դիվանագիտական, ազգային արժանապատվության և պատմական հիշողության կորստի և այլն, և այլն…
Չեմ կարող չանդրադառնալ նաև զրոյից իշխանություն ստացած տիկնոջ այս մտքին. «Ինչպես միշտ, ընդդիմությունը բոլորովին չի պատկերացնում, թե որքան բարդ քաղաքականություն են վարում պետություն ունեցող ժողովուրդները»։ Փաստորեն, հաղթանակ կերտած ու այն ավելի քան երկու տասնամյակ պահպանածները դա չեն պատկերացնում: Իսկ յոթ տարում հաղթանակի բոլոր պտուղները քամուն տվածները պատկերացնում են: Հասանք, իջե՛ք՝ ասվում է նման դեպքերում: