Հարցազրույց Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ
- Արդեն մի քանի շաբաթ է՝ արցախահայերը վրան են տեղադրել Ազատության հրապարակում՝ ի նշան բողոքի։ Իշխանությունը որոշել է հրաժարվել արցախցիների աջակցության ծրագրից։ Տեղահանությունից արդեն մոտ մեկուկես տարի է անցել, շատերը տուն, աշխատանք չունեն, ապրում են վարձով։ Այս իրավիճակի լուծման ի՞նչ եղանակներ ունի ՀՀ իշխանությունը, եւ ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում՝ արցախցիների կյանքի որակը բարելավելու ուղղությամբ։
- Իրականում, արցախցիների խնդիրներն անհամեմատ ավելի շատ են ու անգամ աննկարագրելի, քան իրականում բարձրաձայնվում են: Շատերն ընդհանրապես չեն խոսում իրենց խնդիրների մասին, որովհետեւ բռնի տեղահանության հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում հայտնվելուց հետո այնպիսի հոգատար ու ջերմ վերաբերմունքի էին արժանացել մեր հայրենակիցների կողմից, որ անգամ անհարմար են զգում դժգոհել կամ «բողոքել»: Ես շատ լավ եմ հասկանում արցախցիների առջեւ ծառացած խնդիրների ծանրությունը, որովհետեւ նույնպիսի իրավիճակում է նաեւ իմ ընտանիքը, իմ հարազատների ընտանիքները: Գիտե՞ք, ես այս հարցը մի քիչ ավելի խոշոր դիտանկյունից եմ դիտարկում, իրավիճակից դուրս գալու համար արցախցիներին, իհարկե, աջակցություն է պետք, իսկ աջակցության համար` ֆինանսներ եւ ծրագրեր: Կարծում եմ՝ հիմնական խնդիրը ֆինանսական միջոցների բացակայությունն է կամ դրանց անբավարարությունը, իսկ հետո` ծրագրերի թերի կամ պրակտիկայում թույլ իրացվելիությունը: Բայց եթե ֆինանսական միջոցների խնդիր կա, ապա առավել եւս կարիքների բազմակողմանի հետազոտություն ու գնահատում չանցած ծրագրերը բավարար արդյունք չեն տալու: Հետեւաբար, իմ կարծիքով, արցախցիների խնդիրների մեղմման համար միայն բյուջետային միջոցները բավարար չեն, դրա համար պետք է հայցել միջազգային աջակցություն: Իսկ ծրագրերը պետք է լինեն այն աստիճան մշակված ու ներդաշնակեցված պահանջներին, որ ոչ թե մնան թղթի վրա, այլ արդյունք տան, որ կարողանաս նպաստել ուղիղ սոցիալական աջակցություն ստացող ընտանիքին այդ աջակցությունից անկախանալուն եւ որոշակի ինքնաբավ կյանքի անցնելուն:
- Արցախցիները նաեւ ահազանգում են, որ իրենց նկատմամբ ատելություն է գեներացվում, պնդում են, որ իշխանությունների հովանավորությամբ է արվում։ Արդյո՞ք այդքան լուրջ է ատելության քարոզը, կոնկրետ ի՞նչ լուծում կառաջարկեք, որ տարանջատումը, ատելությունը, պառակտումը վերացվեն։
- Ցավով պիտի արձանագրենք, որ մերօրյա իրականությունում ահռելի տեղ են զբաղեցնում սուտը, կեղծիքը, զրպարտանքն ու չարախոսությունը: Բոլոր ժամանակներում շատ մեծ նշանակություն է ունեցել մարդու խոսքը հանրության լայն շրջանակներին հասանելի դարձնելը, սակայն դրա համար ոչ բոլորն են ունեցել հանրային լայն շրջանակներին հասանելի լինելու գործիքներ: Այսօր այդ խնդիրը չկա, եւ ցանկացածը` իր դեմքով կամ անդեմ, կարող է ում հասցեին ինչ ասես՝ հորինել, դա հասանելի դարձնել հարյուր հազարանոց լսարանի, իսկ այս դեպքում գործում է պարզ վիճակագրությունը` ցանկացած սուտ ինֆորմացիա կարելի է 100 հոգուց 60-ին որպես ճշմարտություն ներկայացնել, իսկ այդ դեպքում կունենանք «ճշմարիտ սուտ»՝ իր բոլոր հետեւանքներով: Այսինքն, ապատեղեկատվություն տարածելու, ատելություն սերմանելու, մարդկանց զրպարտելու տեխնիկական հնարավորությունը կա, մնում է ունենալ կոնկրետ նպատակ ու աշխատել այդ ուղղությամբ: Արցախցիների դեպքում այդ գործընթացն անցել է մի քանի փուլ, սկզբում տեղեկատվական արշավն իրականացվել է ներարցախյան հակադրություն եւ միմյանց հանդեպ ատելություն տարածելու ուղղությամբ, այդ փուլում` չեք պատկերացնի, բայց ներքին պառակտումը հասել էր արդեն ընտանիքներ: Հաջորդ փուլում սկսվեց Հայաստանի մեր հայրենակիցների հանդեպ արցախցիների անունից սուտ ու անիրական մեղադրանքների, զրպարտանքների հորինված տարածումը, իսկ դրան հաջորդեց արցախցիների դեմ պատասխան հարձակումը: Դրանից հետո է՞լ ինչ էր պետք, որպեսզի անդառնալիորեն պառակտվեինք, թշնամանայինք, ատեինք իրար, լինեինք ոչ թե ժողովուրդ, այլ՝ անհատներ։ Կարծում եմ՝ ոչինչ: Իրականությունը սա է: Իսկ այս իրականությունը կործանարար է ոչ միայն արցախցիների, այլեւ՝ բոլորիս, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար: Այս իրավիճակը պետք է շտկվի, սա խրախուսելու փոխարեն բոլորը, այդ թվում՝ պետությունը, պետք է լծվեն կանխարգելիչ գործառույթների իրականացմանը: Երբ խոսում ենք այսպիսի հարցերի մասին, առաջին հերթին բոլորը քրեական պատասխանատվությունն են դեմ տալիս, բայց դրանով այս խնդիրը չի կարող կարգավորվել, դաշտը պետք է մաքրել այլ միջոցներով, քրեական պատասխանատվությունը պետք է լինի ամենահամառներին ու ամենաանուղղելիներին կարգի հրավիրելու գործիքը: Իսկ այս պահին ես այդ ուղղությամբ որեւէ քայլ չեմ տեսնում, հանրային լսողական ապարատը վերածվել է փորձադաշտի, որտեղ ով ինչպես ուզում, ներկայանում է, ում հասցեին ինչ ուզում, անպատասխանատու հայտարարում է:
- Արցախցիներից ոմանք հրաժարվում են ընդունել ՀՀ քաղաքացիություն՝ պատճառաբանելով, որ իրենք միշտ են ՀՀ քաղաքացի եղել: Ինչո՞ւ են պահանջում, որ արցախցիները փոխեն անձնագրերը եւ ընդունեն Հայաստանի քաղաքացիություն:
- Ափսոսում եմ, որ արցախցու իրական տեսակը ճանաչելի չէ շատերի համար: Արցախցիները համառ, բայցեւ չափազանց բարի, գուցե, ինչ-որ տեղ՝ ծանր բնավորությամբ, բայց կարեկից ու շնորհակալ մարդիկ են, խիստ զգացմունքային, կարգապահ, կազմակերպված: Մինչդեռ արցախցիներիս մասին միայն վատն ու բացասականն են ներկայացվում, ու այդ ընթացքում ոչ մեկի մոտ հարց չի առաջանում` այդ ինչպես եղավ, որ բռնի տեղահանության ենթարկվելու եւ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու առաջին իսկ օրվանից, տեղյակ լինելով, որ պետք է ՀՀ մուտք գործելու պահին հաշվառվել, ավելի քան 104 հազար մարդ, մի կողմ դրած աննկարագրելի վիշտն ու ցավը, մեկ մարդու պես դիմեց համապատասխան պետական մարմիններին ու հաշվառվեց, բռնի տեղահանված արցախցիներին պաշտպանության տակ առնելու մասին կառավարության որոշումը հրապարակվելուց հետո ավելի քան 120 հազար մարդ ընդամենը երկու ամսում դիմեց համապատասխան մարմիններին եւ ստացավ փախստականի կարգավիճակը հավաստող վկայական, սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու համար նույն մարդիկ անցան անձնագրային ծառայություններով` ժամանակավոր հաշվառման համար: Այս մարդիկ հո ռոբոտներ չե՞ն, դուք պատկերացնո՞ւմ եք ինչերի միջով են անցել ու համընդհանուր ինչ կարգապահություն են ցուցաբերել ՀՀ-ում` առաջին օրվանից: Քաղաքացիության հարցը տարբերվում է մյուս խնդիրներից նրանով, որ այն արմատական նշանակություն ունի, եւ, դրան զուգահեռ, կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանների բացակայության պայմաններում մարդիկ ուղղակի չեն կողմնորոշվում: Անգամ այս հարցն է այնպես հրամցվում հասարակությանը, որ իբր տեսեք՝ արցախցիները չեն ուզում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալ, անգամ այստեղ են խարդավանքներ հյուսվում: ՀՀ քաղաքացիություն ընդունելու կամ չընդունելու որոշման ճիշտ կամ սխալ չկա, որեւէ երկրի քաղաքացիությունն ընդունվում է` սեփական անվտանգությունը, ազատությունը եւ իրավունքների պաշտպանության գործառույթն այդ պետությանը պատվիրակելու եւ փոխադարձաբար պարտականություններ ստանձնելու համար: Հետեւաբար, ՀՀ քաղաքացիություն ընդունելու են նրանք, ովքեր իրենց պաշտպանված կզգան Հայաստանի Հանրապետության վահանի ներքո: Իհարկե, մեզ համար Հայաստանի Հանրապետությունից ավելի հարազատ եւ մայր հայրենիքից ավելի ջերմ անկյուն չկա, բայց այս իրավիճակում եւ այսպիսի արհավիրքներից հետո մարդկանց հետ անհատապես աշխատելու, նրանց լսելու եւ պատասխանելու խիստ կարիք կա: Քաղաքացիությունն իրավական հարց է, անձնագիրը` փաստաթղթային ամրագրում, իսկ արցախցիները ՀՀ քաղաքացիությունը եւ Հայաստանի Հանրապետությունը զգում են ոչ թե թղթով, այլ՝ հոգով ու մարմնով: Ոչ ոք որեւէ հակադրություն չունի Հայաստանի կամ ՀՀ քաղաքացիության դեմ, դրանք կեղծ ու հորինված թեզեր են, մարդիկ ընդամենը ուզում են լսված լինել ու քայլերը ձեռնարկել` հասկանալով: Անորոշության մեջ որոշում ընդունելը դժվար է, հատկապես երբ ընչազուրկ վիճակում ես, իսկ ապագան` անտեսանելի ու անհասկանալի:
- Իշխանությունները փորձում են սոցիալական պայքարի մեջ արհեստականորեն քաղաքական տարրեր ներմուծել եւ հրաժարվել իրենց պարտավորություններից, ինչո՞ւ։ Արցախցիներն իրավունք չունե՞ն՝ քաղաքական պայքարի դուրս գալու, իշխանափոխության կոչեր անելու, ընտրությունների մասնակցելու։ Եթե ՀՀ քաղաքացի են, չե՞ն օգտվում այս իրավունքներից։
- Ես առավելապես աշխատել եմ իրավապահ համակարգում եւ քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել, այդուհանդերձ, կարճ ժամանակահատվածում քաղաքական պաշտոն եմ զբաղեցրել Արցախում, բայց երեւի նկատել եք, որ ես բացարձակ քաղաքական բնույթի հայտարարություններով եւ խոսույթով հանդես չեմ գալիս, զբաղված եմ իմ մասնագիտական աշխատանքով` փորձելով մասնագիտական գիտելիքներով օգտակար լինել մարդկանց: Բայց չեմ կարող չնկատել, որ արցախցիների կողմից մինչեւ անգամ սոցիալական հարցի բարձրաձայնումը միանգամից քաղաքականացվում է: Հազվադեպ են այն քաղաքական գործիչները, այդ թվում՝ ընդդիմադիր, ովքեր այդ իրավիճակներում իրենց հրապարակային խոսքը կառուցում են՝ առանց մարդկանց զգացմունքները կամ մտահոգող խնդիրները հեծնելու: Ես կարծում եմ, որ հենց այդ միջամտությունների պատճառով է, որ անգամ սոցիալական բնույթի հարցերը քաղաքականացվում են այն աստիճան, որ դրանց լուծումները փնտրելու փոխարեն սկսվում է քաղաքական մրցակցություն ու հակադրություն, որի արդյունքում էլի տուժում է հասարակ արցախցին: Կլինեն քաղաքական հայացքներ ունեցողներ, կլինեն սոցիալական հարցեր բարձրացնողներ: Եթե մարդն ունի իր ընտանիքի առաջ ծառացած լրջագույն խնդիրներ եւ ցանկանում է դրանք բարձրաձայնելու միջոցով մեղմել իր, ընտանիքի, անգամ իր երեխաների ուսերին ծանրացած խնդիրները, պետք չէ անընդհատ քաղաքական սեպեր խրել այդ գործընթացների մեջ, որից տուժում է միայն խնդիր ունեցողը: