Թոշակառուն ընդհանրական իմաստով հանրության ամենաիմաստուն, կյանք տեսած, փորձ ունեցող խավն է։ Նա պարզապես սոցիալական խումբ չէ։ Նա մեր հանրության հիշողությունն է, մեր խղճի չափանիշը, մեր անցած ճանապարհի կենդանի վկան։ Նրա աչքերը տեսել են պատերազմ, սով, վերածնունդ, փլուզում ու հույս։ Եվ նա շատ լավ հասկանում է՝ երբ իրեն փորձում են գնել։ Այնպես չի, որ նա չի հասկանում այս իշխանության էժանագին խաղը։ Ընտրության շեմին 10 հազար դրամով թոշակ բարձրացնելը նրա համար ավելի վիրավորական է, քան այն, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ թոշակառուն ո՞նց պիտի ծախսի 10 հազարը, որտե՞ղ պիտի ծախսի։ Ավելի վիրավորական է, քան այն, երբ Արսեն Թորոսյանն ասում էր․ «թոշակառուներն ավելի երկար են ապրում. աշխատող քաղաքացիների բեռն ավելացել է»։ Թոշակառուն հասկանում է, որ ինքը բեռ է այս իշխանության համար։ Կան չէ՞ զավակներ, որ երբ ծնողն աշխատում, իրենց ապահովում է․ լա՜վն են, հիասքա՜նչ, իսկ երբ չեն աշխատում ու իրենց ձեռքին են նայում, Աստված չանի, բեռ են դառնում․․․ Մեր իշխանությունը հենց այդ անարժան զավակն է։ Ծնողի երեսին ասում է՝ բեռ ես, հետո տեսնում է, որ հանրության կողմից դա վատ է ընկալվում, մի երկու կոպեկ է շպրտում ծնողի երեսին, որ ասեն՝ ծնողին օգնու՜մ է․․․ Ծնողը շատ լավ է հասկանում, որ այդ 10 հազար դրամը իրեն տրորելու, նվաստացնելու գինն է։ Գիտի, որ անարժան զավակի համար ինքը բե՜ռ չէ, քանի դեռ պետք է։
Այնպես որ ոչ մեկի խորհուրդը պետք չի, թե թոշակառուն ինչ պիտի անի։ Նա իրեն նվաստացնող 10 հազար դրամի պատասխանը ունի։ Ու այդ պատասխանը կտա ընտրության օրը։