Հարցազրույց

«Հրապարակ». Երբեք չասեք, որ սրանք չեն հասկանում, կամ էլ անփորձ են, անգրագետ, ապիկար

«Հրապարակ». Երբեք չասեք, որ սրանք չեն հասկանում, կամ էլ անփորձ են, անգրագետ, ապիկար

Երեկվանից մեր իշխանությունները ցնծության մեջ են` ադրբեջանական կողմը Հայաստանին է վերադարձնում 32 հայ ռազմագերու` երկու հանցագործ, մարդասպան ադրբեջանցու դիմաց: Հայ ռազմագերիները շարքային զինծառայողներ են եղել, որոնք արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ են հայտնվել գերության մեջ: 2023 թվականի սեպտեմբերին գերության տարվեցին նաեւ Արցախի Հանրապետության նախկին նախագահները, պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու մի շարք բարձրաստիճան զինվորականներ, սակայն հայկական կողմը նրանց վերադարձի մասին չի խոսում: Գերիների թեմայով զրուցել ենք արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանի հետ:

- 32 հայ ռազմագերու է ադրբեջանական կողմը վերադարձնում Հայաստանին, երկու վտանգավոր հանցագործի` մարդասպան ադրբեջանցիների դիմաց: Հայ զինվորները փաստացի իրենց պարտքն են կատարել հայրենիքի առաջ, իսկ ադրբեջանցի հանցագործները սահման են հատել եւ խաղաղ բնակիչ սպանել: Բացի այդ` 50-ից ավելի ռազմագերի ունենք Ադրբեջանում, ինչո՞ւ են Հայաստանի իշխանություններն այս ամենը ներկայացնում մեծ ձեռքբերում, այն դեպքում, երբ Արցախի նախկին նախագահները, բարձրաստիճան պաշտոնյաներն ու զինվորականները մինչ օրս գերության մեջ են, եւ այս փոխանակումով նրանց վերադարձն առհասարակ ավելի անհնարին դարձավ:  

- Սրանք ժամանակին հրապարակավ ելույթ էին ունենում, ասում էին՝ գերիները թող երկու ամիս սպասեն, ի՞նչ կլինի որ, բայց այդ 32 գերիներին վերադարձնում են գրեթե երեք տարի անց: Այստեղ համարժեք փոխանակման մասին խոսք լինել չի կարող: Հայ ռազմագերիները նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման հաջորդ օրը պետք է վերադարձվեին Հայաստան: Բայց ադրբեջանական կողմը նրանց տարիներով պահեց եւ անընդհատ ինչ-որ բաներ պահանջեց նրանց վերադարձի դիմաց: Այսօր առանձնապես մեծ հանցագործություններ կատարած երկու ադրբեջանցու փոխանակում են օրենքով սահմանված վերադարձի ենթակա գերիների հետ: Սա, բնականաբար, չի կարող համարվել համաչափ փոխանակում: Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գերեվարումը շատ հաճախ անվանում են կալանավորում, բայց դա չի կարող լինել կալանավորում, այն հենց գերեվարում է: Նման պայմաններում ադրբեջանական կողմն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին չի վերադարձնի: Նրանք կմնան պատանդի կարգավիճակում: Օմեգա գործակալին օրերս հարց տվեցին, թե ինչ է արվում, որպեսզի Արցախի մեր ղեկավարները վերադարձվեն հայրենիք: Ոչ մի պատասխան չտրվեց, հարցից շեղվեցին, ինչու․ որովհետեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերեվարել է Նիկոլը` Ալիեւի հետ միասին: Բայրամովը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն այդ ցեղասպանության մասին տեղյակ է եղել, Էրդողանն էլ ասաց, որ ամեն ինչի մասին տեղյակ է եղել նույն Նիկոլ Փաշինյանը, բայց այս ստահակն ասում է, որ ինքը չի ներքաշվելու պատերազմի մեջ…. Այդքան բան: Այսինքն` ընտանիքի հայրը կարող է կողքից նայել, թե ինչպես է իր զավակը սպանվում, ու ձեռքերը ծալած նստել, որպեսզի հանկարծ պատերազմի մեջ չներքաշվի:

- Ուզում եք ասել, որ այս ամենն իշխանությունների սրտով է, հետեւաբար՝ ոչինչ չե՞ն անելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնելու ուղղությամբ:

- Նա մի անգամ ասաց, որ Ալիեւը պետք է ասի` ինչքան զիջել, որպեսզի ինքը հասկանա: Հիմա սրանք մեր գյուղերն անկլավ են անվանում, անգամ նման բան թշնամին չի ասում: Վաղը մեր գյուղերն են վերցնելու ազերիները, մյուս օրը` Սյունիքի միջով միջանցք, ու որպեսզի այդ ամենն էլ արդարացվի, Վրաստանում Փաշինյանը խոսեց ինչ-որ խաղաղության խաչմերուկի մասին՝ այդպիսով ողջ ՀՀ-ն դարձնելով Ադրբեջանի եւ Թուրքիայի համար միջանցք, եւ հետաքրքիրն այն է, որ նույնիսկ միջազգային կառույցներն այդ մասին նորմալ հայտարարություն չեն անում: Եթե նման զիջումների գնան այս իշխանությունները, գուցե Արցախի նախագահները վերադարձվեն, բայց ես կարծում եմ, որ ցմահ կազատազրկեն նրանց….

- Եթե ամեն բան այդքան վատ է, ինչո՞ւ են ցնծում իշխանությունները: Չե՞ն հասկանում, թե ինչ է կատարվում իրականում, թե՞ գիտակցված են նման քայլերի դիմում:

- Երբեք չասեք, որ սրանք չեն հասկանում, կամ էլ անփորձ, անգրագետ, ապիկար են, ոչ, սրանք լավ էլ հասկանում են, պարզապես դավաճանական ոհմակով մեզ տանում են կործանման: Լավ հասկանում են, թե ինչ են անում: Հիմա էլ նույնիսկ Ադրբեջանի հետ փոխադարձ հայտարարություններ են ներկայացնում: Ամեն րոպե սրանք Ալիեւի հետ կապի մեջ են, բնականաբար, նրա ցուցումներով էլ շարժվում են: Եթե մենք հույսներս կապենք այս իշխանությունների հետ, որ նրանք կվերադարձնեն արցախցի մեր եղբայրներին, ապա հաստատապես կարող եմ ասել` կհիասթափվենք:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image