Հասարակություն

Քաղաքագրություն. Երեւանը՝ Հայրենական պատերազմում

Քաղաքագրություն. Երեւանը՝ Հայրենական պատերազմում
Չնայած պատերազմի հետեւանքով առաջ եկած ծանր իրադրությանը, ֆինանսական ու մարդկային ռեսուրսների սուղ լինելուն, Երեւանում մեծ աշխատանք ծավալվեց նոր ձեռնարկություններ կառուցելու ուղղությամբ: Հիմնադրվեց ավտոդողերի գործարանը՝ ռեզինի արդյունաբերության առաջնեկը, որը շուտով դարձավ քաղաքի խոշոր ձեռնարկություններից մեկը: 1943 թվականին, երբ կատարվեցին գործարանն ստեղծելու առաջին քայլերը, հանրապետությունում համարյա չկային արտադրության այդ ճյուղի մասնագետներ: Երեւանցիներին օգնության հասավ Յարոսլավլի ավտոդողերի գործարանի կոլեկտիվը: Օգնության ուղարկված ինժեներների, տեխնիկների եւ որակյալ բանվորների խումբն ամենից առաջ սկսեց զբաղվել տեղում կադրերի պատրաստման գործով: Շուտով Մոսկվայի, Լենինգրադի եւ Օմսկի համապատասխան ձեռնարկություններից եւս մասնագետներ ժամանեցին Երեւան:



1943 թվականին երկաթե իրեր թողարկող արտելի բազայի վրա ստեղծվեց կոմպրեսորների գործարանը: Իր գործունեությունն սկսելով պոմպեր թողարկելուց՝ գործարանն արագորեն վերածվեց խոշոր ձեռնարկության, որն արտադրում է տեխնիկական կատարելագործված կոմպրեսորներ: Նոր տեխնիկան արմատավորելու եւ արտադրանքի նոր տեսակների թողարկումը յուրացնելու գործում Երեւանի կոմպրեսորների գործարանի կոլեկտիվին հետագայում մեծ օգնություն են ցույց տվել Ուկրաինական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Պատտոնի անվան էլեկտրազոդման գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցները:



Երեւանում 1944 թվականին ավտոմեքենաների վերանորոգման արհեստանոցը վերակազմակերպվեց որպես ավտոպահեստամասերի արտադրության գործարան: Նոր սարքավորումների տեղադրումը եւ արտադրանքի տեխնոլոգիայի յուրացումն այստեղ կատարվեցին Մոսկվայի Լիխաչովի անվան ավտոգործարանի ինժեներների ու տեխնիկների մասնակցությամբ, որոնք Երեւան էին ժամանել՝ օգնելու մեր այս մեքենաշինական ձեռնարկության երիտասարդ կոլեկտիվին: Երեւանցիները կարճ ժամանակում յուրացրին նոր արտադրանքի տեխնոլոգիան եւ արդեն իսկ պատերազմի ժամանակ սկսեցին թողարկել ավտոմեքենաների ու տրակտորների զանազան մասեր:



Հիմնադրվեց ժամացույցի գործարանը՝ Երեւանի սարքաշինական արդյունաբերության մեծ ձեռնարկություններից մեկը: Շահագործման հանձնեցին շարժիչների վերանորոգման, կաբելի, փոքր հիդրոտուրբինների, հացի նոր գործարանները, մահուդի ֆաբրիկան եւ այլն: Շարք մտնող այդ ձեռնարկությունները հագեցած էին նորագույն տեխնիկայով, դազգահներով եւ սարքավորումներով:



Երեւանի արդյունաբերական ձեռնարկությունների թիվն արդեն 1944 թվականի համեմատությամբ ավելացավ 15,4 տոկոսով: Եթե նկատի ունենանք, որ վերը թվարկված ձեռնարկությունների մի զգալի մասը շահագործման հանձնվեց 1945 թվականի ընթացքում, ապա այդ աճը կկազմի ավելի քան 25 տոկոս: 1944 թվականին քաղաքի արդյունաբերության մեջ կապիտալ ներդրումները 1942 թվականի 19,9 մլն-ի դիմաց կազմեցին 189 մլն ռուբլի:



Թ. Խ. Հակոբյան, Ա. Պ. Սիմոնյան. «Երեւան 2750»



Պատրաստեց **Արամ ՊԱՉՅԱՆԸ**







Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image