Քաղաքականություն

Քննադատության ստեղծումը

Քննադատության ստեղծումը
ԱԺ նիստի իր ելույթում Վահրամ Բաղդասարյանն ատելության ու թշնամանքի մթնոլորտից էր խոսում, որ մարդկանց մեջ համատարած ատելություն ու թշնամանք է տիրում: ՀՀԿ-ն ամբողջապես զոհի կաղապարի մեջ մտավ՝ ինչը ե՛ւ հաճելի է, ե՛ւ հարմարավետ, մանավանդ, երբ տասնյակ տարիներ հալածողներն ու հարստահարողները հենց իրենք են եղել: Բայց ՀՀԿ-ն ու ինքնախոստովանության ժանրը խիստ հակոտնյա բաներ են: Այո, տհաճ միջադեպեր եղել են, բարկության դրեւորումներ, չմոռանանք՝ մենք ունենք բարդ ներկա, բարդ իրականություն, որի հիմնադիրները, ահա, ատելությունից ու թշնամանքից են խոսում:



Այս օրերին Նիկոլն ամեն օր զգուշացրել է, խաղաղեցրել, ամեն առիթով հանդուրժողականության ու համերաշխության կոչեր է արել, դատապարտել է յուրաքանչյուր սադրանք, յուրաքանչյուր պարսավելի գործողություն, եւ նրա հորդորներին ականջալուր են եղել: Աներկբա՝ համերաշխության, օրինավորության ու արդարամտության հորդորները պիտի շարունակվեն, եւ հետայսու յուրաքանչյուր ոք ինքն իր մեջ պիտի կառուցի ըմբռնման, դիմացինին հարգելու՝ գոնե մեր երկրի իրականության համար հույժ կարեւոր այս անհրաժեշտությունը:



Այս պահին՝ նոր Հայաստանի առաջին ժամերին, կենսական հրամայական է՝ ստեղծել համահավաք, բաց ու ազնիվ քննադատության եղանակ, որը կառնչվի յուրաքանչյուր ոլորտի՝ ՀՀ իշխանություններին, հասարակական կազմակերպություններին, գործարարությանը, անձին, արարքին:



Քննադատության մի կերպ, որը մեզ մոտ ձեւավորված չի եղել, որը բացառապես միտված կլինի իսկության որոնումներին, այլ ոչ թե մեկի հաղթանակին, մյուսի պարտությանը, մեկի ստորացմանն ու մյուսի արժեւորմանը: Քննադատություն, որին պատրաստ կլինեն բոլորը, որի առջեւ բաց կլինեն իրատեսության դռները:



Իրական քննադատության զգացումի տոտալ բացակայության օրինակներից մեկն էլ այն էր, որ ՀՀԿ-ն շատ անգամներ քննադատությունն ատելության հետ էր շփոթում, Սերժ Սարգսյանը մինչեւ իսկ իշխանական համակարգը քննադատող լրագրողներին էր մերժում՝ մի քանի անգամ ցուցանելով իր դժգոհությունը:



Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է այդ քննադատության մթնոլորտի ստեղծման, ապահովման ու զարգացման երաշխիքներից մեկը լինել, մարդ, ով գործուն ինստիտուցիաներ ստեղծելով՝ վերջ կտա բոլոր ոլորտներում հաստատուն տեղ գտած նողկալի քծնանքին, արջի ծառայությանը, շողոմության ավերիչ «մշակույթին»:



**Արամ ՊԱՉՅԱՆ**

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image