Քաղաքականություն

Պուտինը կմիջնորդի՞ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով

Պուտինը կմիջնորդի՞ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով

Բաքու պետական այցի նախօրեին Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրանքով. բանակցությունների ընթացքում բարձրացնել Ադրբեջանում պահվող հայերի, այդ թվում՝ ԼՂՀ նախկին ղեկավարների հարցը։ Տեղեկությունը հայտնում են Ռուսաստանի հայերի միության գրասենյակից:

«ԼՂ-ից բռնի տեղահանված հարյուր հազարից ավելի հայերի, Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային և հոգևոր-կրոնական ժառանգության, ինչպես նաև մի քանի տասնյակ գերեվարված հայերի, այդ թվում՝ ԼՂՀ ղեկավարների ճակատագիրը, որոնք մոտ մեկ տարի է` ապօրինաբար պահվում են Ադրբեջանի բանտերում, չեն կարող չանհանգստացնել ոչ միայն աշխարհասփյուռ հայերին, այլև բոլոր նրանց, ովքեր ապրում են բարության և արդարության սկզբունքներով։ Ռուսաստանը միշտ առաջնորդվել է դրանցով»,- ասված է նամակում։

Միությունը ռուսաստանցի միլիոնավոր հայերի անունից դիմել է ՌԴ նախագահին` խնդրանքով. հնարավորինս ուշադրություն դարձնել այդ հարցերին Ադրբեջան կատարած պետական ​​այցի ընթացքում։ «Ձեր հեղինակությունը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ անձնական վստահելի հարաբերությունները մեզ հույս են ներշնչում այս հարցերում առաջընթացի հասնելու առումով»,- ասված է ՌՀՄ նաախագահ Արա Աբրահամյանի ուղերձում։

Մենք տեղեկացանք, որ այս օրերին ՌԴ նախագահին են դիմել նաեւ տարբեր անհատ անձինք, այդ թվում՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, մտավորականներ, որոնք եւս հույսեր են կապում, որ Վլադիմիր Պուտինը կկարողանա այդ հարցը լուծել։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ երկօրյա պետական այցով մեկնել է Բաքու, որտեղ բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ որոշ տեղեկությունների` երեկ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը քննարկել են հայ ռազմագերիների հայրենադարձման հարցը, և հավանական է, որ ռազմագերիներից մի քանիսն ազատ արձակվեն: Սա էապես կբարելավի սասանված ռուս-հայկական հարաբերությունները եւ դրական կազդի հայ հասարակության տրամադրվածության վրա՝ դեպի դաշնակից Ռուսաստանը, որը վերջին տարիներին նրան բազում հիասթափություններ է պատճառել, ինչին նպաստել է նաեւ ՔՊ-ականների ուղղորդված փիառը, որի արդյունքում Հայաստանում լուրջ հակառուսական տրամադրություններ են գեներացվել։ «Հրապարակն» այս թեմայով զրուցեց նախ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց.

«Անկեղծ ասած՝ ոչ մի ինֆորմացիա չունեմ այդ մասին և պետք է մի բան էլ նշեմ, որ հույս էլ չունեմ, որ կարող է նման զարգացում լինել: Ես այդպես եմ կարծում: Ոչ միայն սպասելիք ռուսներից չունեմ, այլև` առհասարակ»: 

Զրուցեցինք նաև ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ:

- Տիկին Ալավերդյան, ՌԴ-ում Հայերի միությունը դիմել է նախագահ Պուտինին` գերիների հարցով: Ռուսաստանը կառուցվածքային առումով այն երկրներից է, որտեղ դժվար թե հենց այնպես նախագահին նման հարցով դիմեին, եթե հավանակությունը մեծ չլիներ: Երեկ արդեն Պուտին-Ալիև ջերմ հանդիպում է տեղի ունեցել: Ի՞նչ եք կարծում` գերիների հայրենադարձումը որքանո՞վ է հավանական:

- Ադրբեջանը համարում է, որ բոլոր ռազմագերիներն իր տարածքում հայտնված անձինք են, ովքեր Ադրբեջան են մուտք գործել անօրինական ճանապարհով: ՀՀ կառավարությունն էլ մի որոշում է ընդունել, ըստ որի` այդ անձինք համարվում են ապատրիտ` քաղաքացիություն չունեցող: Այս առումով միայն տեսականորեն, երբ խոսքը գնում է այն մասին, թե ինչ անել նրանց վերադարձի ուղղությամբ, այո, Հայաստանը կարող է ընկալվել երրորդ երկիր, ինչը խիստ կասկածում եմ: Առաջ չի եղել նման բան, այն բավականին երկար պրոցես է, նախ ՄԱԿ-ին են դիմում, իսկ ՄԱԿ-ն ընտրում է այն պետությանը, որը կհամաձայնի ընդունել մեր գերիներին: Մենք ունենք մի հրաշալի դեպք, երբ երրորդ երկրի միջոցով անձինք տեղափոխվել են: ՊՆ աշխատակցի անունն էլ հիշում եմ, որի միջոցով պրոցեսը կյանքի էր կոչվել` Սամվել Ասատրյան: Ունենք ավելի քան երեք-չորս դեպք, երբ գերիները Հայաստան վերադառնալու փոխարեն գտնվում են երրորդ երկրում:

- Բայց հիմա խոսքը հայրենադարձման մասին է:

- Հայրենադարձումն ամենալավ տարբերակն է: Բայց ես կարծում եմ, որ այն քիչ հավանական է, մենք` բոլորս էլ գիտենք Իլհամ Ալիևի խորամանկությունը, ու դժվար է նման բան պատկերացնելը: Ուղղակի COP 29-ից առաջ ուզում է ցույց տալ, որ ինքը մարդասեր է, մարդու իրավունքները գնահատում է և այլն, բայց իրականում դա անում է զուտ Ադրբեջանի իմիջի համար:

- Իսկ ի՞նչ կարող է Ալիևը պահանջել Ռուսաստանից` գերիների հայրենադարձման դիմաց:

- Ռուսաստանը դա հենց այնպես չի անի: ՌԴ-ն շահագրգռված չէ, որ Հայաստանն այս տեմպով գնա: Այդ քայլով Ռուսաստանը կարող է դրական նոտա ստեղծել հայ հասարակության շրջանում և բարձրացնել իր իմիջը: Դա կարող է շահեկան լինել նաև այն առումով, որ աշխարհաքաղաքական հարաբերություններում առհասարակ անդաստիարակություն է հարաբերություններ փչացնելը մի երկրի հետ, որի հետ դադարեցնում ես համագործակցությունը: Եթե անգամ փոխում ես արտաքին վեկտորի ուղղվածությունը, անգամ այդ պարագայում չի կարելի դաշնակից պետության հետ կոպիտ վարվել, ի դեպ, այդպես վարվում են մեր այսօրվա իշխանությունները:

- Բայց հավանական չե՞ք համարում, որ գոնե մի քանի գերի ազատ կարձակվի:

- Այստեղ խնդիրն այն է, որ, այո, կարող են մի քանիսին ազատ արձակել, բայց ոչ ռազմաքաղաքական ղեկավարներին:

- Կամ՝ հակառակը․ ղեկավարներին ազատ արձակեն, մյուսներին պահեն:

- Այո, գուցե:

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image