Քաղաքականություն

Մեղադրանք չէ՝ դուք նույնն եք

Մեղադրանք չէ՝ դուք նույնն եք
Անխուսափելիորեն մահվան դատապարտվածին, վերջին օրեր ապրողին չխանգարենք գոնե սեփական մահճում խաղաղորեն հանգչել: Մեռնելու իրավունք ունի ամեն ոք, ու անիմաստ է տանջել, վերստին տառապեցնել հանգուցյալին, ով վաղուց այլեւս խոսելու, շարժվելու, անգամ տարերայնորեն լինելու ունակություն չունի: Փողոցային ընդվզման, բողոքի, ապստամբության կոչերը մեռյալի ականջին հնչող շշուկներ են: Պատասխանել այդ շշուկներին՝ նա չի կարող: Մեղադրել նրան այդ արդարացի լռության համար՝ անորոշ հանցանք է:



Հայաստանում իշխանությունը հաղթանակ է տարել ինքն իր հանդեպ, ինքն իր համար, ինքն իր մեջ՝ խեւի ժպիտ դեմքին, զառանցանքն ու անլրջությունը՝ շուրթերին: Բայց արդյոք դա հաղթանա՞կ է, արդյոք մեռյալներն ունա՞կ են մրցել միմյանց հետ, հաղթել ու պարտվել անգոյության ու անիմաստության այս խիտ ծավալի մեջ: Դուրս գալ փողոց ու բողոքել իշխանության դեմ, չհամակերպվել տիրող կարգերին, չհամակերպվել աղքատությանը, անարդարությանը, պահանջել օրինականություն... այդպես է եղել, միշտ ավելի մեծ ու կշռավոր հարգանք են ներշնչել նրանք, ովքեր իրացրել ու իրականացրել են այս պատվաբեր գործառույթները եւ միշտ պարսավանքի են արժանացել անտարբերները, լռողները, համակերպվողները, ծնկողները: Կենդանի մեռելներ հենց նրանք են համարվել՝ անբարոյականները, ծախվածները՝ մարդիկ, ովքեր, ըստ «արժանավորների», աներկբա, ամբողջապես արժանի են երկրում միատարր կարգեր հաստատած իշխանություններին:



Ինչ հեշտ է գտնել «սեփական բարձրությունդ, ապստամբությունդ», «արժանավորությունդ», «կեցությանդ իմաստալից իմաստը» վերահաստատող մի նսեմ, ցածրակարգ թիրախ, մի թիրախ, որի նսեմությունը, ցածրակարգ լինելը քեզ կյանք է ապահովում՝ գործելու, շնչելու, երազելու բացառիկ հնարավորություն:



Ու քանի կա նման տարանջատում, լինելու է նաեւ հանապազօրյա կռվանը, գտնվելու են, ստեղծվելու են, հորինվելու են հարյուրավոր թեմաներ, որոնք հագեցնելու են հանրույթի օրերը, ամիսները, տարիները ու գուցե նաեւ՝ դարերը: Ի վերջո, մարդիկ ընտրելու իրավունք ունեն, անգամ, երբ իրենց փոխարեն են ընտրում, երբ իրենց փոխարեն են քվեարկում, իրենց փոխարեն են թշնամիներ, ազգային գաղափարներ կերտում, նույնիսկ, երբ իրենց փոխարեն են հենց իրենց սպանում:



Մեռած բանի համար ափսոսալն ինքդ քեզ արդարացնելն է, մեռած բանի վեջն էլ չէ, թե դու ինչ տվայտանքների մեջ ես՝ իբր թե ծնկողի փոխարեն ամաչում ես, ուզում ես վերաշրջել նրա «ողորմելի» կեցությունը, մարդեղենացնել նրա, ըստ քեզ՝ ամոթալի գոյությունը: Բայց դուք նույնն եք, դուք նույնությունն եք:





**Արամ ՊԱՉՅԱՆ**

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image