Քաղաքականություն

Նախագահի նախագահը

Նախագահի նախագահը
Հայաստանի Հանրապետությունը նախագահականից անցավ կառավարման խորհրդարանական համակարգի, այնպես սահուն, այնպես «օրինավոր», որ քիչ մնաց շարմազանովներն ու աշոտյանները երջանկությունից ու հպարտությունից հոնգուր-հոնգուր լաց լինեին, եւ, ով իմանա՝ գուցե այդօրինակ հաղթանակի հուզմունքից կուլիսներում նաեւ արցունք է հեղվել: Կառավարման համակարգը սլացիկ, առանց դիմադրության, առանց ալեկոծումների ու ընդվզումների փոխվեց, որպեսզի Սերժ Սարգսյանի իշխանությունը՝ «կարկառուն, բազմաբովանդակ թիմով» հանդերձ, մշտատեւ լինի: Իրապես՝ որքանո՞վ ժողովուրդը մասնակցեց այս հույժ կարեւոր, պետության համար լրջագույն վերափոխության գործընթացին, կարո՞ղ ենք քվեի վաճառքը, մարդկանց կողմից թույլ տրված սխալները, թերացումները, անտարբերությունն ու պասիվությունը որոշակիորեն մասնակցություն համարել: Այնպիսի տպավորություն է, որ ոչ թե իշխանությունն է մարգինալացել, այլ հենց ժողովուրդը՝ մի տեսակ հետ քաշվելով, մերժելով քաղաքական կյանքի հնարավոր ձեւերը, այդ պետության կյանքին մասնակցելու ցանկությունը:



Մեռցնելով քաղաքական դաշտը, լճացնելով հասարակական կյանքը, ակտիվության տարրական հնարավորությունը, իշխանությունը հանրույթին պարզապես արմատախիլ անելով՝ դուրս շպրտեց քաղաքական իրողությունների, գործառույթների կենսական տիրույթից: Կառավարման կարգը փոխվել է, ու, թվում է՝ առհասարակ այդ կարգը ժողովրդին չի վերաբերում, այդ կարգի բովանդակությունից քչերն են տեղյակ, քչերն են հետաքրքրված դեպքերով ու եղելություններով, որոնք ծավալվում են ուղղակի մի փողոց այն կողմ գտնվող շենքում, ուր բուռն քննարկումներ ծավալած անձինք նույնիսկ պատկերացում էլ չունեն, թե որքան անցանկալի են իրենք, որքան անհեթեթ են իրենց շուրթերից հնչում թեկուզ դիպուկ ճշմարտությունն ու խնդրականացրած մի որեւէ հարց:



Կարծես օրեր առաջ Հայաստանի Հանրապետությունում կարեւոր մի բան տեղի ունեցավ՝ նշանակվեց նախագահ: Հայաստանը նոր նախագահ ունի, բայց դե՝ գնա համոզի, որ այդ նախագահը բնավ Սերժ Սարգսյանը չէ, այլ նույնիսկ անուն-ազգանունով, կատարելապես մեկ ուրիշ մարդ, եւ այդ մարդն Արմեն Սարգսյանն է, հիշո՞ւմ եք, ում վերստին երկրորդ անգամ լոնդոններից բերեցին Հայաստան, որպեսզի գոնե երկրորդ անգամ փրկի հայրենիքը:



Կարծես օրեր առաջ էր, որ այդ լուրջ բանը տեղի ունեցավ․ ահա, Հայաստանի չորրորդ նախագահը ծնվեց՝ սուսուփուս, առանց ավելորդ աժիոտաժի, ու, ըստ երեւույթին, ճիշտ են այն մտահոգությունները, այն կասկածները, թե հանրապետությունում սրա մասին քչերը գիտեն: Տեղին կլիներ, որ Արմեն Սարգսյանի թիմը մարզերում շրջայց կատարելով՝ բարձրախոսով իրազեկեր մարդկանց՝ հավատացնելով նրանց, որ չորրորդ նախագահն իրոք Սերժ Սարգսյանը չէ: Փաստացի չորրորդ նախագահի նշանակումը ոչնչով աչքի չընկավ, միայն նշանակման ընթացակարգով: Նախագահը նշանակվեց եւ դարձավ նախագահի նախագահը: Հերթը վարչապետինն է, ապրիլ ամսին նախագահի նախագահը կընտրի վարչապետին, բայց այս դեպքում արդեն ժողովրդին իրազեկելու կարիք էլ չի լինի:







**Արամ ՊԱՉՅԱՆ**

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով...

×
Gallery Image