Հասարակություն

Քաղաքից վտարված

Քաղաքից վտարված
Երեւանում քիչ փողոցներ են մնացել, մայթեր, որոնցով դեռ կարելի է կողք կողքի քայլել, այնպես ներդաշնակ, առանց անհարթությունների ու խութերի, որ զրույց ստացվի, որ խոսակցության ամենահետաքրքիր, դուրեկան պահին հանկարծ չհայտնաբերես, որ ոչ թե զրուցակցիդ հետ ես շփվում, այլ վաղուց ինքդ քեզ ես մենախոսում, իսկ զրուցակիցդ կա՛մ փոսն է ընկել, կա՛մ մայթն ընդհատող որեւէ ամբարտակ հաղթահարելու, այն շրջանցելու համար մխրճվել է մայրուղու բանուկ երթեւեկության մեջ ու այդպես գլուխը տնկած, մեքենայի տակ ընկնելու հավանականությունը մտքում՝ շարունակում է առաջանալ։



Քաղաքաբնակների վտարումը փողոցներից, մայթերից, բակերից ու հանրային գոտիներից շարունակվում է՝ ի դեմս Երեւանի կենտրոնի արձանախեղդության։ Մետրոյի հարեւանությամբ, Արամի եւ Նալբանդյան փողոցների հատման կետում, արդեն իսկ սկսված է հերթական տխուր գերեզմանափորությունը՝ շուտով կտեղադրվի այդչափ չարչրկված Արամ Մանուկյանի մոնումենտը։



Տարածությունը, ազատության, շնչառության այն զգացումը, որ ունենում ես Նալբանդյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ իջնելիս, իհարկե՝ մետրոյի հարակից տարածքով հանդերձ, որն էլ հենց ապահովում է նման ընկալումը, այլեւս ընդհատվելու է, ներհակվելու հերթական մեծահռչակ, «ազգի գոյատեւման, ազգի ոգեղենության պահպանման համար» պատրաստված բազալտե, բրոնզե մի կշռավորությամբ։



Այս հանրային տարածքը, տուֆե սալերը, որի վրա սիրում էին նստոտել, հանգստանալ երիտասարդները, որը կարող էր զարգանալ, կանաչապատվել, ավելի հետաքրքրական դառնալ, ահա, պարզապես նվաճվում է՝ սնամեջ գաղափարախոսների, արձաններ տնկող, արձաններով պատվախնդրություն, ազգայնականություն կերտողների կողմից, որոնց երեխաներն ամեն անգամ այդ կալանված գոտով անցնելիս դժվար թե կանգնեն ու հիացած այդ արձանին նայեն։ Նրանք աշխատելու են հապճեպորեն շրջանցել այդ ծանրակերտ պարտադրանքը, փորձելու են իրենց քաղաքում գտնել գիտակցությունն ու մարմինը հանգստացնող հանրային գոտիներ, կանաչապատ տարածքներ, ծառեր են փնտրելու, զովասուն վայրեր։



Սա հերթական մաքուր վտարումն է, նսեմացում ու պարտադրանք, նաեւ արհամարհանք քաղաքում հանրային գոտու, տեղի, կանաչ տարածության այդչափ կարեւոր զգացման նկատմամբ, որ ունենում էինք քաղաքի կենտրոնով քայլելիս։ Ահա՝ կենտրոնը դարձավ ուղղակի ծանր, անկենդան դամբանաքարերով լեցուն մի գերեզմանոց։



**Արամ ՊԱՉՅԱՆ**

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով...

×
Gallery Image