Քաղաքականություն

Քաղաքագրություն. Երեվանի բնակիչները

Քաղաքագրություն. Երեվանի բնակիչները
Մարդահամարը եւ պաշտոնական այլ տվյալները ցույց են տալիս, որ Երեւանի բնակչության թվի ավելացումն ավելի մեծ չափերով կապված էր ոչ թե բնական աճի հետ, որը կազմում էր միայն մոտ մեկ տոկոս, այլ մեխանիկական աճի: Անդրկովկասի քաղաքների մեջ Երեւանի բնակչության ընդհանուր աճը ետ էր մնում միայն Բաքվի բնակչության աճից: Բնակչության թվով Երեւանը Երեւանի նահանգում 20-րդ դարի սկզբներին արդեն գրավում էր առաջին տեղը՝ Ալեքսանդրապոլին մղելով երկրորդ տեղը:



Երեւանի բուն բնակիչների մեջ երկարակյացներ չէին լինում: Քաղաքային բժիշկ Լ. Տիգրանյանը, որն իր պաշտոնավարության ընթացքում մոտիկից ծանոթացել էր երեւանցիների կյանքի ու կենցաղի պայմաններին, գրում է, թե Երեւանի 100 տարեկանները (որի տակ նա նկատի ունի ընդհանրապես երկարակյացներին), «մեծ մասամբ եկովի են, բերել են իրենց հետ առողջ կազմվածք»: Բնակչության բնական աճի դանդաղ լինելը եւ կյանքի կարճատեւությունն ու երեւանցու վատառողջ օրգանիզմի գլխավոր պատճառը համարելով վառատողջ ջուրը, օդը, փոշին ու վատ պայմանները՝ դրա հետ միաժամանակ գիտակ բժիշկը տալիս է հին երեւանցու արտաքին կազմվածքի ու առողջական վիճակի իրական ու պատկերավոր նկարագրությունը:



Երեւանը մեծ հետաքրքրություն կարող է ներկայացնել ազգագրական առումով: Նրա բնակիչների մեծագույն մասը եկել էր տարբեր տեղերից եւ ուներ տարբեր սովորույթներ ու արտաքին կառուցվածք, բնավորության տարբեր գծեր: Նախասովետական շրջանի Երեւանն իր կուլտուրական ու տնտեսական ցածր մակարդակով չէր կարող համահարթել բնակիչների հետ Հայաստանի ամենատարբեր շրջաններից եկող այդ առանձնահատկությունները: Այնուամենայնիվ, Երեւանի բնիկ բնակչության սովորույթներն ու սովորությունները, ճաշերը, հագուստի ձեւն ու ծեսերը իշխող էին ամբողջ քաղաքում:



Առանձնապես հետաքրքիր նյութեր կան նշանդրեքի, հարսանիքի, մկրտության եւ թաղման ծեսերի վերաբերյալ, որոնց ուսումնասիրությունը կարող է օգնել հին Երեւանի ընդհանուր բնութագրի ամբողջացմանը: Երեւանի բնակիչների մեջ եղել են եւ վատ սովորություններ՝ հարսանիքների ու քեֆերի ժամանակ աղմուկ-աղաղակ ու ծե,ծ «սադ» կոչված խորտկարաններում գինարբուքը եւ զուռնայի կամ դուդուկի նվագակցության տակ ղոչիների քեֆ անելն ու գզվռտոց սարքելը անպակաս էին քաղաքում եւ խանգարում էին քաղաքացիների անդորրը: Մեծ չարիք էր նաեւ թղթախաղը:



**Թ. Խ. Հակոբյան, Ա. Պ. Սիմոնյան՝ «Երեւան 2750»**



**Արամ ՊԱՉՅԱՆ**

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image