Մշակույթ

Քաղաքագրություն. Ս. Զորյան՝ «Երևան»

Քաղաքագրություն. Ս. Զորյան՝ «Երևան»
_Հատվածներ համանուն ակնարկից_



Անատոլ Ֆրանսը մի տեղ գրում է, թե հին աշխարհը (Արեւելքը) ունեցել է երեք սրբազան քաղաք - Բենարես, Բաղդադ եւ Երեւան: Թե որտեղից է քաղել մեծ սկեպտիկն իր այս տեղեկությունը, անհայտ է մեզ, բայց Երեւանն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է - այդ ապացուցելու կարիք չկա, որովհետեւ այդ մասին խոսում են սեպագիր արձանագրությունները, որոնք նրա հիմնադրությունը հասցնում են մինչեւ ուրարտական շրջանը, իսկ հայ հին պատմագիրները վերագրում են այն հայոց Երվանդ թագավորին, որ ապրել է Քրիստոսի ծննդից առաջ եւ Արարատի դաշտում կառուցել է մի քանի քաղաքներ, որոնց եւ տվել է իր անունը, ինչպես, օրինակ, Երվանդակերտ, Երվանդաշատ եւ այլն: Դարերի ավերիչ ժանիքները եւ նվաճողների հորդաները մաշել, ավերել են հայկական հնագույն քաղաքները, ու դրանցից կանգուն է մնացել միայն Երեւանը, որ տեսել է ե՛ւ հռոմեական լեգեոններ, ե՛ւ արաբական սատրապներ, ե՛ւ սելջուկների ավերիչ խուժաններ, ե՛ւ պարսից ֆառաշներ ու սարդարներ, ե՛ւ, վերջապես, ռուս չինովնիկներ ու Նիկոլայ Առաջին ցարին, որ այցելեց նրան 1837թվին - պարսիկներից նվաճելուց հետո տասը տարի հետո:



Այսպես, խորին հնությունից է սկսվում Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքի կենսագրությունը: Բայց մեր նպատակը չէ տալ նրա հազարամյակներ ունեցող կյանքի պատմությունը, որ կազմված է որքան հուզիչ, նույնքան եւ հետաքրքրական դրվագներից: Մենք կուզեինք մի թեթեւ ծանոթություն տալ, թե ինչ է եղել Երեւանը մոտիկ անցյալում եւ ինչ է իրենից ներկայացնում այսօր: Եվ դա անհրաժեշտ է, որովհետեւ միության մասսաները, «Известия»-ի ընթերցողները երեւի շատ քիչ բան գիտեն Երեւանի մասին:



Մեզ համար, հայերիս համար, Երեւանը սրբազան քաղաք է ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի հին քաղաքներից մեկն է եւ այսօրվա մեր մայրաքաղաքը, այլեւ այն պատճառով, որ նա մեր այսօրվա կուլտուրայի օրրանն է, մեր լուսավորության կենտրոնը, մեր արվեստի, գիտության ու գրականության վառ օջախը. մի խոսքով - Հայաստանի սիրտը: Երեւանում են կենտրոնացած Հայաստանի բազմադարյան կուլտուրայի գանձերը, կուլտուրական-գիտական հաստատությունները, բարձրագույն կրթարանները, մտավորականությունը եւ այլն, եւ այլն:



Ինչպես միության ամեն մի քաղաք իր կյանքը բաժանում է երկու մասի - մինչեւ խորհրդայնացում եւ խորհրդայնացումից հետո - այդպես է Երեւանը:



Մինչեւ 1914թ. պատերազմը նա մի երկրորդական, ծայրերկրի նահանգական կենտրոն էր, բայց, փաստորեն, մի հետամնաց, պրովինցիալ քաղաք՝ նեղլիկ, ծուռումուռ, անսալահատակ փողոցներով, ուր գիշերները տիրում էր անթափանց խավար, մարդիկ ման էին գալիս լապտերներով, ենթարկվելով միշտ կողոպտվելու վտանգին: Տները միհարկանի էին, մեծ մասամբ կավաշեն ու կավածեփ, իսկ հատուկենտ երկհարկանի տները պատկանում էին վաճառականներին, որոնք եւ գլխավորապես հանդիսանում էին քաղաքի հայրերը, բայց որովհետեւ նրանց շահագրգռությունն իրենց խանութից ու գրպանից դենը չէր անցնում։ Նրանք չէին էլ կարող մտածել բարեկարգ քաղաք ունենալու մասին, ուստիեւ քաղաքը ձեւում էին, Գյոթեի խոսքերով ասած՝ «իրենց հասակի ու խելքի համեմատ»:



Քաղաքի բարեկարգությանն ու շինարարությանը չէր նպաստում, հարկավ, եւ ցարական իշխանությունը: Այդ պատճառով քաղաքի կոմունալ տարածությունը սահմանափակվում էր մի ջրմուղով, մի թշվառ ձիակառքով, որ 18 թվին արդեն դադարեց գործելուց, մի երկու աննշան բաղնիքով, իսկ արդյունաբերությունը՝ կոնյակի մի գործարանով եւ մանր տնայնագործական ձեռնարկներով: Ավելի լավ դրության մեջ չէր կրթական-լուսավորական գործը: Նախ ցարական իշխանությունն ամեն տեսակ արգելքներ էր հարուցում հայերի կրթական-լուսավորական գործի առաջ, երկու անգամ հայկական դպրոցները փակելով՝ նա անուղղակի հարկադրում էր, որ հայ երեխաները մտնեն ռուսական դպրոցներ, եւ դրա համար նա (ցարական իշխանությունը) Երեւանում հիմնել էր երկու գիմնազիա - մեկը՝ տղայոց, մյուսը՝ օրիորդաց, մի ուսուցչական սեմինարիա, քաղաքային դպրոց, որոնք եւ գտնվում էին եկեղեցու հսկողության ներքո եւ առաջնորդվում էին նրա ծրագրով:



Պատրաստեց **Արամ ՊԱՉՅԱՆԸ**

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image