Մշակույթ

Ռուբեն Զարյանի հուշերից

Ռուբեն Զարյանի հուշերից
Երեւան քաղաքի Աբովյան եւ Սվերդլով փողոցների անկյունում հանքային ջրերի մի խանութ կա: 30-ական թվականների առաջին տարիներին այդտեղ գրախանութ էր: Գրավաճառը քառասունն անց մարդ էր՝ Տիգրան անունով, ազգանունը՝ Խոջայան: Ուներ կիրթ վարվեցողություն, սիրալիր պահվածք, խոսքի մեջ զգացվում էր ժողովրդական բարբառային շերտ:



Ո՞վ միայն չէր լինում Տիգրանի գրախանութում՝ Չարենց, Բակունց, Զարյան, Մահարի, Նորենց, Տարոնցի, Ալազան, Հախումյան: Ասես գրողների հավաքատեղին լիներ: Երբեմն էլ երեւում էին Եղիա Չուբարը, Դրաստամատ Սիմոնյանը: Հայտնի իրավաբան կար՝ Ջանբուլադյան, որ նույնպես հաճախ էր լինում այնտեղ: Ակսելը գալիս էր՝ անկախ գիրք առնելու նպատակից: Գալիս էր Տիգրանի հետ պարզ զրույցի: Հազվադեպ, բայց երեւում էր նաեւ Վշտունին: Գալիս էին կեսօրից հետո, երբ ավարտված էին համարում տան աշխատանքները: Ծայր էին առնում զրույցը, կատակներն ու սրախոսությունները: Չարենցը, որ մի բան պատմում էր, տպավորությունն այնպես էր, թե Տիգրանին է ասում, նրան էր նայում, մեկ-մեկ էր միայն մյուսների կողմը դառնում: Տիգրանը ժպիտը դեմքին հետեւում էր գրողների ու արվեստագետների խոսքին:



Երբեմն էլ Տիգրանին տեսնում էի Գոյ-մեջետում՝ գրողների հետ թեյ խմելիս: Գրողները գալիս էին, գնում՝ ինքը մնում էր: Նա մոտ էր ապրում: Ժամերով նստում էր, գրողներն ու արվեստագետները վիճում էին, ինքը խոսք չէր ասում, համարում էր, որ իրեն ձայն չի հասնում: Երբ Չարենցի կամ Բակունցի մասին աննպաստ որեւէ խոսք էին ասում, թողնում էր հեռանում:



Տիգրանին լավ էին վերաբերվում գրողները, պարզապես սիրում էին: Սիրում էին նրա բնավորությունը, այն հեզ ու բարեհամբյուր վարվեցողությունը, որ ուներ իր խանութի հաճախորդների հանդեպ: Ես հասկացա Տիգրանի գաղտնիքը․ նա պաշտոն չէր կատարում, ոչ էլ՝ պարտականություն: Նա իր գործն էր անում: Անձնականը, սեփականը: Թեեւ աշխատավարձից բացի, հավելյալ ոչ մի կոպեկ չուներ: Եթե չասեմ, որ վնաս ուներ: Երբ Չարենցը հիվանդանում էր, նրան գիրք էր ուղարկում, լավ իմանալով, թե բանաստեղծին ինչ է հարկավոր: Չարենցն էլ երբեմն, եթե անմիջապես չէր վճարում, պատահում էր, որ մոռանում էր: Տիգրանը ձայն չէր հանում, չէր հիշեցնում:



Չարենցի համար ծանր օրերին Տիգրանը Բաղդո անունով մի երիտասարդի միջոցով գրքեր էր ուղարկում նրան: Բանաստեղծը, որ այդ ժամանակ հազվադեպ էր փողոց դուրս գալիս, մի օր հանդիպել է իր գրավաճառ բարեկամին:



-Տիգրան, բոլորն ինձ մոռացան, միայն դու ես ինձ հիշում: Հոգաչափ շնորհակալ եմ:



Տիգրանը ծնվել էր 1892 թվականին: Հայրը՝ Ստեփանը, գդակ կարող էր եղել: Թեեւ արհեստավոր, բայց գրասեր մի անձ էր, տանը գրադարան ուներ՝ «Հյուսիսափայլի», «Փորձի», «Մուրճի» առանձին համարներ: Նաեւ գեղարվեստական գրքեր՝ Րաֆֆի, Պատկանյան, Շահազիզ… Գանձակում բոլոր արհեստավորներին ուստա էին ասում, միայն իրեն, որպես լուսավորված մարդու, վարպետ են կոչել: Գանձակը գրադարան ուներ, թատրոն, ակումբ: Աղջիկների ու տղաների մեկ-երկու դպրոց: Տիգրանն ավարտել էր վեց դասարան: Նույն դպրոցն էր ավարտել նաեւ Սիմոն Հակոբյանը: Անցել էր Թիֆլիս, աշխատել թերթերի խմբագրատանը: Երեւան տեղափոխվել է 1924 թվականին եւ զբաղվել գրավաճառությամբ: Սկզբում աշխատել է Աբովյան փողոցի գրախանութում, որն ամենամեծն էր: Սվերդլովի փողոցի գրախանութն ստեղծվել էր 1928 թվականին՝ իր առաջարկով եւ նախաձեռնությամբ:



Ռ. Զարյան՝ «Մայրամուտից առաջ»



Պատրաստեց **Արամ ՊԱՉՅԱՆԸ**

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image