Հասարակություն

Քաղաքագրություն. Երևանի կանաչապատումը

Քաղաքագրություն. Երևանի կանաչապատումը
Երևանի նման խիստ կոնտինենտալ կլիմա ունեցող քաղաքի համար հատկապես մեծ է կանաչապատ զանգվածների նշանակությունը, դրանք նպաստում են մի կողմից ամառային շոգի, մյուս կողմից՝ ուժեղ քամիների մեղմացմանը, միաժամանակ մաքրում են օդը: Կանաչ շինարարությունը, որ ծավալվել է դեռևս 1930-ական թվականներին, քաղաքի բարեկարգման աշխատանքների բաղկացուցիչ մասն է: Բնակչության ակտիվ ջանքերով դեռևս այդ տարիներին կանաչապատվեցին Նորքի և Քանաքեռի լանջերը, ավելի քան 300 հեկտար տարածություն:



Ստեղծվեցին Կիրովի և Ղուկասյանի պուրակները, վերակառուցվեցին Կոմերիտմիության և 26 կոմունարների անվան զբոսայգիները: Ծառապատվում էին փողոցները: Այս ամենի շնորհիվ կանաչը աստիճանաբար սկսում է ավելի ու ավելի ընդարձակ տեղ գրավել քաղաքի քարտեզի վրա: 1967թվականին արագ տեմպերով առաջ էր ընթանում Երևանի և նրա շրջապատի կանաչապատումը: Քաղաքի շրջակայքում արդեն կանաչապատվել է 6000 հեկտար տարածություն, որից 2000-ը պտղատու այգիներ են: Կանաչ է հագել Հրազդանի ձորից ու Ծիծեռնակաբերդից մինչև Հաղթանակի զբոսայգի, զբոսայգուց մինչև Արին-բերդ, Ավանի ձորով մինչև Ջրվեժ ու Ողջաբերդ ընկած գոտին: Բուն քաղաքում կանաչապատ տարածությունը 1967թվականին կազմում էր մոտ հազար հեկտար:



Վերակառուցվել են պուրակներ ու զբոսայգիներ՝ 26 կոմունարների այգին, Կոմերիտմիության զբոսայգին, Ղուկասյանի անվան պուրակը և այլն: Մեծ չափով ավելացել են քաղաքի ջրածածկ տարածությունները, նրա տարբեր մասերում կառուցվել են մի շարք արհեստական լճեր, այդ թվում Կարապի լիճը` Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի պուրակում, Արևիկը` Հաղթանակի զբոսայգում, Ազատության և Հոկտեմբերյան պողոտաների, օղակաձև զբոսայգու լճերը: 1967թվականին ավարտվեց Երևանի ջրամբարի կառուցումը Հրազդանի վրա: Քաղաքային տնտեսության զարգացմանը, մասնավորապես կանաչապատմանը և փողոցների ու հրապարակների կառուցմանն ու բարեկարգմանը շաբաթօրյակների միջոցով եռանդուն մասնակցում է քաղաքի աշխատավորությունը: 1950-52թվականներին շաբաթօրյակներով ստեղծվեց Ծիծեռնակաբերդի զբոսայգին, արտադրական ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների ու պետական հիմնարկների աշխատողները քարից ազատեցին ավելի քան 150 հեկտար հող և այգի դարձրին հազարամյակներ շարունակ անմշակ ու լերկ այդ տարածությունները:



Շաբաթօրյակներով նրանք բարեկարգեցին Աբովյան և Կիևյան փողոցները, Օրջոնոկիձեի, Ազատության, Հոկտեմբերյան, Մյասնիկյան պողոտաները և շատ ուրիշ մայրուղիներ, բակերի ու տների միջև տարածությունները: Համաքաղաքային շաբաթօրյակի օր է ապրիլի առաջին կիրակին, այդ օրը հարյուր հազարավոր երևանցիներ միշտ դուրս են գալիս ծառատնկման, բարեկարգում բակերը: Այսպիսով Երևանում ստեղծվել է քաղաքաjին տնտեսություն, որի շնորհիվ հնարավոր է դարձել իսկական հեղաշրջում կատարել բնակչության սոցիալ-տնտեսական ու կուլտուրական կենցաղային կյանքում։



**Ա. Պ. Սիմոնյան «Երևան» 1968թ.**



**Պատրաստեց Արամ Պաչյանը**

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image