Հասարակություն

Քաղաքագրություն. Երեւանը եւ գյուղը

Քաղաքագրություն. Երեւանը եւ գյուղը
Երեւանի դերը հայ գյուղի վերափոխման ասպարեզում նախ կայացավ այն բանում, որ, ստեղծվելով իր մոտ թեթեւ ու սննդի ժամանակակից արդյունաբերություն, նա դրանով իսկ նպաստեց նրանց հումք մատակարարող գյուղատնտեսական արտադրության զարգացմանը, քաղաքի եւ գյուղի միջեւ արտադրական կապերի ծավալմանը: Իսկապես, եթե հայ գյուղացին մինչհեղափոխական շրջանում քաղաքի հետ գործ ունենալիս, որպես կանոն, երես էր դարձնում Երեւանից՝ իր հայացքն ուղղելով ամենից առաջ դեպի Բաքուն ու Թիֆլիսը, ապա սոցիալիստական Երեւանի զարգացմամբ նրա համար բացվեց մի նոր ճանապարհ, մի նոր աշխարհ, ուր նա կարող էր անհամեմատ ավելի հեշտ ու եկամտաբեր լուծել իրեն հուզող տնտեսական ու կուլտուրական հարցերը:



Այնուհետեւ զարգացող արդյունաբերությունը պայմաններ էր ստեղծում՝ տարեցտարի ավելացնելու գյուղի համար անհրաժեշտ արտադրանքի թողարկումը. քաղաքը նրան տալիս էր գյուղգործիքներ, մեքենաներ, քիմիկատներ, պարարտանյութեր եւ այլն: Երեւանի օգնությունը գյուղին սկզբում կրում էր գլխավորապես կուլտուր-լուսավորական բնույթ, նրա ծանր վիճակը կաշկանդում էր այդ նպատակով քիչ թե շատ զգալի ծախսեր կատարել: Սակայն, երբ քաղաքում ծավալվում է արդյունաբերական խոշոր ձեռնարկությունների շինարարությունը, իսկ գյուղն սկսում է պայքարը համատարած կոլեկտիվացման համար, երբ քաղաքում նյութական հնարավորություններ են ստեղծվում, Երեւանի բանվոր դասակարգի՝ Հայաստանի գյուղացիությանը ցույց տրվող օգնությունը դառնում է ավելի կոնկրետ, պլանային ու սիստեմատիկ, ընդ որում՝ առաջին դիրքի վրա են մղվում արտադրական կապերը, քաղաքի եւ գյուղի տնտեսական ու քաղաքական համագործակցությունը:



Համատարած կոլեկտիվացումն սկսելու ժամանակ, 1929 թվականին, Երեւանում արդեն կային գյուղին օգնող ավելի քան հարյուր շեֆական կազմակերպություններ: Տեղական սովետների, կուսակցական, կոոպերատիվ եւ այլ կազմակերպությունների միջոցով նրանք գյուղում կուլտուրան բարձրացնելու, առանձնապես անգրագիտությունը վերացնելու ուղղությամբ մեծ աշխատանք կատարեցին:



Կոլեկտիվ շարժման ծավալման հետ մեկտեղ, շեֆական կազմակերպություններն ստեղծում են բանվորական բրիգադներ, որոնք արդեն գյուղացիությանը ցույց էին տալիս ոչ միայն կուլտուրական, այլեւ հիմնականում քաղաքական-կազմակերպչական ու նյութական օգնություն: Դա սոցիալիստական քաղաքի եւ կոլտնտեսային դաշինքի արտահայտության նոր ձեւ էր, որը լիովին համապատասխանում էր ե՛ւ մեկի, ե՛ւ մյուսի շահերին: Հենց դրանով էլ բացատրվում է այն հանգամանքը, որ գնալով ավելի սերտ բնույթ է ստանում նրանց համագործակցությունը՝ ընդգրկելով քաղաքի ու գյուղի գործունեության էական կողմերը: Այդ գործում մեծ ջանքեր ներդրեցին պահածոյի, ձեթ-օճառի գործարանների, Արարատ տրեստի, Քանաքեռգէսի, զոովետ ինստիտուտի եւ բազմաթիվ ուրիշ հիմնարկ-ձեռնարկությունների ու հաստատությունների կոլեկտիվները:



Երեւանի բազմաթիվ ձեռնարկություններում ստեղծվեցին կոլտնտեսություններին օգնելու ֆոնդեր, յուրաքանչյուր ամիս աշխատողները մուծում էին իրենց 2-3 օրվա աշխատավարձը:



Ա. Պ. Սիմոնյան՝ «Երեւան»



Պատրաստեց **Արամ ՊԱՉՅԱՆԸ**

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image