Այլ

Մուգաբեի «ամուր» կմախքը

Մուգաբեի «ամուր» կմախքը
Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեի փողոցներում չեն դադարում ուրախության ու ցնծության բացականչությունները: Հեռուստացույցի էկրանները մեզ պարզում են բերկրանքի մի հրավառություն, որն ազատագրման, անկեղծ զգացումից է ծնվում: Գերցենը գրում էր․ «Ժամանակին մեռնելն ինչ երջանկություն է այն մարդու համար, որը չի կարողանում իր ժամին ո՛չ ցած իջնել բեմից, ո՛չ էլ առաջ գնալ»: Երկարամյա, միատարր իշխանությունը, ի հաշիվ հազարավոր մարդկային կյանքերի կուտակած հսկայական կապիտալի, մահվան իշխանությունն է, որը ոչինչ չի խնայում ժամանակը ձեւախեղելու, իր կայուն լինելությունն ինքնակերպ կառուցելու եւ վերջնականապես տեւելու համար:



1980 թվականին Ռոբերտ Մուգաբեն եկավ եւ իր երկրի ղեկն ստանձնեց որպես հերոս, արդարության ու հավասարության մարտիկ, ժողովրդին գաղութացումից ազատագրող եւ, ինչպես միշտ է իշխանության եկած հերոսների հետ լինում, երկարուձիգ տարիների ընթացքում դարձավ թանձրամիտ միապետ ու կայուն չարագործ: 93-ամյա Ռոբերտ Մուգաբեն, իր շուրջն ամայացնելով բնականոն քաղաքական կյանքի հնարավոր զարգացումները, ճնշելով ու կալանատներ ուղարկելով ընդդիմության ղեկավարներին, ակտիվիստներին, այս տարվա հունիս ամսին հպարտանում էր իր առողջությամբ՝ եւս մեկ անգամ հավաստիացնելով, որ բնավ չի պատրաստվում մեռնել, որ իր կմախքն ամուր է:



Քաղաքագետներն ու վերլուծաբանները պնդում էին, որ Զիմբաբվեում Մուգաբեի ռեժիմի օրոք գոնե կրթությունը (տարրական գրաճանաչությունն ու գիտելիքը) լուրջ քայլերով առաջադիմել է՝ այնպես, ինչպես աղքատության մեջ թաղված Կաստրոյի Կուբայում: Մինչդեռ անգլիացի վիպասան Դորիս Լեսինգը, 2007 թվականին իր նոբելյան բանախոսությունում անդրադառնալով մուգաբեական այս շահարկված իբր լավ կրթական համակարգի թեմային, այլ կարծիք է հայտնում․ «Ասում են՝ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը, համամիտ չեմ, որ դա ճշմարտացի է Զիմբաբվեի համար: Պետք է նաեւ հիշել, որ գրքի հանդեպ հարգանքն ու ծարավն սկիզբ են առել ոչ թե Մուգաբեի ռեժիմի, այլ նրա նախորդների` սպիտակամորթների իշխանության օրոք: Զարմանալի երեւույթ է գրքի այս ծարավը, այն կարելի է տեսնել ամենուր` Քենիայից մինչեւ Հուսո Հրվանդանը… 1980 թվականի անկախության նախօրյակին Զիմբաբվեում գրողների բավական լավ խումբ կար, դայլայլող թռչունների երամ: Հարավային Ռոդեզիայում, սպիտակամորթների իշխանության ներքո, հասակ էին առել հնամենի միսիոներական դպրոցներ, բարվոք կրթական հաստատություններ: Զիմբաբվեում գրողներ չեն ձեւավորվում: Դժվար է, այն էլ` Մուգաբեի օրոք:



Մինչեւ գրագիտություն ձեռք բերելը, բոլոր այս գրողները դժվարին ճանապարհ էին անցել, էլ չեմ խոսում գրող դառնալու մասին: Կասեի, որ ջեմի պիտակներն ու աղբակույտը նետված հանրագիտարանները հազվադեպ չէին: Եվ դեռ խոսում ենք նրանցից, ովքեր երազում են կրթության մակարդակի մասին, որից այնքան հեռու են: Հյուղ կամ հյուղերի խումբ` բազում երեխաներով, հոգնատանջ մայր, ապրուստի համար մղվող պայքար: Ի հեճուկս այս դժվարությունների էլ ծնվեցին մեր գրողները: Մի բան էլ կա, որ չպետք է մոռանանք: Սա Զիմբաբվեն է, հազիվ հարյուր տարի առաջ բռնի նվաճված երկիր: Այս երկրի բնակիչների պապերն ու տատերը, գուցե, իրենց տոհմի հեքիաթասացներն են եղել: Բանավոր ավանդույթ: Այն էլ, մեկ սերնդի համար` երկուսը. մտապահված ու փոխանցված պատմություններ եւ անցում դեպի տպագիրը` գիրքը: Ինչպիսի նվաճում» (թարգմանությունն անգլերենից՝ Արամ Արսենյանի): Համենայնդեպս, հեռու հեռվից այդպես է թվում՝ բռնակալի տապալումը երջանկության ու թեթեւացման արցունքներ է բերում․ ահա՝ կանայք, տարեց մարդիկ համբուրում են իրար, ջերմորեն կարոտած գրկում, էկրանից այն կողմ նիհար, ջլուտ մարմնով մի տղա, ուրախության մոլապարի մեջ տրոհված, թպրտում է, եւ ոչ մի ամուր կմախք, ոչ մի միատարր իշխանություն, ոչ մի Մուգաբե չի կարող ընդհատել այս անձեռակերտ հրճվանքի բացահայտ գաղտնիքը:



**Արամ ՊԱՉՅԱՆ**

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image