Քաղաքականություն

Գիտությունը՝ որպես ստվեր

Գիտությունը՝ որպես ստվեր

«Զինապարտության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որպես երկրի ներսում արդարության վերականգնման, պետական սահմաններն էլ ավելի ամրացնելուն միտված հիմնավոր խթան, դժվար թե կյանքի կոչվի: Ապագա գիտնականներին, գիտությամբ հետաքրքրվող մարդկանց ՀՀ զինված ուժերում պարտադիր կարգով ծառայեցնելու ճիգ ու ջանքերի փոխարեն, լավ կլիներ խթանել հենց գիտությունը կամ, ավելի ճիշտ՝ զրոյական կետից վերստեղծել այն, ֆինանսավորել, քաջալերել, թիկունք կանգնել երիտասարդ գիտնականներին, կարեւորել գիտության ահռելի դերը ժամանակակից մարդու կյանքում: 



Իսկապես, դեռ հարց է՝ արդյոք այս պահին Հայաստանում կա՞ գիտություն, կա՞ գիտական արտադրանք, գիտական որեւէ ոլորտում կա՞ն լրջագույն, համահավաք հաջողություններ, դրանք գոնե մասնակիորեն ունե՞ն ներազդեցություններ ՀՀ քաղաքացու կյանքի ու գործունեության վրա: Ինչպե՞ս է հնարավոր իռացիոնալ, ռազմահայրենասիրական, ազգ-բանակ շինծու պաթոսին լծված ավտորիտար ղեկավարման սիստեմի ներսում պատկերացնել գիտության դերակատարումն ու դրա հույժ անհրաժեշտությունը: Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը պնդում է, որ մարդիկ պաշտպանում են թեկնածուական թեզեր, ազատվում են զինծառայությունից, իսկ հետո չեն զբաղվում գիտությամբ: Նախարարն ինքն իրեն երբեւէ հարց տվե՞լ է, թե ինչու է այդպես, ինչու են Հայաստանում երիտասարդ գիտնականները հրաժարվում գիտությամբ զբաղվել կամ ինչու են արտագաղթում երկրից, ինչու է նրանց մեջ ահռելի ցանկություն առաջանում մեկնել ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, եվրոպական երկրներ՝ շարունակելու իրենց գիտական կարիերան:



Սնամեջ գործ է խոհական դեմքերով բուռն քննարկումներ ծավալելը մի բանի շուրջ, որը ոչինչ չի տալու, քանի որ առարկան, որպես այդպիսին, գոյություն չունի: Հայաստանյան հիմնականում իշխող կուսակցության քաղաքական գործիչների՝ գիտության վերաբերյալ արած դատողություններից արդեն իսկ կարելի է եզրակացնել, որ այս մարդիկ գիտությունից ոչինչ չեն հասկանում, եւ, վստահաբար, նրանց մեջ գիտությամբ հետաքրքրվողներ գրեթե չկան: Իսկ ինչո՞ւ երբեւէ նման կրքերով չի դիտարկվել, չի քննվել այն բացահայտ հանգամանքը, որ Հայաստանից արտագաղթում են նաեւ այն պատճառով, որ այստեղ պարզապես գիտություն, գիտության գեթ չնչին հնարավորություն չկա:



Վերջին տարիներին տեխնիկական գիտության որոշակի զարգացումը չպետք է պարծենալու ու մեծամտանալու առարկա դառնա: Դպրոցականն էլ գիտի, որ չլիներ համացանցի ընձեռած ահռելի հնարավորությունը, չլինեին այլ երկրների ընկերությունների պատվերները, անգամ տեղի շուկայում տեխնիկական գիտությամբ զբաղվողները ոչինչ անել չէին կարող: Ասենք՝ ծրագրավորողները, Երեւանի սրճարաններում նստած, ունակ են իրենց գործն անել, իհարկե, ավելի շատ օտար ընկերությունների համար՝ վաստակելով հանապազօրյա հացն ու մի փոքր էլ բավարարվելով գիտության ընձեռած հմայքներով․ հիմա որքանո՞վ է նրանց գործունեությունը զարգացնում տեղի տեխնիկական գիտության ոլորտը, որին անդադար հղվում են, մատնանշում քաղաքական գործիչները: Բանակից խուսափողները, միեւնույն է՝ այլ ճանապարհներ էլ կգտնեն, եւ այնպես չէ, որ Հայաստանում միայն ապագա գիտնականների մեջ է ծնվում բանակից խուսափելու մտայնությունը: Գիտությունը որպես ստվեր, փախուստի միջոց դիտարկելն ու դրա դեմն ամեն կերպ առնելը վերստին ընդգծում է, թե որքան ցածր է դրա կարեւորությունն ու դերը ազգ-բանակ անվանվող աճպարարության համար, որը, միեւնույն է՝ իր անհեթեթ ու պատային գաղափարների քարոզն անելիս միանգամայն օգտվում է այդ նույն գիտության ստեղծած հզոր գործիքներից:



Արամ ՊԱՉՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image