Քաղաքականություն

«DATALEX»-ն արդեն վճիռ է կայացրել

«DATALEX»-ն արդեն վճիռ է կայացրել
width=396Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ քննվում էր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր՝ Տիգրան Փոստանջյանի քրեական գործը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311 (1) հոդվածի 3-րդ մասով (կաշառք ստանալը՝ 4-10 տարի ազատազրկում)։



Մասնավորապես, լինելով Երեւանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ, 2010թ. սեպտեմբերին պահանջել եւ ստացել է ապօրինի վարձատրություն՝ կաշառք: Սակայն Զարուհի Փոստանջյանը համոզված է եւ երեկ էլ դատարանում պնդեց, որ եղբոր նկատմամբ հաշվեհարդար իրականացնելով՝ իշխանությունները փորձում են լռեցնել իրեն:



Դատական նիստի սկզբում Տ. Փոստանջյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արթուր Մկրտչյանին՝ պատճառաբանելով, որ նա չի կարող գործն անաչառ քննել: Պաշտպանը ներկայացրեց մի հանգամանք, որը փաստում էր, որ դատարանն օբյեկտիվ չէ: «Datalex» դատական տեղեկատվական կայք-էջում, որտեղ դրվում են դատական նիստերի մասին ծանուցումները, երեկ այս գործով նիստի ծանուցման մեջ գրված էր, որ Տ. Փոստանջյանը պահանջել եւ ստացել է ապօրինի վարձատրություն:



Ստացվում է, որ դատաքննություն անցկացնելու կարիք չկա, եւ դատարանին արդեն ամեն ինչ պարզ է: «Այդ դեպքում ես այստեղ ի՞նչ գործ ունեմ»,- զարմացած հարցրեց պաշտպանը։ Դատավորը մոտ 1,5 ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը, նշելով, որ «Datalex»-ի հետ դատարանը կապ չունի, դա դատարանի աշխատակազմի խնդիրն է։ Նշենք, որ երեկոյան արդեն կայք-էջում սխալն ուղղված էր եւ ավելացվել էր «մեղադրվում է» բառը:



«Ոչ միայն դատական մարմինը, այլեւ քննչական մարմինը եւս շատ է շտապում ինձ մեղադրելու համար: Ի սկզբանե ամեն ինչ արվում է, որ ինձ մեղավոր ճանաչեն: Սա իմ անձի հանդեպ ոտնձգություն է, որը գնալով ավելի է սրվում: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»,- հայտարարեց Տիգրան Փոստանջյանը: Ապա Հայկ Ալումյանը միջնորդեց, որպեսզի անթույլատրելի ճանաչեն գործով ձեռք բերված ապացույցները, քանի որ դրանք ձեռք են բերվել ոչ պատշաճ նախաքննական մարմնի կողմից։ Ալումյանի պնդմամբ, գործը պետք է քններ ոստիկանությունը, սակայն, չգիտես ինչու, այն քննվել է ԱԱԾ-ի քննչականի կողմից։



Դատարանն այս միջնորդությունն էլ մերժեց՝ պատճառաբանելով, որ ցանկացած գործ կարող է դատախազի որոշմամբ նախաքննական մեկ մարմնից փոխանցվել  մյուսին։ Երկրորդ միջնորդության մերժումից հետո պաշտպանը ներկայացրեց մեկ այլ միջնորդություն՝ պետական բյուջեից աջակցել Տ. Փոստանջյանի երկու մանկահասակ երեխաներին, քանի որ վերջինիս կինը ծննդաբերության պատճառով գտնվում է չվարձատրվող անաշխատունակության արձակուրդում, իսկ  Տ. Փոստանջյանը՝ անազատության մեջ:



Ինչպես նախորդ, այս միջնորդության դեպքում էլ մեղադրող Ամիրզադյանը դեմ էր, վերջին դեպքում պարզապես ծիծաղելի առարկություն էր՝ Տ. Փոստանջյանի ընտանիքում բնակվում են նաեւ վերջինիս ծնողները, հետեւաբար «երեխաներն անտեր չեն», որ պետությունը ֆինանսական աջակցություն ցուցաբերի: Այս միջնորդության առիթով էլ դատավորը նշեց, որ դրան կանդրադառնա հաջորդ դատական նիստում, երբ կպարզվեն որոշակի էական հանգամանքներ։



Դատական նիստը հետաձգվեց, քանի որ պաշտպանական կողմը տեղեկացված չէր, թե որ վկաներն են դատակոչված: Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 5-ին, ժամը 12:00-ին:



ՀԳ - Երեկ դատական նիստին ներկա էին նաեւ ԱԺ պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստեփան Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը եւ «Ժառանգության» այլ անդամներ: Նրանք եկել էին աջակցելու իրենց կուսակցին ՝ Զարուհի Փոստանջյանին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image