- Շմավո՞ն, բարեւ, Շմավոն, մտահոգ ես երեւում:
Իմ հարեւան Շմավոնին ճանաչո՞ւմ եք: Նա հաճախ է դառնում իմ հրապարակումների հերոսը: Բայց դա էական չէ: Շմավոնը մի սովորական հայ մարդ է, նույնիսկ ավելի սովորական, քան մյուս հայերը: Նրա ընտանիքը, կարելի է ասել, բազմանդամ է: Այսօրվա մեր չափանիշներով իհարկե: Կին, երեք երեխա եւ ինքը:
Իմ հաշվարկներով՝ մայիսի 6-ի նախօրյակին կամ հենց մայիսի 6-ին, Շմավոնի տուն 50 հազար դրամ է մտել, որովհետեւ ընտանիքի հինգ անդամներն էլ ընտրելու իրավունք ունեն: Եթե մեր շենքին կցված պատասխանատուն ձեռնաքաշություն չի արել, ուրեմն հենց այդքան գումար է մտել Շմավոնի տուն: Մայիսի 6-ի նախօրյակին կամ հենց մայիսի 6-ին՝ ինչպես ասացի:
Շմավոնի ավագ դուստրն անմիջապես նետվեց վարսավիրանոց: Նոր սանրվածք ունի հիմա, եւ ինձ թվում է, որ հաշվարկներս այնքան էլ հեռու չեն իրականությունից: Որդին մի երկու անգամ խոդ տվեց անհիշելի ժամանակներից կանգնած «06»-ը: Կոկա-կոլայի մեծ շշով բենզին էր առել: Եվ այսպիսի լիքը մանր-մունր բաներ, որ վկայեցին, թե Շմավոնի սովորական ընտանիքում բարեկեցության նշույլներ են հայտնվել:
Համարյա բոլորն աշխատում են: Կինն է միայն պատահական աշխատանքներ անում: Շրջակա խանութների ներսն է ավլում, մսավաճառներին օգնում՝ «ազատվելու» ավելորդ ոսկորներից ու մսեղիքի մնացորդներից, մոտակա հացի փռում ծալում-ծալծլում է ալյուրի դատարկ պարկերը… մի խոսքով՝ ՀՀ թեթեւ արդյունաբերության ոլորտի քաղծառայող է:
Էս ինչո՞ւ է Շմավոնը մտահոգ:
- Բարեւ, Շմավոն:
Հունիսյան այս օրերին Շմավոնի աննախադեպ ընտրության արդյունքներով կազմավորված կառավարությունը Ազգային ժողովում հեքիաթներ էր պատմում այն մասին, որ Շմավոնն ու առհասարակ բոլոր սովորական հայերն առաջիկայում (տեսանելի ապագայում) լավ են ապրելու, եթե, իհարկե, արտաքին ցավուչոռ չլինի: Շմավոնը երեւի հենց այդ ցավուչոռի մասին էր մտածոմ՝ հանկարծ չգա-չկպչի իրեն ու իր ընտանիքին:
- Շմավոն, ձուկը ջրում բազար ես անում: Կարող է ոչ մի ցավուչոռ էլ չի լինում, ինչո՞ւ ես մտահոգ: Լավ կլինի:
- Ախր ո՞նց լավ կլինի, այ ցավդ տանեմ: Էն մի երկու կոպեկն էլ պրծավ, փող չկա, ո՞նց լավ կլինի: Բարեկամ չունեմ, որ դրսից ուղարկի, մեր առածն էլ ռոճիկ չի, տնազ է: Վարձերը մուծել՝ դատարկ նստել ենք:
- Շմավոն, փաստորեն, մայիսի 6-ի փողն այդքան շուտ ծախսվեց, հա՞: Բոլորովին խնայել չգիտես…
- Ձեռք ե՞ս առնում: Մարդա 20 հազար փող էին տվել՝ դա էլ փող ա՞…
- Ինչքա՞ն, քսա՞ն…
Աստված իմ, որքա՜ն միամիտ եմ եղել, որ մինչ օրս մտածել եմ, թե տասն են տվել:
- Շմավոն, քո վիճակն ավելի ծանր է, քան ես էի կարծում:
- Ինչո՞ւ:
- Որովհետեւ տասը չեն տվել, այլ՝ քսան:
- Է, քսանը տասից մեծ չի՞, ավելի շատ չի՞, քան տասը:
- Չէ, Շմավոն, չհասկացար ինձ: Ես ասում եմ, որ խանութից տասը հազարի ավելի քիչ բան կառնես, քան քսան հազարի:
- Է, հա…
- Հա ու ջան: Հիմա իրենց տված քսան հազարի դիմաց իրենք քեզնից ավելի շատ բան կառնեն, քան եթե տասը հազար տված լինեին:
- Էդ ո՞նց:
- Շատ պարզ, Շմավոն ջան: Քո փողը փող է, իրենցը փող չի՞… Այ դու, ինձ հենց այնպես մի հազար դրամ կտա՞ս: Կամ դու կհամաձայնե՞ս, որ քսան հազար վճարես, բայց քեզ տասը հազարի ապրանք տան խանութում:
Շմավոնը սկսեց մտածել, կամ ինձ այդպես թվաց: Լռում էր երկար:
- Շմավոն, ես քեզ չեմ մեղադրում այդ փողը վերցնելու համար:
- Շնից մազ պոկելն էլ քյար է,- պայծառացավ Շմավոնը:
- Չէ, Շմավոն, դու չես հասկանում ինձ, ու այսքան բան, երեւի, իզուր եմ քեզ պատմում:
- Հիմա՞ ինչն այնպես չասացի:
- Շմավոն, ես ասում եմ՝ լավ ես արել, էդ մարդկանց փողը չես արհամարհել ու վերցրել ես: Դե հիմա էլ ազնվորեն նրանց տուր այն, ինչ իրենք ուզում են դրա դիմաց: Դու որ կրպակի Ցողիկին 250 դրամ ես տալիս, նա քեզ սիգարետ չի տալի՞ս:
- Տալիս է:
- Դե հիմա էլ քո տալու ժամանակն է, Շմավոն, տուր: Նրանք քեզնից այդ քսան հազարի դիմաց իրենց համար բարեկեցիկ կյանք են ուզում: Ունե՞ս: Պիտի տաս: Տալու բան չունե՞ս, ուրեմն նատուրայով կտաս, Շմավոն, իրենք քեզնից կպլոկեն իրենց լավ կյանքը:
- Նատուրայո՞վ: Էդ ո՞րն ա:
- Շմավոն, դա այն է, երբ քեզ քսան հազարի սահմաններում ինչ ուզում՝ անում են: Այ դրա համար եմ ասում, որ քո վիճակն ավելի ծանր է, քան եթե տասը հազար վերցրած լինեիր: Եվ դու պիտի սուս մնաս, Շմավոն, ծպտուն չհանես, լռելյայն պիտի տանես ամեն ինչ:
- Ի…
- Ի՞նչ ի, Շմավոն:
- Ո՞վ կարա ինձ ասի՝ աչքիդ վերեւը ունք կա:
- Յա՜ա՜ա՜, դու այդքան միամիտ մարդ ե՞ս, Շմավոն: Թե՞ այնքան «խարոշի» ես, որ փողը վերցնես ու ոչինչ չտաս դիմացը: Շմավոն, «գիշերային թիթեռնիկ», «պոռնիկ», «պուտանա» բառերը քեզ ծանո՞թ են: Կներես, չեմ կարող այլ բառերով… Նրանք երբ փող են վերցնում, նատուրայով էլ վարձահատույց են լինում՝ ով ինչպես կարողանում է, ում երեւակայությունը որքան թույլ է տալիս: Նրանք էլ սովորական մարդիկ են, բոլորի նման: Կասեի՝ ազնիվ մարդիկ. տասը հազար՝ ուրեմն տասը հազարի, քսա՞ն՝ ուրեմն քսանի: Տեղ հասա՞վ:
- Չէ, չհասավ: Ես քաղաքական հարցի համար եմ փող վերցրել, ոչ թե քո ասած այլանդակությունների: Ես վերցրել եմ մոմենտի տակ, իսկ քո ասածը նրանց մասնագիտական զբաղմունքն է:
- Շմավոն, ես էլ նույնն եմ ասում: Պոռնիկն էլ մոմենտի տակ է փող վերցնում եւ այդ մոմենտին փող տվողի ցանկություններն իրականացնում: Մի տարբերությամբ միայն, որ նա դա կարող է անել ամեն օր, օրը մի քանի անգամ:
- Ահա տեսնո՞ւմ ես, դա զբաղմունք է, իսկ ես՝ ընտրությունից ընտրություն, մի քանի տարին մեկ:
- Շմավոն, դու հենց նոր ասացիր, որ տանը փող չկա, չէ՞:
- Հա, չկա:
- Որ տասը օր իրար հետեւից ընտրություն լինի, ու տասը օր շարունակ ձեր տուն քսան հազար դրամ բերեն, չե՞ս վերցնի:
- Ըտենց չի լինում:
- Չի ասվի, մեկ էլ տեսար, երկիր է, խառնվեց իրար, ու եղավ: Դու էն ասա՝ չե՞ս վերցնի:
- Տո աչքն էլ չեմ հանի՞… բայց դա քաղաքական նկատառումներով կլինի:
- Արեւդ ապրի: Փողը տվողներն էլ հենց քաղաքական ձեւով քեզ հետ կանեն այն, ինչ կամենան: Իսկ դու մինչեւ հիմա ի՞նչ էիր մտածում…
- Դե դու ասացիր՝ նատուրայով…
- Շմավոն, դու զուլում ես: Եվ արի, քեզ բարեկամաբար մի բան ասեմ. քաղաքական մոմենտի համար վերցված փողն էլ ստիպված ես նատուրայով փակվել: Եվ դա պակաս ցավոտ չէ, ասեմ: Բայց ոչինչ, Շմավոն, շատ մի մտահոգվիր: Այս դեպքում սիրտն է ցավում: Սիրտն էլ նատուրա է: Մի քիչ կցավա-կանցնի: Համ էլ 2013-ին ավելի քյալամ ընտրություն կա: Քեֆդ քոք պահիր, գրպանդ՝ լայն:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ