Հասարակություն

Լինում է, չի լինում, մի օրապակաս գիրք է լինում...

Լինում է, չի լինում, մի օրապակաս գիրք է լինում...
width=300Կարծիք կա, թե հեքիաթների նկատմամբ երեխաների հետաքրքրությունը գնալով պակասում է, քանի որ դրանք իրենց տեղը զիջել են համակարգչային խաղերին, համացանցին, բջջային հեռախոսներին: Իսկ մի՞թե այնպիսի հեքիաթներ, ինչպիսիք են «Լուսերեսն ու Վարդերեսը», «Գեղեցկուհի Վասիլիսան», «Հենզելն ու Գրետելը», «Մոխրոտը», «Կարմիր գլխարկը», կարող են մոռացության մատնվել. այս երեւույթի մասին լսեցինք տարբեր մասնագետների մեկնաբանությունները:



 



Հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանի կարծիքով՝ այն պնդումը, թե մանուկներն այսօր գիրք չեն կարդում, չափազանցված է: «Երեխաները շատ տարբեր են, միշտ են տարբեր եղել. երեխա կա՝ շատ է կարդում, երեխա կա` քիչ: Սա կախված է վերջինիս նախասիրություններից, ընտանեկան ու դպրոցական դաստիարակությունից»,-ասում է նա: «Հեքիաթի ժանրի արդի էվոլյուցիան կարող է մանկական ընթերցանության անկման պատճառ դառնալ: Հեքիաթն այսօր դրսեւորվում է նաեւ այլ` ոչ գրքային միջավայրերում. կա հեքիաթի էլեկտրոնային տարբերակ, որն ավելի մատչելի է, անիմացիոն հեքիաթ` դյուրամարս է, հեքիաթ-խաղ, որը կլանող է ու անհամեմատ ճկուն: Սակայն հեքիաթն իր դասական ընկալմամբ երբեք չի կորցնի իր ուրույն տեղն ու դերը մանկանց համար»,-հավաստիացնում է հեքիաթագետը: Իսկ որպեսզի չմոռացվեն հայ դասականների հեքիաթները, Ջիվանյանը պնդում է` դրանք պետք է ավելի հաճախ վերահրատարակվեն, ընդ որում, վերահրատարակվեն համարժեք ձեւավորմամբ: «Հուսալ, որ հայ մեծագույն հեքիաթագրի`Թումանյանի գործերը համատեղելի են գրոտեսկային, հաճախ անօգնական ու ապաշնորհ պատկերների հետ` նշանակում է իսպառ զուրկ լինել ներդաշնակության զգացումից եւ չունենալ մանուկ ընթերցող-գնորդի հանդեպ հարգանք, մի բան, որն առաջին պայմանն է լուրջ գրահրատարակման ու գրավաճառության»:



 



Մանկագիր Սուրեն Մուրադյանն էլ հավաստիացնում է, որ այլեւս նախկինը չեն ներկայիս ընթերցողի ճաշակն ու հետաքրքրությունը: Ըստ նրա` համակարգիչն ու համացանցը մանուկներին ուրիշ աշխարհ են տանում, բայց սխալ է այն պատկերացումը, թե դրանք են նպաստում գիրք չկարդալուն: « Չեմ պատկերացում մի երեխայի, որի մանկությունը կարող է անցնել առանց Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի, Գրիմ եղբայրների հեքիաթների. դրանք այն պատուհանն են, որից ճառագայթած լույսը ջերմացնում է ընթերցողին, ձեւավորում է նրա հոգին: Այդ լույսը մանուկ ընթերցողի առջեւ բացում է կյանքում շիտակ ու ազնիվ քայլելու կանաչ ճանապարհը»,- ասում է մանկագիրն ու մեջբերում Հովհաննես Թումանյանի խոսքը. «Հեքիաթը գրականության մեջ ամենաբարձր արտահայտությունն է, որտեղ ամբողջը հավիտենական սիմվոլներ են»: Մուրադյանը դժվարանում է պատասխանել հարցին` արդյոք երեխաները կարդո՞ւմ են երիտասարդ մանկագիրների ստեղծագործությունները` փոխարենը ավելացնում է. «Մանկական գրականությամբ զբաղվողները երբեմն հրատարակում են այնպիսի խոտան, օրապակաս գրքեր, որոնց գեղարվեստական ցածր մակարդակը խոչընդոտում է երեխաների դաստիարակությանը, աղավաղում է մանուկների ներաշխարհը,-ասում է մանկագիրն ու շարունակում,-նրանք սկսում են «տիկնիկով», «ծիտիկով»: Բայց չէ՞ որ այդպիսի թեմաներով հնարավոր չէ բավարարել ընթերցողի պահանջները: Թող էլի գրեն, նրանց ոչ ոք չի արգելում, բայց այնպես գրեն, որ մատչելի եւ ուսանելի լինի երեխաների համար»:



 



«Նոյան տապան» գրախանութի բաժնի վարիչ Հայկ Մկրտչյանն էլ նշում է, որ ծնողները հիմնականում գնում են դասական հեղինակների գործեր, ժողովրդական հեքիաթներ, որոնք գունազարդ են ու պատկերավոր, իսկ ժամանակակից ստեղծագործողների գրքերի պահանջարկը մեծ չէ: Ըստ նրա` պատճառներից մեկը գուցե այն է, որ գնորդն առաջնորդվում է հանրահայտ գրողների ստեղծագործություններով: «Երբ նա տեսնում է Սարգսյան ազգանուն` դա նրան ոչինչ չի ասում, բայց երբ գրքի էջերին կարդում է՝ Թումանյան, Աղայան ազգանունները, բնականաբար, նախընտրությունը տալիս է իրեն հարազատ եւ հայտնի հեղինակների գրքերին»,- հավաստիացնում է Մկրտչյանը: Հեքիաթների ժողովածուների գները գրախանութներում 3.500-4.500 դրամի սահմանում են:



 



Երեք երեխաների մայր, մասնագիտությամբ հոգեբան 35-ամյա Մարիամ Կարապետյանն էլ պատմում է, որ քնելուց առաջ միշտ իր փոքրիկների համար հեքիաթ է կարդում: «Փոքր ժամանակ ես չէի կարողանում քնել առանց մորս պատմած հեքիաթների, իսկ այսօր երեխաներս չեն քնում, մինչեւ հեքիաթ չեմ կարդում իրենց համար»: Հոգեբանն ասում է, որ հեքիաթները դրական ազդեցություն են ունենում երեխայի աշխարհայացքի ձեւավորման վրա: «Նա սովորում է նախադասությունները ճիշտ կազմել, ճանաչում է գույներն ու անծանոթ առարկաների անվանումները»,-նշում է նա ու ավելացնում, որ երեխային հեքիաթը պետք է պատմել խաղի ձեւով եւ ուրախ տրամադրությամբ:



 



Պերճուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image