Դերասանուհի Արմինե Պողոսյանը, ով ամռան ընթացքում անընդհատ ճամփորդությունների մեջ էր, այժմ գտնվում է Երևանում: Սակայն, դեռևս, զբաղվածություն ունի միայն ընթացիկ ներկայացումներում. «Նաև մի գեղեցիկ նախագծի մասնակցելու առաջարկ ունեմ, բայց դեռ շատ բան ասել չեմ կարող: Միայն ավելացնեմ, որ մյուզիքլում մասնակցելու հրավեր եմ ստացել: Մանրամասները, խոստանում եմ, հաստատվելուն պես պատմել»:
Դերասանուհին և ամուսինը որոշել էին Ամանորն անցկացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, սակայն փաստաթղթային որոշ խնդիրներ դժվարեցնում են մտադրության իրագործումը: «Շատ եմ սիրում Ամանորը և անհամբեր սպասում եմ այդ տոնին: Դեռևս «Green card» չեմ ստացել: Եթե թղթաբանական հարցերս մինչ այդ չստացվեց, ամուսինս կգա Հայաստան և այստեղ կնշենք»,-Life.panorama.am-ին հայտնել է Արմինեն:
Նա նոր տարվա ճաշացանկի մեջ նախասիրություններ չունի: Կարևորը տոնն է, տոնի խորհուրդը. «Գիտեք, այդ օրն ինչ էլ լինի, համեղ է: Կարևորը, հոգումդ տոն լինի: Եթե հոգիդ ուրախ է, ապա յուրաքանչյուր կերակուր համեղ է ու նախընտրելի»:
Արմինե Պողոսյանից հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ անակնկալ է պատրաստվում մատուցել ամուսնուն, արդյոք արդեն մտածել ու ընտրել է նվերը: «Այդ մասին դեռ չեմ մտածել: Եթե թղթաբանական հարցերս լուծվեն, անակնկալ կանեմ՝ մեկնելով ԱՄՆ: Իսկ ինձ համար մեծ նվեր կլինի այն, որ ամուսինս կողքիս լինի այդ օրը»,-անկեղծացել է դերասանուհին: