Հասարակություն

«Միքայել հրեշտակապետի կանայք»

«Միքայել հրեշտակապետի կանայք»

Երեկ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրի շրջանակում ցուցադրվեց Վահան Իշխանյանի եւ Վիգեն Գալստյանի «Միքայել հրեշտակապետի կանայք» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը:
Հայաստանի հյուսիսում գտնվող Պրիվոլնոյե համայնքը 1850-ականներին հիմնադրել են ռուս զինվորականները, նրանց ժառանգներն արտագաղթել են 1990-ականներին: Այժմ գյուղում մնացել են 80 հոգի՝ հիմնականում ծեր կանայք: Գյուղի եկեղեցում, որը կուլակաթափությունից հետո պահեստի էր վերածվել, ամեն կիրակի կանայք, առանց հոգեւորականի, պատարագ են մատուցում՝ գործած մեղքերի համար ներողություն խնդրելով Աստծուց եւ, իհարկե, հաջողություն հայցելով նրանից: Ֆիլմը ներկայացնում է 5 տարեց կանանց երկու օրը Սուրբ երրորդություն տոնին... Ահա, կարծես նույնանման դիմագծերով ու հայացքներով «Միքայել հրեշտակապետի եկեղեցու» սպասավոր ռուս կանայք՝ ծաղիկները գրկներին սեղմած, պատմում են, թե ինչու են հավատում Աստծուն, ինչպես են կատարում կիրակնօրյա պատարագը, ինչ պատահարներ են եղել իրենց կյանքում, եւ նրանց՝ տեղ-տեղ հումորով ու տխրությամբ լի խոսքի մեջ այնքան ազնվություն ու ճշմարտություն կա… Դեպի հավատք գնալու ճանապարհները տարբեր են: Կանայք պատմում են ճակատագրի այն դիպվածների մասին, որոնք իրենց Աստծո դուռն են բերել՝ մենակությունը, որդիների կորուստը, մոր կորսված առողջությունը, կով կթել դադարելը։ «Կամ պիտի խմես, կամ աղոթես»,- ասում է բաբուսյաներից մեկը եւ ընտրում երկրորդը, որ գուցե նույնքան դժվար մի բան է… Տարիներ շարունակ ամեն կիրակի հետեւողականորեն մտնել եկեղեցի, պատարագ անել, աղոթք մրմնջալ եւ հուսալ, որ գալիք շաբաթն իր հետ լույս ու բարօրություն կբերի: «Կիրակի օրը մեղքերի թողություն ես խնդրում, բայց հենց հաջորդ օրը մոռանում ես, ամեն ինչ նորից է սկսվում»… Դժվար է ասել՝ իրենց կյանքը մենակության մեջ ավարտող կանայք Աստծուց դրախտի հույս ունե՞ն, թե՞ ոչ, բայց նրանց աղոթքները հենց այս աշխարհի մասին են եւ վերաբերում են այս աշխարհում եղած իրականությանը, որ ոչ հրաշապատում է, ոչ անտանելի դժոխք... կարծես միջանկյալ մի դրություն, տխրության ու բերկրանքի խառնոց:
Վահան Իշխանյանի նուրբ, պարզ երանգներով կառուցած այս ֆիլմը կարճ ժամանակահատվածում բացահայտում է, ցույց է տալիս այս կանանց գողտրիկ կյանքի ողջ փիլիսոփայությունը, որ հիշեցնում է Տոլստոյի «Խոստովանության» այս տողերը.
«Եկեղեցական ծառայության համար վաղ առավոտյան արթնանալով՝ ես գիտեի, որ լավ եմ անում թեկուզ միայն այն պատճառով, որ մտքիս հպարտությունը հնազանդեցնելու, նախնիներիս ու ժամանակակիցների հետ միանալու, կյանքի իմաստի որոնման համար ես զոհաբերում էի իմ մարմնական անդորրը…» (թարգմանությունը ռուսերենից՝ Դավիթ Մոսինյանի)…
Ամեն կիրակի, խախտելով իրենց մարմնական անդորրը, կանայք եկեղեցի են մտնում Աստծո անդորրը խախտելու համար: Եվ այդ հաճելի «խախտումների» միջեւ մի պահ նրանց հաջողվում է միավորել աստվածայինն ու մարդկային պարզ կեցությունը, որով եւ շարունակում են ապրել:
«Միքայել հրեշտակապետի կանայք» ֆիլմի դիտմանը ներկա էր նաեւ մաեստրո Տիգրան Մանսուրյանը, ով ֆիլմը բնորոշեց որպես հուզիչ եւ մարդկային հոգին վեհացնող պատմություն:
Միակ անհասկանալի ու տարօրինակ փաստը, որ «Միքայել հրեշտակապետի կանայք» ֆիլմը, չգիտես ինչու, հայտնվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի արտամրցութային ծրագրում: Միանշանակ` այս ֆիլմի համար սխալ որոշում...

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image