Հասարակություն

Ո՞ւմ համար է բարեփոխումը

Ո՞ւմ համար է բարեփոխումը

Սահմանադրական բարեփոխումների փուլում գտնվող երկրի՝ մեկը մյուսի հետեւից, արագացված շարժանկարի անզգայությամբ կրիմինալ լրահոսը լցնում է մերերկրացիների կիսաթմրած առօրյան: Աղետը գոնե մի բանով այդ առօրյան հագեցնելու հույս է ներշնչում: Ամբողջովին այն բոլոր խնդիրները, որոնք կապված են պետության ներկայի ու ապագայի հետ, որոնցից շատ թե քիչ կախված է նրա դժվար ճակատագիրը, հարցերի ու երեւույթների փաթեթը, որոնք իրենց մեջ կրում են դժվարընթեռնելի դրույթները (իրավական, քաղաքագիտական, սոցիալ-տնտեսական եւ այլն), իրականում որքանո՞վ են հասու պետության քաղաքացիներին, որքանո՞վ է «նեղ շրջանակներում» իրավագիտակից «չհամարվող» բնակչության ստվար հատվածը մասնակից պետության համահավաք գիտակցության եւ դրանից բխող կյանքին:



Իրավագիտակիցների կողմից շատ անգամ կարելի է լսել. «Մեր ժողովուրդն իրավագիտակից չէ, չի հասկանում, թե իր հետ ինչ են անում, իր հետ ինչ է կատարվում»: Վերցնենք՝ այդպես է: Բայց եթե իրավագիտակցություն ունեցողների փաղանգը մտահոգված է դասակարգերի, սոցիալական խավերի վերաբերմունքով դեպի իրավունքը, օրինականությունը եւ արդարադատությունը, ուրեմն այդ բացակայության մեջ ինքն իրեն է գոյությունից զրկում: Սահմանադրական բարեփոխումների ծրարոցը պիտի կետերով մարդկանց տեղ հասցնել, պարզորեն բացատրել, դարձնել ավելի մատչելի, տարընթերցել խրթնաբանությունները: Գոնե այս պահին ուրիշ տարբերակ չկա:



Իրավագիտակիցներով առօրյա, ծանր հոգսերի մեջ ապրող մարդկանց ընդառաջ է պետք գնալ, մարդկանց, որոնք հազար ու մի պատճառով այլեւս որեւէ կերպ հետաքրքրված չեն երկրի, հայրենիքի եւ նույնիսկ իրենց անձնական ճակատագրով: Ինչ-որ կերպ ստեղծել հանձնաժողովներ, խմբեր, փորձել բացատրել, թե ինչ են սահմանադրական բարեփոխումները, այդ բարեփոխումներից առաջ եւ հետո ի՞նչ է սպասվում, ինչպե՞ս գործադրել քաղաքացիաիրավական կամք: Եվ հետո՝ պարզաջրված բարեփոխումների հետ արդյոք համաձա՞յն են, թե՞ ոչ:



Եթե սահմանադրական բարեփոխումները նախապատրաստող իշխանական վերնախավի որոշ մասնագետներ եւ, իհարկե, ողջ վերնախավը խաղադրույք են կատարել այն հանգամանքից ելնելով, թե իբր փաթեթը ժողովրդի համար «դժվարամարս» է, զանգվածային բողոքի ակցիաներ չծնող, եւ, վերջիվերջո, իրենց ուզած ձեւով կանցկացնեն, ուրեմն սա տգիտության ու անկման ամենակարճ ուղին է: Այսօր իշխանության եւ ժողովրդի միջեւ բացված անդունդն այնքան խորն է, որ այն մի քանի մղոնով կրճատելը կամ ընդարձակելը ոչինչ չի փոխի: Այս պարագայում սահմանադրական բարեփոխումը հնարավոր է իշխանության համար դառնա հերթական շոու-համերգներից ամենաանշառը:

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image