Հասարակություն

Դպրոցականի սեղմ հիշատակարան

Դպրոցականի սեղմ հիշատակարան

Սպիտակ վերնաշապիկներով, որոնց թեւքերին կապույտ գրիչով խզբզանքներ կան, պայուսակներն օդի մեջ տարուբերելով, նաեւ ծաղկեփնջերը ձեռքներին, ողբալով, դպրոցականներն շտապում են չգիտես ուր եւ ուրախանում չգիտես ինչի համար:
Արդեն կարեւոր չէ. արդեն իսկ ընդունված է, որ սեպտեմբերի 1-ին ուսումնական փուլի հետ նոր կյանք է սկսվում, երբ երեխաներին նախապատրաստում են՝ ասելով, թե դպրոցը լավ տեղ է, սովորել անպայման պետք է, «որ մեծանաս, լավ մարդ դառնաս, կիրթ ու խելացի»: Հետո դասասենյակներում ընդմիջման ժամերին արդեն սկսվող միջանձնային բարդ հարաբերությունների բոլորաշրջաններում ամեն ինչ փոխվում է: Ծնողների կողմից ծիածանային գեղգեղանքներով պատկերված դրախտը հանկարծ վերածվում է դժոխքի, եւ երեխաներից շատերը հասկանում են, որ մի փոքր էլ, ու նույն դպրոցում առհավետ կկորցնեն իրենց անհատականությունը կազմավորող լավագույն հատկանիշները: Ահա՝ «կմեծանաս, Աշոտյանի նման նախարար կդառնաս, կմեծանաս, Լֆիկի նման բիզնեսմեն կդառնաս, Գալուստի նման ԱԺ նախագահ, Հովիկ Աբրահամյանի նման վարչապետ եւ այլն, եւ այլն»:



Շատ վաղուց, սեպտեմբերմեկյան մի առավոտ, դասարանի մի քանի տղերքով որոշեցինք մեր դպրոց չմտնել, այլ ոտքով քայլելով շրջել ու տեսնել ուրիշ դպրոցներ՝ հույսով, որ գուցե մերինից ավելի հետաքրքիրը կգտնենք` միմյանցից տարբերվող աշակերտներով: Մեր ճամփորդությունը մինչեւ կեսօր տեւեց, արդյունքը՝ ոչ գոհացնող: Ամեն ինչ նույնն էր՝ նույն սպիտակ վերնաշապիկներով աշակերտները, պայուսակներն օդի մեջ տարուբերելով, ուրախությունից ու հուզմունքից կիսաուշաթափ ծնողներն ու տատիկ-պապիկները: Նույն դասասենյակները, ուսուցիչների արհեստական ու անկեղծ ժպիտները: Մենք մտածում էինք, որ կգտնենք մի դպրոց, որտեղ անգամ շենքի պատերն են ուրիշ, որտեղ աշակերտներին միմյանց նմանվել ու նմանակել չեն սովորեցնում, չեն սովորեցնում սահմանափակել մտքի աշխատանքը՝ ծայրահեղացված ու կեղծ ազգային պաթոսով, անճաշակությամբ ու գռեհկությամբ:



Այսօր նույնիսկ ամենագերազանց հայ մանկավարժները, որոնց տաղանդի ու աշխատասիրության շնորհիվ մեզ բաժին է հասել հնարավոր լավագույն գիտելիքը, նույնիսկ նրանք ի զորու չեն կասեցնել կրթական համակարգի այս անփառունակ վախճանաբանությունը: Ամեն ինչ սկսվում է դպրոցից ու ավարտվում դպրոցում: 10-12 տարի երեխաները փորձում են գիտելիքներ ձեռք բերել մի երկրում, որի իշխանական վերնախավը վաղուց հրաժարվել է գիտելիքից: Եվ ապշեցուցիչ է, երբ գիտելիք չունեցող սիստեմը սեպտեմբերի 1-ին գիտելիք փոխանցելու զեղծարարությամբ է զբաղված՝ հույսով, որ մի օր իր ամբողջատիրական, կոռումպացված կաղապարի մեջ հին աշակերտները կփոխարինվեն նորերով, որոնք կոչված կլինեն շարունակել տգիտության ավանդույթը:

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image