Այլ

Փափուկ բազմոցով՝ դեպի Լիբիայի ափերը

Փափուկ բազմոցով՝ դեպի Լիբիայի ափերը

Այսօր՝ պատկերագրության նոր ժամանակներում, ուղիղ միացմամբ, մենք՝ փափուկ, հարմարավետ բազմոցների մեջ խրված, կարող ենք դիտել երկրների, ժողովուրդների վերացման գործընթացը եւ դիտել այնքան շատ ու այնքան մանրամասն, որ վերացումը մեր պատմական ու հոգեւոր զգայությունների վրա որեւէ կերպ չներազդի: Եթե տարիներ առաջ սա որպես ողբերգություն դիտարկեինք, գուցե դեռ հնարավորություն կունենայինք ժամանակակից ու թարմ երեւալ: Հիմա եթե այլատեսակ, ծանրագույն աղետների համար թախծենք եւ մեր թախիծը ցուցանենք, չենք հասկացվի եւ հին, սենտիմենտալ կլիշեների մեջ նողկալի կլիշե կթվանք: Այդ նույն այսօրերի մեջ ժամանակակից մարդը, բացի սարսափը դիտելուց, բացի փափուկ բազմոցով ճամփորդելուց, ասես ոչ մի բանի իրավունք ու կարողություն չունենա:
Մի քանի օր առաջ Լիբիայի ափերին փախստականների, միգրանտների խորտակված նավի, անշնչացած երեխաների լուսանկարները հեղեղել էին համացանցը, իսկ այսօր եւ նույնիսկ դրանից ժամեր անց «քաղաքակիրթ մարդկությունն» ապրում է իր կենցաղը, մինչեւ հաջորդ աղետը, որ գուցե օրերից մի օր կհասնի նաեւ փափուկ բազմոցներին եւ լուռ ունկն դնելուն: Եվ սա նույնպես կհամալրի օրվա լրահոսը, ընդամենը մի քանի ժամով կվերածվի խեղկատակության, կլցնի ԶԼՄ-ների հավերժորեն անհագ ու անիմաստ որկորը: Զրկվելով իրենց հայրենիքից, զրկվելով կյանքի տարրական պայմաններից՝ Մերձավոր Արեւելքի, Աֆրիկայի բնակիչները փորձում են հասնել «ավելի բարվոք» եվրոպական ափեր կամ թեկուզ ինչ-որ մի ափ, ուր լինելու կամքը դեռ ապրում է:
ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Մելիսա Ֆլեմինգը նշել է, որ տարվա սկզբից ավելի քան 300 հազար մարդ փորձել է անօրինական ճանապարհով Միջերկրական ծովով տեղափոխվել Եվրոպա, եւ նրանցից մոտ 2 հազար 500-ը մահացել են։ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակում լուրջ մտահոգություն են հայտնել Միջերկրական ծովում փախստականների մահվան նոր դեպքերի վերաբերյալ: ՄԱԿ-ը նույնպես մի պահ մեր բազմոցներից ավելի մեծ ու ավելի փափուկ արքայական բազմոց է հիշեցնում, որ մեզ նման ուղիղ եթերի ունկնդիր է՝ կարեկցող, մտահոգվող, սգացող, սակայն հեռակա, միայն դեպքերից հետո, խաղաղ երկնքի տակ:
Լրահոսը թիթեռի կյանք ունի, ակնթարթում լույս աշխարհ է գալիս, մեռնում քիչ անց: Ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործություններն ապրում ու մեռնում են նրա հետ՝ ազդեցությունն ու հետեւանքը թողնելով մեր տեսականությանը, մեր մտավարժանքներին ու արդեն իսկ հարմարեցված զգայարաններին: Լիբիայի ափերին երեխաների անկենդան մարմինների լուսանկարներն ավելի խիստ են ցնցում մեզ, միայն այն բանի համար, որ լուսանկարներում երեխաների մարմիններ են: Մենք շատ ժամանակ մոռանում ենք, որ երեխաների եւ տարեցների մարմիններում կյանքը նույնն է, եւ հիմա նույնիսկ անշնչացած երեխաների լուսանկարներն են մեր անձնական նախասիրություններին ծառայում, եւ դրանք նույնպես դատապարտված են ծնվելու ու մեռնելու լրահոսի հետ:

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image