Օգոստոսի 30-ին Նյու Յորք քաղաքում կյանքից հեռացավ համաշխարհային գրական հանրույթում մեծ ճանաչում ունեցող դեմքերից մեկը՝ 82-ամյա նյարդաբան, արձակագիր Օլիվեր Սաքսը: 2006 թվականին նրա մոտ աչքի չարորակ քաղցկեղ էր հայտնաբերվել, որից հետո Սաքսը պարբերաբար բուժման կուրսեր էր անցնում: Ժամանակակից նյարդաբանության ասպարեզում Օլիվեր Սաքսը նախեւառաջ մեծ ներդրում ունեցավ իր գիտական-գեղարվեստական գրքերով, որոնցում պատկերված է խնամյալ հիվանդների կյանքը: «Տղամարդը, ով իր կնոջը շփոթել էր գլխարկի հետ»․ սա Սաքսին հռչակ բերած ամենահայտնի ժողովածուն է, միջազգային բեսթսելլեր, որ թարգմանվել է 20-ից ավելի լեզուներով: Ցավոք, Օլիվեր Սաքսը հայերեն չի թարգմանվել:
Դեռ այս տարվա փետրվարին, երբ Սաքսին հայտնի դարձավ, որ հիվանդությունը զարգացման վերջին փուլ է մտնում, եւ իրեն ընդամենը մի քանի ամիս է մնացել, The New York Times-ում հրապարակեց մի սյունակ, որտեղ պատմում է մահաբեր հիվանդության, ապրած կյանքի եւ այն անձնական մտորումների ու զգացողությունների մասին, որոնք ուղեկցել են իրեն մինչ դաժան ախտորոշումը եւ ախտորոշումից հետո: Այս սթափության եւ խիզախության բացառիկ օրինակը եւս մեկ անգամ ապացուցում է, թե որքան բազմաշերտ ու հետաքրքրական կարող է լինել մարդկային գիտակցությունը, եւ որքան առաջադիմություն կա, երբ, անգամ սեփական մահվան ճանապարհի փորձառություն կիսելով, գիտական ու մշակութային նոր շերտեր բացահայտելու փորձ է արվում: Ստորեւ ուզում եմ մի քանի հատված ներկայացնել Օլիվեր Սաքսի The New York Times-ում հրապարակած «Իմ կյանքը» վերնագրով սյունակից (անգլերենից թարգմանեց Մարգո Գեւորգյանը):
«Հիմա ես եմ ընտրում, թե ինչպես անցկացնել այն ամիսները, որոնք դեռ ունեմ: Որքան հնարավոր է՝ պիտի հարուստ, խորն ու առավել արդյունավետ ապրել...
Ինձ խորապես առողջակազմ եմ զգում, ուզում եմ եւ հույս ունեմ մնացյալ օրերին ընդլայնել ընկերությունը, հրաժեշտ տալ նրանց, ում սիրում եմ, ավելի շատ գրել, ուժ ունենալու դեպքում՝ ճամփորդել, փոխըմբռնման եւ իմացական նոր մակարդակի հասնել...
Անկարեւոր բաների համար ժամանակ չկա: Պիտի ինձ վրա կենտրոնանամ, իմ աշխատանքի եւ ընկերներիս: Այլեւս չպետք է ամեն գիշեր «Լուրերի ժամը» դիտեմ, չպետք է հետեւեմ քաղաքականությանը կամ գլոբալ տաքացման փաստարկներին: Սա ոչ թե անտարբերություն է, այլ՝ առանձնացում: Ես շարունակում եմ խորապես մտահոգված լինել Մերձավոր Արեւելքով, գլոբալ տաքացմամբ, աճող անհավասարությամբ, բայց սրանք այլեւս ինձ չեն վերաբերում, այլ պատկանում են ապագային: Անչափ ուրախանում եմ, երբ հանդիպում եմ տաղանդավոր երիտասարդների, նույնիսկ նրան, ով ախտորոշեց իմ մետաստազները: Ես զգում եմ, որ ապագան հուսալի ձեռքերում է...
Երբ մենք այլեւս չլինենք, մեզ նման ոչ ոք չի լինելու: Այդպիսի բան չկա, թե միմյանց նման ենք: Մարդիկ երբ մեռնում են, չեն կարող փոխարինվել: Նրանք խորշեր են թողնում, որոնք հնարավոր չէ լցնել, որովհետեւ դա է ճակատագիրը: Յուրաքանչյուր մարդու գենետիկական եւ նեյրոնային ճակատագիրն է՝ լինել յուրահատուկ, գտնել սեփական ուղին, ապրել սեփական կյանքը, մեռնել սեփական մահը...
Չեմ կարող ձեւացնել, թե չեմ վախենում: Բայց գերիշխող զգացողությունը երախտագիտությունն է: Ես սիրել եւ սիրվել եմ: Ինձ շատ բան տվել են, եւ ես ինչ-որ բաներ վերադարձրել եմ: Ես կարդացել, շրջագայել, մտածել եւ գրել եմ: Աշխարհի հետ հաղորդակցվել եմ գրողներին եւ ընթերցողներին հատուկ հաղորդակցությամբ:
Ամենակարեւորը՝ ես զգացական էակ եմ եղել, մտածող կենդանի՝ այս գեղեցիկ մոլորակի վրա, եւ դա ինքնին հսկայական առանձնաշնորհություն է եւ արկած»։