Հասարակություն

Քաղաքագրություն. հայ երեւանցին

Քաղաքագրություն. հայ երեւանցին

Երեւանի առաջին պարբերականի՝ «Պսակի», 1880 թվականի ապրիլի 26-ի համարում խմբագիրն անդրադառնում է երեւանցիների ծուլությանն ու անհոգությանը՝ վերջում նշելով, որ նրանք 200 տարի առաջ էլ նույնն էին:



«Պսակի» չորրորդ համարում առաջարկեցինք մեր հայ երեւանցիներին, որ նրանք վերջապես վճռեն հացի խանութներ բացել եւ հացագործությունով զբաղվել: Մեր ասածներն ազդեցություն չունեցան, հետեւաբար, մեր առաջարկությունները մնացին անիրագործելի: Չնայելով այժմյան, ամենօրյա անասելի նեղություններին, որ կրում են հայերը հացագործներից, չնայելով ակնհայտ չարագործություններին, որ առեւտրի մեջ գործի են դնում հացագործները, եւ անթիվ-անհամար գանգատները, որ անում են հայերը հացթուխներից եւ նրանց գործակատարներից՝



Հայ երեւանցին չի համոզվում, որ փրկություն կարող է գտնել նրա մեջ, որ այդ առեւտրին ինքը ձեռք զարկի, ինքը հացագործությունով զբաղվի:



Հայ երեւանցին, ինչպես տեսակ-տեսակ փորձերը ցոլք են տալիս, վազում է միայն պատրաստի օգուտի ետեւից: Նա պատրաստ է սովամահ լինել: Պատրաստ է կրել ամեն տեսակ դժվարություն, չարչարանք, միայն թե հնարավոր լինի ապրել առանց նեղության, առանց չարչարանքի:



Նա փախչում է ոչ թե միայն հացագործությունից, այլեւ ուրիշ կենսական, իր կյանքի հետ սերտ կապված գործերով զբաղվելուց՝ օրինակ, մսագործությունից, մոմավաճառությունից:
Որովհետեւ մեր քաղաքում ինչպես հացագործությունը, այնպես էլ մսավաճառությունը թուրքերի ձեռքում են, եւ երկու ասպարեզում էլ տեղի են ունենում անտանելի չարագործություններ:



Հայ երեւանցին այդ բոլորը տեսնում է, ամեն րոպե այդ չարագործությունների դեմ բողոք է հարուցում, շատ անգամ մնում է առանց հացի, առանց մսի: Եվ շատ անգամ հացի փոխարեն ստացածը, կերածը խմոր է, թարմ մսի փոխարեն սատկածի հիվանդոտ միս է եւ այլն, եւ այլն։



Հայ երեւանցին սրա մասին գիտի եւ գիտի սրանից ազատվելու միջոցները, բայց ծուլությունից ու անհոգությունից չի անում, իր իմացությունը գործի չի դնում եւ ինչո՞ւ, որովհետեւ փախչում է նեղությունից, սիրում է ծամածը, մարսածը եւ պատրաստի օգուտը:



Առածն ասում է, որ մարդը վնասից խելոքանում է, բայց երեւանցին ցավալիորեն պիտի խոստովանի, որ մնացել է միեւնույն անփորձն ու կարճատեսը, ինչպես սրանից երկու հարյուր տարի առաջ էր եղել, թեեւ կրել է հազարավոր նեղություններ:



Հայ երեւանցին կմնա միշտ անբախտ ու տարաբախտ, եթե չհամոզվի, որ կյանքը հարատեւ կարգավորելու եւ քաղցրացնելու միակ միջոցը աշխատանքն է:



 

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image