Հասարակություն

«Ձրի ու բարի» ճամբարներում

«Ձրի ու բարի» ճամբարներում

«Հո Ցիրնդորֆի՞ց չես», վախվորած հարցնում են մարդիկ: Սա կրկնելով՝ ընկերս համառոտ պատմում է իր եվրոպական կարճատեւ այցելության մասին: Սկզբում Արեւելյան Եվրոպա, հետո՝ Ֆրանսիա, Բելգիա, վերջապես Գերմանիա՝ Նյուրնբերգ քաղաք, որ աշխարհին հայտնի է իր խաղալիքների թանգարանով: Մի քաղաք, որի հանդեպ առանձնակի թուլություն ուներ Ադոլֆ Հիտլերը, եւ որն էլ դարձավ նացիստների պատժավայրը: «Հո Ցիրնդորֆի՞ց չես»: Ահա Ցիրնդորֆը՝ Նյուրնբերգին մոտ գտնվող փոքր քաղաքը, որի անունը նույնպես կապվում է ռեյխի հետ: Այստեղ է գտնվում «Գերման Գյորինգի կազարման», որը հետագայում օգտագործվում էր ամերիկյան զինվորականների կողմից, այժմ լքված է: Սակայն հիմա քաղաքում «Ցիրնդորֆ» ասելով՝ նկատի ունեն միգրանտների ժամանակավոր ճամբարը, որի հիմնական բնակիչները նախկին Խորհրդային Միության երկրներից արտագաղթած մարդիկ են: Ընկերս, որ Եվրոպա է մեկնել առողջական խնդիրներով, առիթ է ունեցել կարճատեւ լինելու եւ տեսնելու Ցիրնդորֆ ճամբարը:



«Ախպեր, հա՞յ ես»,- աջից-ձախից լսվում է ծանոթ բաղաձայնը: «Հա, հայ եմ»: Երբ նման վայրերում հարցնում են, թե արդյոք հա՞յ ես, սա գուցե երկու բան է նշանակում. առաջինը, որ «տարաբախտ ես, ինչպես հայրենիքը քո», եւ երկրորդը, որ «լավ տեղ ես ընկել: Բայց, իհարկե, հայրենիքից հեռու»: «Ցիրնդորֆում հայեր շատ կան, որ եկել-հանձնվել են, Գերմանիայում ապաստան են փնտրում»: Հեռախոսով մի տղա պատմում է մորը. «Մամ ջան, ամեն ինչ լավ ա, տեղը ձրի, ճաշը ձրի»: «Ձրի տեղն էլ՝ փոքր կամ միջին սենյակ, երկհարկանի մահճակալ, ինչպես բանակում կամ բանտում, ձրի ճաշն էլ՝ մի քանի շերեփ սովորական, շատ սովորական ճաշ»: «Ճամբարում ապաստան խնդրողների մեջ կան դիալիզի ենթակա մի քանի ծանր հիվանդներ, որոնց Հայաստանում օգնություն չեն տրամադրել, ու մարդիկ, այլ տարբերակ չունենալով, ստիպված գնացել են»:



Գաղթյալների ճամբարային այս պատմությունները լսելուց հետո դժվար է հապճեպ կարծիքներ կազմավորել, դժվար է հասկանալ ու չհասկանալ մարդկանց, ովքեր այս կամ այն հանգամանքների բերումով հայտնվել են Եվրոպայի ժամանակակից համակենտրոնացման այս «ձրի ու բարի» ճամբարներում ու հիմա սրտատրոփ սպասում են իրենց գործերի քննությանը՝ հուսալով, որ, ի վերջո, այդ ահռելի գործը գլուխ կգա, եւ իրենք կստանան բնակության թույլտվություն:



Հայաստանը թողնելու, եվրոպական ափերում ավելի բարվոք կյանք գտնելու հարյուրավոր պատճառներ կան, ողբերգական պատճառներ: Ո՞վ կարող է մարդուն մեղադրել չմնալու եւ չմաքառելու համար: Իսկ եթե մեղադրեն, արդյոք ճշմարի՞տ է այդ: Արդյոք դրանով չի՞ ավելանում այս լայնացող խորշը, որ սկզբնադրվեց ու աճեցվեց իշխանության կողմից, ապա փոխանցվեց դրսում ու ներսում ապրող մերերկրացիներին, որ մոռացության մեջ մեկը մյուսի դեմ է դուրս գալիս: «Այ ախպեր, հո գի՞ժ չես, հե՞տ ես գնում, ցնդե՞լ ես, ի՞նչ Հայաստան»: Վերջում այս տխուր նախադասությունն է հնչում: Եվ պատկերահանվում է այս ոչ ուրախ հոդվածը մի իրականության մասին, որ ամեն ակնթարթ խույս է տալիս մեզնից, երբեք չթողնելով մեր գիտակցական կյանքի սահմանները:



 

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image