Հասարակություն

Քաղաքագրություն. «Էրեբունի-Երեվան» տոնի շուրջ

Քաղաքագրություն. «Էրեբունի-Երեվան» տոնի շուրջ

Այս տարի «Էրեբունի-Երեւան» տոնի շուրջ բավականին խոսքուզրույց եղավ, նույնիսկ ասուլիսներ հրավիրվեցին, հնչեցին տարատեսակ կարծիքներ: Մի մասը կտրականապես դեմ է, որ քաղաքի տոնը նշվի հենց այս պահին, երբ սահմանի վրա լարվածություն կա, երբ զոհվել են զինվորներ: Ասում են, որ դրանով նսեմանում է նրանց հիշատակը: Մի մասը դեմ է միջոցառման վրա խոշոր գումարներ վատնելուն: Աղքատության բարձր ցուցանիշ ունեցող մի երկիր, որի տնտեսությունն օր օրի ճաքեր է տալիս, որը հազարումի հրատապ խնդիր ունի լուծելու, չի կարող իրեն այսպիսի շռայլություն թույլ տալ: Այն, որ փուչիկների, փայլերի, պաստառների ու հրավառությունների վրա ծախսվում են մեծ գումարներ՝ անմտություն ու տհասություն է: Բայց այս իշխանությունների օրոք ե՞րբ այդպես չի եղել:



Ե՞րբ են հրավառությունները, փուչիկները, քեֆ-ուրախությունները պակասել ՀՀԿ-ի շարքերից: Նույնիսկ աննշան առիթի դեպքում ե՞րբ չեն նրանք նստել ուտելիքի ու խմելքի տռփամոլությունից պայթող սեղանների շուրջ: Այս իսկությունները ոչ մեկի համար անակնկալ չեն:



Եվ հաջորդը: Սահմանի վրա լարված է, ամեն ժամ խախտվում է հրադադարը, զոհվում են մեր զինվորները: Յուրաքանչյուր կորուստ սոսկալի է, ողբերգականորեն ծանր է, բայց արդյոք սգի ու թախծի մեջ առմիշտ պարուրվելով հնարավոր է դիպուկ պայքար մղել, պահել ոգու կորովը, ոգու աշխուժությունը: Պարզ է, որ իրականության մեջ դեմ կանգնելով «Էրեբունի-Երեւան» տոնակատարությանը՝ մենք դեմ ենք կանգնում այս իշխանությանը, դեմ ենք կանգնում նրա ձեռնարկած յուրաքանչյուր գործողությանը, ինչը նվաստները չեն գիտակցում:



Այնուհանդերձ, մյուս կողմից սա մեր քաղաքի տոնն է, սա մեր քաղաքի ավանդույթն է, ձեւավորված մշակույթ, որը ոչ մի մեղավորություն չունի, որ Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանն է, ԱԺ նախագահը Գալուստ Սահակյանն է, որ վարչապետը Հովիկ Աբրահամյանն է, որ ժողովրդական արտիստը Արմենչիկն է, որ ազգին ծառայություններ մատուցելու համար շքանշաններ կրողները կրիմինալ, անգրագետ օլիգարխներն են, եւ այսպես կարելի է անվերջ օրինակներ բերել: Ի՞նչ անի մեր քաղաքի տոնը, որ կրակն է ընկել, որ զոհն է այս ապաշնորհության ու բռնության: Նշանակում է սրանց պատճառով պիտի հրաժարվե՞նք մեր քաղաքի պատմությունից եւ այդ պատմության բնույթից, պիտի փակե՞նք մեր ավանդույթների բերանը, դուռը շրխկացնենք ու գնա՞նք:
Կոստան Զարյանն իր «Անցորդը եւ իր ճամփան» համայնավեպում դարասկզբի Երեւանի վերաբերյալ այսպիսի մի նախադասություն ունի.



«Երեւանը ոչ քաղաք է, ոչ գյուղ»:



Մենք արդեն 21-րդ դարում ենք եւ վաղուց ապրում ենք աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Մեր Քաղաքում, որն իր տոնին իսկապես արժանի է:



 

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image