Հասարակություն

Արվեստը կարող է խաբել, փաստաթուղթը՝ երբեք

Արվեստը կարող է խաբել, փաստաթուղթը՝ երբեք

Այսպիսով, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակակրի անունը հայտնի է՝ ռուսագիր, Ուկրաինայում ծնված ազգությամբ բելառուս Սվետլանա Ալեքսիեւիչ: Նրան մրցանակը շնորհվում է, այսպես ասած՝ ««Պոլիֆոնիկ» ստեղծագործություններում մարդկային տառապանքն ու քաջությունը հավերժացնելու համար»։ 



Այս որոշումը Շվեդական ակադեմիայի հերթական անակնկալն է՝ մի քանի պատճառներով: Նախքան հոկտեմբերի 8-ը, մի շարք հայտնի բուքմեյքերական գրասենյակների ներկայացրած ցանկում Ալեքսիեւիչի անունն առաջին տասնյակում էր: Տարիներ շարունակ նրա անունը հավանական թեկնածուների շարքում արծարծվել է: Վերջին շրջանում Ալեքսիեւիչը բնակվում եւ ստեղծագործում է եվրոպական քաղաքներում, սակայն մրցանակը շնորհելու պահին գտնվում էր Մինսկում: Նա հայտնի է իր «Ուտոպիայի ձայներ» վավերագրությունների շարքով, որի վերջին մասն է «Սեքընդ հենդի ժամանակը» գիրքը:



Շարքի մյուս գործերն են՝ «Պատերազմը կնոջ դեմք չունի», «Ցինկե տղաներ», «Չեռնոբիլյան աղոթք», «Վերջին վկաները»: Նաեւ հեղինակ է «Մահով հմայված» ստեղծագործության: Սվետլանա Ալիքսիեւիչը Խորհրդային Միության ժամանակ եղել է Գրողների միության անդամ, արժանացել Նիկոլայ Օստրովսկու անվան եւ «Լենինյան կոմսոմոլ» մրցանակների: Նա հանդես է գալիս Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի եւ ռուսական քաղաքականության խիստ քննադատությամբ: Ղրիմյան դեպքերից հետո դատապարտել է Ուկրաինայի հանդեպ վարած Վլադիմիր Պուտինի անխոհեմ ու ագրեսիվ քաղաքականությունը: Գրականության հանձնախմբի քարտուղար Սառա Դանիուսը, ներկայացնելով մրցանակակրին, նշեց, որ նա իր գրքերում վեր է հանում խորհրդային եւ հետխորհրդային ժամանակներում ապրող մարդու տառապանքները: Ալեքսիեւիչի գրքերը կիսավավերագրական, լրագրողական բնույթ ունեն: Իր ստեղծագործություններում նա օգտագործում է չեռնոբիլյան աղետի, աֆղանական պատերազմի եւ այլ արհավիրքների վերաբերյալ կուտակած տարատեսակ հարցազրույցներ, վկայություններ, նմուշներ, հիշողություններ: Ի դեպ, սա առաջին դեպքն է, երբ գրականության բնագավառում Նոբելյան մրցանակ է շնորհվում դոկումենտալ լրագրության համար, եւ այն քիչ դեպքերից է, երբ մրցանակ է շնորհվում մի հեղինակի, ով բեղուն գրիչ չունի: Եթե նայենք նախորդ մրցանակակիրների երկերի մատենագրությանը, կտեսնենք, որ գրեթե բոլորը 15-30 գրքի հեղինակ են: Ինչեւէ, մրցանակը տրված է: Սա նաեւ հրաշալի առիթ է՝ ծանոթանալու նրա աշխատանքներին: Ալեքսիեւիչն իրեն համարում է ռուսական մշակույթի, ռուսերենի կրող, որով էլ ստեղծագործում է եւ տարածում իր գաղափարները:



«Կենսագրության փոխարեն» էսսեում Ալեքսիեւիչը գրում է. «Ես երկար էի որոնում այն ժանրը, որ կարտահայտեր աշխարհը տեսնելու իմ կերպը… թե ինչպես է կառուցված իմ աչքը, ականջը… Ես ընտրել եմ մարդկային ձայների ժանրը: Իմ գրքերը ես տեսնում եմ, լսում փողոցում, պատուհանի մոտ: Գրքերում մարդիկ կիսվում են իրենց ժամանակի գլխավոր իրադարձությունների մասին՝ պատերազմ, սոցիալիստական կայսրության փլուզում, Չեռնոբիլ… Այսօր, երբ աշխարհը եւ մարդը դարձել են այսքան բազմադեմ ու բազմօրինակ (արվեստն ավելի հաճախ է խոստովանում իր անզորությունը), փաստաթուղթն արվեստում ավելի շատ է կարեւորություն ձեռք բերում, մեր աշխարհի ամբողջական դիմագիծն առանց փաստաթղթի այլեւս պատկերացնելն անհնար է: Այն մեզ մոտեցնում է իրականությանը, որսում է ու պահպանում անցյալի ու ներկայի եղելությունը:



Ավելի քան 20 տարի զբաղվելով վավերագրական նյութերով, գրելով հինգ գիրք՝ ես համոզվում եմ ու կրկնում՝ արվեստը մարդու մեջ շատ բաներ չի ճանաչում, չի կանխագուշակում, ուստի այդ անճանաչելին անհետանում է՝ առանց հետքեր թողնելու:



Սակայն ես չեմ սղագրում փաստերի չոր եւ մերկ պատմություն: Ես զգացմունքների պատմություն եմ գրում: Այն կարելի է ձեւակերպել նաեւ այսպես՝ բաց թողնված, սպրդած պատմություններ… Արվեստը կարող է խաբել, իսկ փաստաթուղթը՝ երբեք… Իմ ամեն գիրքը ես գրում եմ չորսից յոթ տարի, հանդիպում եմ, սղագրում 500-700 մարդկանց զրույցներ…»:
Եվ այսօրինակ նախադասություններով, իր համառոտ ինքնակենսագրականում Ալեքսիեւիչը շարունակում է ներկայացնել, թե ինչու է գրում, թե ինչ է փաստաթուղթը, ինչ է աղետը, ինչ է արվեստը կամ վավերագրությունը: Առաջին անգամ Շվեդական ակադեմիան մրցանակ է շնորհում ոչ թե «ստող» արվեստին, այլ փաստաթղթի հավաստիությանը, իսկ տարիներ առաջ նույն մրցանակին արժանացած պերուացի արձակագիր Մարիո Վարգաս Լյոսան իր նոբելյան բանախոսության մեջ կարդում էր այս տողերը. «Գրականությունը կյանքի կեղծ պատկերումն է եւ, այդուհանդերձ, մեզ օգնում է ավելի լավ հասկանալ այն, կողմնորոշվել այն լաբիրինթոսում, որտեղ ծնվել ենք, որով անցնում ենք ու մեռնում... Ոչինչ այնպիսի անհանգստություն չի սերմանել, այնքան չի շարժել մեր երեւակայությունն ու ցանկությունները, որքան այդ ստերով լի կյանքը, որ ավելացնում ենք մեր ունեցածին գրականության շնորհիվ, որպեսզի մեծ արկածների, ուժեղ կրքերի գլխավոր հերոսը լինենք, որ իրական կյանքը երբեք չի տա մեզ: Գրականության ստերը մեր՝ վերափոխված, տենչերով վարակված ընթերցողներիս միջոցով են իրական դառնում, նաեւ երեւակայության մեղքով՝ մշտական կասկածի մեջ գորշ իրականության հանդեպ»:



 

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image