Հասարակություն

Քաղաքագրություն. կրկնվող գաղափարների քաղաք

Քաղաքագրություն. կրկնվող գաղափարների քաղաք

««Էրեբունի Երեւան»-ի առաջին պաշտոնական տոնակատարությունն անցկացվել է 1968թ. հոկտեմբերին. նշվում էր մեր մայրաքաղաքի հիմնադրման 2750-րդ տարեդարձը։ Հոբելյանական հանդիսությունները տեւեցին մոտ մեկ շաբաթ։ Միջոցառումները շատ էին, բազմազան ու բովանդակալից. հրատարակվեցին Երեւանի պատմությունը ներկայացնող նոր գրքեր, էկրան բարձրացան Երեւանի առօրյան արտացոլող նոր ֆիլմեր, բացվեցին ցուցահանդեսներ, ստեղծվեցին Երեւանի մասին նոր երգեր, թողարկվեցին բազմապիսի հոբելյանական հուշանվերներ, որոնք այժմ էլ հիշեցնում են այդ շքեղ տոնակատարության մասին»:



Այս մեջբերումը Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից է: Խորհրդային Հայաստանում «Էրեբունի-Երեւան» տոնակատարություններն անցկացվում էին տվյալ ժամանակաշրջանին բնորոշ հատկանիշներով՝ ե՛ւ փայտե սուրը ձեռքին Արգիշտի արքայով, ե՛ւ ազգային հանդերձներով, նույն աղուհացով. «Քաղաքի հրապարակներում, պողոտաներում, այգիներում, պուրակներում ու փողոցներում պատրաստված բեմահարթակների վրա մի քանի օր շարունակվում էին արվեստի խմբերի համերգները, երգի ու ցնծության հանդեսները»…



1968 թվից քիչ տարիներ չեն անցել: Խորհրդային կարգերը վաղուց ասպարեզից հեռացել են, սակայն «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների բնույթը հիշեցնում է անցյալի այդ հնավանդությունը: Նույն Արգիշտի արքան՝ Արգիշտի արքայի նույն դեմքով նույն փայտե սուրը, փայտե սրի նույն տրտմությունը, եւ այսպես շարունակ:



Տոնական տեսքի բերված քաղաքը ոչ մի ուշագրավ դետալով, ոչ մի թարմությամբ այլեւս հետաքրքրական չէ: Լույսերը, փուչիկները, դրոշակները, պաստառների ձեւավորումը, դրանց ուղենիշները, ցուցանակները, ամեն ինչ հիշատակում է լոկ անցած տարիների կրկնությունը:



Շարունակ քաղաքապետարանում ձեւավորվող հանձնաժողովները ոչ մի հետաքրքիր եւ որեւէ այլական ասելիք չունեն: Ակնհայտ է, որ նոր գաղափարների ճգնաժամը հաղթահարվում է հնի սահուն կրկնությամբ: Քաղաքապետարանում մոռանում են, որ Արգիշտի արքային իր փայտե սրով ու կառքով թատերաբեմ բարձրացնելը, տարատեսակ համերգներ, ծափիկներ ու հրավառություններ կազմակերպելը դեռ ավանդույթ չէ (թեպետ տոտալ ավանդույթ է դատարկ սնապարծությունը, թե, տեսեք՝ աշխարհի ամենահին քաղաքն ունենք):



Այնուհանդերձ, զարմանալու առիթ չկա, եթե անգամ քաղաքապետարանը որոշեր ցույց տալ «աշխարհի ամենահին» Երեւանը՝ ձախողելու էր կամ ահռելի գումարներ էր ծախսելու՝ դրսից բերել տալով հնեաբանների, որոնք գուցե ինչ-որ անհավանական վայրից երեք հազար տարեկան քարի կամ կոշիկի կտոր պեղեին ու բնակիչներին համոզեին, որ ամեն ինչ դեռ գլխովին ջնջված չէ, որ հնության անհերքելի ապացույցներ կան, որ, իսկապես՝ Երեւանը հին է, նույնիսկ Երկիր մոլորակից:



Արամ
ՊԱՉՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image