Հասարակություն

Որտեղ փող կա, մարդկանց աչքերը կուրանում են

Որտեղ փող կա, մարդկանց աչքերը կուրանում են

Դեռեւս 1980 թվականին «Գարուն» ամսագրում հրապարակած «Շնող» ակնարկում ժամանակակից արձակագիր, հրապարակախոս Լեւոն Ջավախյանը բարձրացնում էր էկոլոգիական խնդրահարույց հարցեր, որոնք առկա էին դեռ խորհրդային ժամանակներում: Այսօր էկոլոգիական աղետը մոլորակի համար հրատապ եւ, ցավոք, անլուծելի խնդիրներից մեկն է, եւ այս կապակցությամբ հանդես են գալիս ու իրենց մտահոգությունները բարձրաձայնում ոչ միայն գիտնականներ, այլեւ արվեստի աշխարհի մարդիկ՝ նկարիչներ, երաժիշտներ, գրողներ: 



Երեկ «Հայելի» ակումբի մամլո ասուլիսում հենց էկոլոգիական հնարավոր աղետի մասին էին խոսում Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը եւ արձակագիր Լեւոն Ջավախյանը, որը միշտ աչալրջորեն հետեւում է ու արձագանքում պետության առջեւ ծառացած ամենասուր հարցերին: Գրողն իր մտահոգությունը հայտնեց՝ ընդգծելով, որ Լոռվա մարզի բնությունը, կապված անխնա եւ կույր հանքարդյունաբերության հետ, իսպառ ոչնչացման վտանգի տակ է: Հիմա էլ Ծաղկաշատ գյուղում եւ մերձակայքում փորձ է արվում ուրանի հետազոտություն անցկացնել, իսկ սա նշանակում է բնության վերջնական անապատացում, սոսկալի հիվանդություններ ու քաոս: Ծնունդով լոռեցի Լեւոն Ջավախյանը պատմեց Ալավերդի քաղաքի անհույս վիճակի մասին, թե որքան անպաշտպան են քաղաքացիները տարատեսակ, անհասկանալի հիվանդությունների առջեւ, որոնց իրական պատճառները պիտի հանքարդյունաբերության ոլորտում փնտրել։



«Փողի առաջ խաղ չկա, այնտեղ, որտեղ փող կա, մարդկանց աչքերը կուրանում են, ականջները՝ խլանում»,- նշեց Լ. Ջավախյանը՝ ավելացնելով, որ ինքը հույս չունի, թե այս հարցը լավ ավարտ կունենա:



Ուրանն սպիտակ, արծաթափայլ գույն ունեցող կռելի մետաղ է։ Այն դեռեւս վաղուց օգտագործվել է մարդկանց կողմից։ Այս քիմիական տարրը մեծ նշանակություն ունի. 20-րդ դարի բոլոր խոշոր հայտնագործությունների «մասնակիցն» է, դարձել է միջուկային ֆիզիկայի եւ ատոմային էներգետիկայի հիմքը, հսկայական քանակությամբ էներգիա անջատելու հատկության շնորհիվ ձեռք է բերել ռազմավարական նշանակություն, ինչը մեծ ազդեցություն ունի նաեւ միջազգային քաղաքականության վրա։ Հիշենք, որ հենց ուրանից է պատրաստվել 1945թ. ճապոնական Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների վրա նետված (աշխարհում առաջին անգամ) ատոմային ռումբը։



Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը նշեց, որ եթե ռեալ նայենք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ սպառնալիքներ կան, ապա դրանցից առաջնայինը, որը կարող է անապատացնել երկիրը, միջուկային էներգետիկան է: Ըստ Հ. Սանասարյանի, մեր երկրի համար հաջորդ մեծածավալ սպառնալիքն ու աղետը կարող է գենետիկորեն մոդիֆիկացված սննդամթերքը լինել:



 

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image