Ամեն օր համացանցից օգտվելով՝ ինչքանո՞վ ենք մենք վերահսկում սեփական գործողությունների ընթացքը, ինչքանո՞վ ենք ինքներս մեզ համար օգտավետ տեղեկատվություն վերցնում, ո՞ր պահից սկսած ենք օգտատերից վերածվում աղբահավաքի:
Ամեն օր մոտավորապես չորս միլիարդ մարդ օգտվում է Youtube.com կայքից, տեղադրում տեսահոլովակներ, ձայնագրություններ, գովազդներ՝ կիսվում ընկերների հետ: Բռնության ակնհայտ տեսարանների, պոռնոգրաֆիկ բնույթի հոլովակների հանդեպ կայքը, այսպես ասած, «խիստ» քաղաքականություն է որդեգրել, եւ նմանատիպ երեւումները կարճ ժամանակահատվածում չեզոքացվում են: Սակայն հիմա էլ եթե հանձն առնենք փորփրել Youtube-ի լաբիրինթոսը, կգտնենք բռնության տեսարաններով հազարավոր ձայնագրություններ, որոնք չեն հեռացվել միայն այն պատճառաբանությամբ, որ դրանք անուղղակի են, մի փոքր ավելի մեղմ: Բռնությունների տեսաձայնագրումն ու դրանց անօրինական տարածումն այսօր լրջագույն խնդիրներից մեկն է, որի ընթացքը կասեցնել՝ կնշանակի հրաժարվել միլիոնավոր դիտումներից եւ, իհարկե, ահռելի գումարներից:
Այնպիսի տպավորություն է, որ կուլիսներում Youtube.com-ը քաջալերում է դրանց հայտնությունը, սակայն երեսանց ցույց է տալիս, թե անողոք պայքար է մղում:
Սրանից բացի, Youtube կայքում տեղադրվում են հազարավոր անորակ, բոլոր իմաստներից զուրկ, անտրամաբանական ու շիզոիդ բնույթի տեսահոլովակներ, որոնց ամեն օր հնարավոր է բախվել նույնիսկ ակամա, ուրիշ բաներ որոնելու արդյունքում: Սեփական փորձից ելնելով կարող եմ ասել, որ ինձ հետաքրքրող տեսաձայնագրություններ դիտելուց հետո, ինչ-որ որոնումների արդյունքում, սկսել եմ լրիվ այլ հոլովակներ դիտել՝ անկախ իմ կամքից ավելացնելով դրանց դիտումների քանակն ու դառնալով հիմարության ունկնդիր:
Հիմարություն ունկնդրելը... այս գործընթացը գուցե իր խորքում հմայիչ ու արկածային հատկանիշներ է պարունակում՝ մարդկային պարզ հետաքրքրասիրություն, որին ինչ-որ կերպ բավարարել է պետք: Եվ այս պարագայում արդեն էական էլ չէ, թե տեսաձայնագրությունն ինչ բովանդակություն ունի: Սա թակարդ է: Տիեզերական սարդոստայնը, որ հյուսել է Youtube-ը՝ անխտիր բոլորի համար: Անհնար է գոնե մեկ անգամ չխճճվել այդ սարդոստայնում եւ դուրս գալ առանց կորուստների: Իսկ հիմնական կորուստը ժամանակն է:
Youtube-ում րոպեները ժամերի են վերածվում, ժամերը՝ օրերի: Խորանալով դիտումների մեջ, որոշակի էքստազ ապրելով, թվում է՝ գիտակցությունդ այլեւս ունակ չէ վերցնելու կարեւորը, տրամաբանվածը, պիտանին, ու ստանձնում է աղբահավաքի դեր: Եվ աղբը նույնպես մարդուց մշակման առանձին ակտ է պահանջում: