Մշակույթ

Քաղաքագրություն. Ճիզվիտները Երեւանում

Քաղաքագրություն. Ճիզվիտները Երեւանում

Ճիզվիտների համար Երեւանում հաստատվելն ուներ հատուկ նշանակություն։ Նրանք այստեղից հույս ունեին իրենց ազդեցությունը տարածել հայոց կաթողիկոսի վրա եւ նրան սուտ խոստումներ տալով՝ վերջ տալ հայոց «հերձվածող» եկեղեցու գոյությանը՝ այն ենթարկելով կաթոլիկ եկեղեցու գերագույն տնօրինությանը։ Երեւանում հաստատվելու համար կաթոլիկ քարոզիչները նախեւառաջ պարսից իշխանություններից պետք է ստանային իրավունք, որը ձեռք է բերվում ֆրանսիական Լուի ԺԴ թագավորի հանձնարարական նամակներն ու թանկագին նվերները շահին հանձնվելուց հետո։



Ճիզվիտները Երեւանում հաստատվել են Շահ-Աբաս II-ի օրոք, երբ Ամենայն հայոց կաթողիկոսը Հակոբն էր, իսկ Երեւանի խանը՝ Աբաս-Ղուլին, փոխարինելով Նաջաֆ-Ղուլուն։ Առաջին ճիզվիտ քարոզիչը Երեւանում եղել է Լոնժոն, որը փորձել է ծանոթություն հաստատել կաթողիկոսի հետ, բայց Էջմիածնի դռները փակվել են նրա առջեւ։ Զաքարիա Սարկավագն ու Զաքարիա Ագուլեցին Լոնժոյին հիշատակում են Օնոփրիոս անունով եւ բավական մանրամասնությամբ պատմում նրա քարոզչական գործունեության մասին։



Զաքարիա Սարկավագի ասելով, երբ ճիզվիտ քարոզիչը կաթողիկոսի կողմից հանդիպում է թշնամական վերաբերմունքի, հայերից ունեցած իր փոքրաթիվ կողմնակիցների հետ միասին դավեր է լարում նրա դեմ։ Իսկ Զաքարիա Ագուլեցու հիշատակությունից երեւում է, որ Հակոբ կաթողիկոսի եւ Օնոփրիոսի հարաբերություններն ուղղակի թշնամական էին…



Լոնժոյի փոխարեն նույն դարի 80-ական թվականներին, Զալ-խանի օրոք Սպահանից Երեւան է շտապում հ. Ռուն եւ իր ձեռքն առնում քարոզչական ղեկը։ Սակայն սա էլ երկար չի ապրում։ Երեւան գալուց երկու տարի անց նա մահանում է եւ Եղիազար կաթողիկոսի միջնորդությամբ թաղվում հայոց գերեզմանատանը։ Հայոց կաթողիկոսի եւ ճիզվիտ քարոզիչների այս մերձեցումն սկսվել էր նախորդ՝ Հակոբ կաթողիկոսի օրոք, երբ Երեւանում քարոզչական գործի գլուխ կանգնել էր Ռուն, որին նա նույնիսկ թույլատրել էր «պատարագել եւ քարոզել հայոց եկեղեցիներում»։ Մահացած հ. Ռուին հաջորդել է Դյուպույին, որը դարձյալ հիսուսյան քարոզիչներից էր։ Կաթոլիկ քարոզիչների նկատմամբ Հակոբ եւ Եղիազար կաթողիկոսների ունեցած որոշ բարեկամական վերաբերմունքը բացատրվում է նրանով, որ հայոց կաթողիկոսները կարծում էին, թե կաթոլիկության հետ միանալով՝ հնարավոր կլիներ ստանալ Հռոմի պապի եւ եվրոպական երկրների օգնությունը՝ Հայաստանն ազատագրելու համար։ Սակայն այդ բոլորը միայն երազներ էին։



Արեւմտյան Եվրոպայի ոչ մի երկիր, բացի իր քաղաքական ու տնտեսական շահերից, արեւելյան բռնապետության լծի տակ հեծող ժողովուրդներին ազատագրելու ոչ մի մտադրություն չուներ։ Նրանք իրենց այդ նպատակին հասնելու միջոցներից մեկը համարում էին կաթոլիկության տարածումը, որին ուղեկցելու էին քաղաքական ազդեցությունն ու տնտեսական շահագործումը։ Անվերապահորեն կարելի է ընդունել Լեոյի հետեւյալ խոսքերը. «...միամտություն կլիներ կարծել, թե ֆրանսիական արքունիքն իր գործոն քաղաքականությամբ միայն հոգեւոր նպատակներ էր հետապնդում Արեւելքում։



Եկեղեցի, երկինք, հոգու փրկություն, ուղղափառ դավանություն, աստված ու նրա հունձը - սրանք բոլորը շպարներ էին, արտաքին խաբուսիկ փայլեր։ Կենտրոնում կանգնածը, իրականը, որ հզոր ու կարգադրող էր ամեն տեղ եւ ամեն ժամանակ, նյութական շահն էր, վաճառականի հաշիվը»։



…Հայերն այդ ամենադաժան ժամանակներում ու պայմաններում տոկացել ու պայքարել են իրենց եկեղեցու եւ ազգային ինքնուրույն գոյության համար։ «Չի կարելի Շարդենի հետ միասին չզարմանալ հայերի կայունության եւ հերոսության համար,- գրում է Գ. Ա. Էզովը,- ինչպես են նրանք կանգնել ընդդեմ գայթակղությունների եւ բռնությունների։ Այդպիսի ծանր պայմաններում, բնականաբար, կեղեքվող քրիստոնյաների հայացքներն ուղղված էին դեպի Եվրոպայի քրիստոնեական թագավորները եւ այնտեղից օգնություն ու պաշտպանություն էին սպասում։ Քարոզիչները, ունենալով մի նպատակ՝ հայերի ենթարկումը պապական իշխանությանը, նրանց հավատացնում էին, որ եվրոպական թագավորները պապին չեն մերժի, եթե նա նրանց խնդրի հայերին ազատագրելու մասին, բայց, որպեսզի ձեռք բերվի պապի հովանավորությունը, անհրաժեշտ է ընդունել նրա ղեկավարությունն իր եկեղեցու վրա. ահա այն կախարդական շրջանը, որի մեջ քարոզիչները պտտում էին հայերին... կաթոլիկ քարոզիչների նպատակը հայկական ինքնուրույն եկեղեցու վերացումն էր, պապական հոգեւոր եւ արեւմտա-եվրոպական պետությունների քաղաքական ու տնտեսական ազդեցության տարածումը Հայաստանում։



Հետագայի պատմական իրադարձությունները ցույց տվեցին, որ նրանք ոչ մի առնչություն եւ ցանկություն չունեին հայ ժողովրդին ազատագրելու արեւելյան բռնապետության լծից։



Երեւան քաղաքի պատմությունը

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով...

×
Gallery Image