Այլ

Ահաբեկչության աշխարհը

Ահաբեկչության աշխարհը

Այսպիսով, Ռուսաստանը պաշտոնապես հայտարարեց՝ Սինայի թերակղզում A321 ինքնաթիռի կործանման պատճառն ահաբեկչությունն է: Մեկ կիլոգրամ քաշով ինքնաշեն պայթուցիկ սարքը, որ գործի է դրվել 10 հազար մետր բարձրության վրա, վայրկյանների ընթացքում մասերի բաժանելով՝ կործանել է ինքնաթիռը՝ անձնակազմին որեւէ բան ձեռնարկելու հնարավորություն չթողնելով: 



Հերթական մասշտաբային ահաբեկչությունը, որն իր վրա է վերցրել «Իսլամական պետությունը», որպես վրեժի դրսեւորում Սիրիայում ռուսական օդուժի կողմից իրականացվող ռմբակոծությունների, խլեց 224 մարդկային կյանք:



Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին. «Մենք ոչինչ եւ ոչ ոքի չենք մոռացել: Մարդկանց սպանությունը Սինայում զոհերի քանակով ամենաարյունալիներից է, դա մեզ հետ կմնա ընդմիշտ, մեզ կօգնի գտնել եւ պատժել հանցագործներին: Մենք պետք է դա անենք առանց վաղեմության ժամկետի, նրանց բոլորին անվանական պետք է իմանանք:



Մենք նրանց ամենուր ենք փնտրելու, նրանց կգտնենք երկրագնդի ցանկացած կետում եւ կպատժենք… Մեր ռազմական գործողությունները Սիրիայում չպետք է ուղղակի շարունակվեն: Դրանք պետք է խստանան այնպես, որ հանցագործները հասկանան, որ հատուցումն անխուսափելի է»:



Ահաբեկչության հաստատված փաստը եգիպտական ներկա իշխանության եւ առհասարակ ողջ երկրի տնտեսության ու վարկանիշի համար, միանշանակ, աղետալի հետեւանքներ է ունենալու: Եվրոպական առաջատար երկրների ղեկավարները կասեցնում են Եգիպտոս մեկնող ինքնաթիռների չվերթները, զբոսաշրջիկներին խորհուրդ չեն տալիս մեկնել այդ երկիր՝ նշելով, որ այնտեղ չեն կարող լիարժեք ապահովել քաղաքացիների անվտանգությունը: Չի բացառվում, որ այս ողբերգական դեպքի իսկությունը վատթարացնի Ռուսաստան-Եգիպտոս պաշտոնական հարաբերությունները: Ինչպես ասում են, դրա դեմն առնելու համար այժմ Եգիպտոսի իշխանությունը պիտի ձեռնարկի ամեն ինչ, որպեսզի բացահայտի հանցագործությունը եւ աշխարհին ցույց տա իր կողմից ահաբեկչության բացահայտման ակնհայտ շահագրգռվածություն: Այսուհետ մոլորակի յուրաքանչյուր սթափ բնակիչ Եգիպտոսում արձակուրդ անցկացնելու միտքն ինքն իր մեջ պիտի ծանրութեթեւ անի՝ հաշվի առնելով ինքնաթիռի հետ տեղի ունեցած պատահարը, որ կարող է կրկնվել:



Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրեց Սիրիայում ավելի խստացնել ռազմական գործողությունները, որպեսզի հանցագործները հասկանան՝ հատուցումն անխուսափելի է: Սա նշանակում է նաեւ, որ ահաբեկիչները եւս ձեռքները ծալած չեն նստելու, եւ սպասելի են նոր պայթյուններ, ինչպես Ֆրանսիայի դեպքում, երբ իշխանությունը հայտարարում է, թե ավելի խիստ միջոցներ է կիրառելու ընդդեմ ահաբեկչության եւ ապօրինի միգրացիայի: Մարդկային կյանքն ահաբեկչության աշխարհում այլեւս զրկված է իր արտաքին եւ ներքին արժեքից, եւ, ցավոք, այսօր յուրաքանչյուր ոք կարող է զոհ գնալ այս աշխարհի մոլագար «տրամաբանությանը»:



 



 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով...

×
Gallery Image